Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-048-06.03.2019-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքը լրացնել նոր՝ 4.1-րդ հոդվածով.

«Հոդված 4.1 Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին :»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՒ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նկատի ունենալով հայկական կինոյի շուրջ հարյուրամյա պատմության եւ հայկական հարուստ կինոժառանգության կարեւորությունը, հայկական կինոն դիտարկելով որպես ազգային մշակութային հարստության կարեւորագույն մաս, մեծ նշանակություն տալով մշակույթի այդ բաղադրիչով ժամանակակից աշխարհին ներկայանալու, Հայ կինոմշակույթը հանրայնացնելու խնդրին, ինչպես նաեւ` հայ կինոգործիչների մեծ ներդրումը հայ մշակույթում արժեւորելու, երիտասարդ սերնդի կապվածությունը կինոարվեստի հետ խթանելու, կինոարվեստը հանրայնացնելու, կինոարվեստին մեծ մասսայականություն հաղորդելու նպատակով առաջարկում եմ ապրիլի 16-ը հռչակել որպես հայ կինոյի օր: Առաջարկվող օրենքի նախագծով ապրիլի 16-ը որպես հայ կինոյի օր նշելու օրն ընտրված է այն հիմնավորմամբ, որ 1923 թվականի ապրիլի 16-ին է հիմնվել «Պետկինոն»։ «Պետկինոն» է եղել առաջին հայկական կինոկառույցը, որի ջանքերով ստեղծվել են հայկական կինոժառանգության առաջին պատմական նմուշները ՝ Համո Բեկնազարյանի «Նամուս», «Զարե», «Խասփուշ», «Շորն ու Շորշորը» եւ այլ համր ֆիլմերը, որոնք այսօր համաշխարհային կինոժառանգության մաս են: 1923 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ ստեղծված Պետկինոյում է ծնվել նաեւ առաջին հայկական հնչուն կինոն՝ Համո Բեկնազարյանի «Պեպոն» եւ այլն: Միայն 1966 թվականին է Պետկինոն վերանվանվել «Հայֆիլմ» կինոստուդիայի: Արդեն տարիներ շարունակ ապրիլի 16-ը հայկական կինոյում ընդունված է համարել հայ կինոյի օր, եւ ես առաջարկում եմ այն ամրագրել օրենքով:

Հայաստանի Ազգային Կինոակադեմիան հենց ապրիլի 16-ին է անցկացնում հայ կինոյի միակ ՝ «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որը նույնպես մեծ խթան է հայ կինոյի հանրայնացման գործում: Հայկական կինոկազմակերպություններն ապրիլի 16-ին են իրականացնում տարբեր միջոցառումներ՝ որոնք ուղղված են հայկական կինոյի հանրայնացմանը:

Նշեմ նաեւ, որ օրենքի նախագծի ընդունմանն իրենց աջակցությունն են հայտնել Հայկական մի շարք կինոկազմակերպություններ՝Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունը, Ազգային կինոակադեմիան, Ազգային կինոկենտրոնը, կինոլրագրողների եւ կինոքննադատների ասոցիացիան, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, «Երիտասարդների կինոալիքը»:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ






«05» մարտի 2019թ.

ՀՀ ԱԶԳԱՅՆԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

Համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նաիրա Զոհրաբյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:



Հարգանքով՝ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ