Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0492-07.03.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 42-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հայտարարագրի՝ «Մասնակցությունը առեւտրային կազմակերպություններում» բաժնում նշվում են կազմակերպության անվանումը, որի հիմնադիր են հանդիսանում կամ որի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեն հայտարարատու պաշտոնատար անձը եւ (կամ) նրա ընտանիքի անդամները կազմակերպությունում ունեցած մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) քանակը, տոկոսը, ձեռքբերման օրը, ամիսը, տարին, կամ որի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց իրավասու է նշանակել կամ ազատել հայտարարատու պաշտոնատար անձը եւ (կամ) նրա ընտանիքի անդամները, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն»:

2) 2-րդ մասում «հայտարարատու պաշտոնատար անձը» բառերից հետո լրացնել «եւ (կամ) նրա ընտանիքի անդամները» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը հաստատվեց 2017 թվականի մարտի 9-ին՝ Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստում: Խորհրդի որոշման մեջ սահմանվեցին Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման վերջնաժամկետները, որոնցից մեկը վերաբերում էր հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման համար իրականացվող քայլերի ճանապարհային քարտեզի հաստատմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2018 թվականի մարտի 29-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 12 արձանագրային որոշումը:

Նշյալ որոշմամբ հաստատված հավելվածում, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, իրական սեփականատերերի թափանցիկությունն ապահովող իրավական եւ ինստիտուցիոնալ դաշտի ձեւավորման շրջանակներում նախատեսվել էր նաեւ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, ինչպես նաեւ այլ օրենքներում (մասնավորապես՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք եւ այլն) փոփոխությունների նախագծերի փաթեթի սահմանված կարգով ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշություն է առաջացել իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները եւ իրական սեփականատերերի գրանցման կարգը սահմանել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, իսկ Հայաստանի Հանրապետության ընդերքի օրենսգրքում սահմանել դրույթներ՝ իրական սեփականատերերին բացահայտելու պարտականության եւ համապատասխանաբար չբացահայտելու դեպքում պատասխանատվության կիրառման վերաբերյալ:

Միաժամանակ, միջազգային փորձի ուսումնասիրությունից բխում է, որ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց կողմից իրավաբանական անձին տիրապետելու կամ վերահսկելու դեպքում իրական սեփականատեր լինելու հանգամանքը չպետք է կախվածության մեջ դրվի հսկողության մակարդակից եւ մասնակցության չափից: Մինչդեռ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականության համար անհրաժեշտ է կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս մասնակցություն: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի տվյալ հոդվածները համապատասխանեցնել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանված կարգավորումներին:

2. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով նաեւ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Ստուգման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց (բացառությամբ՝ քննիչների) եւ վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին:

Նախագծով սահմանվել են նաեւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ իրավաբանական անձ- ֆիզիկական անձ փոխկապակցվածության դեպքերը:

Առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Վերոնշյալ նախագծով կարգավորվել են նաեւ իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու եւ գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները:

Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն անկախ իրավաբանական անձին բաժնեմասնակցության չափից:

Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման եւ դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաեւ իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի՝ լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր ձեւերի վրա, ինչ հիմք է հանդիսացել նախագծում լրացնելու երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժման հիմքեր:

Միաժամանակ նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված իրավական ակտերը, իսկ նախագծով սահմանված հասկացությունները բխում են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրական սեփականատերերին առնչվող չափանիշներից:

3. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների, Վարչապետի աշխատակազմի ԱՃԹՆ-ի ազգային քարտուղարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտ միջոցառումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում:

4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծերի ընդունումը կհանգեցնի ոլորտային օրենսդրական համապարփակ կարգավորումների ամրագրմանը, ինչպես նաեւ կնպաստի իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

21 փետրվարի 2019 թվականի N 117-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. փետրվարի 25
Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 117-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 117-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը:


Հարգանքով՝
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ