Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-057-11.03.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից:»

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից:»

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում  «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական» բառերը փոխարինել «Կառավարության սահմանած նվազագույն» բառերով:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում  «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական» բառերը փոխարինել «Կառավարության սահմանած նվազագույն» բառերով:

Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 10-րդ մասում, 36-րդ հոդվածի 5-րդ մասում «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:

Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Թաղման նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ թաղման նպաստի չափը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 7. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում հրապարկման օրվան հաջորդող օրվանից եւ տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից մեկը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ (պարենային) աղքատությունը հաղթահարելն է:

2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497394, որից. աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (Ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ:

Համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2017» հրապարակման (http://armstat.am/am/?nid=82&id=1988)` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ:

Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ:

Հաշվի առնելով կենսաթոշակառուների թվի ավելացման միտումները՝ 2019 թվականին պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կանխատեսվում է 17640, որից.

1) 0-ից 12 տարվա ստաժ ունեցող տարիքային կենսաթոշակառուներ՝ 4096,

2) 0-ից 26 տարվա ստաժ ունեցող` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակառուներ՝ 52160,

3) 0-ից 6 տարվա ստաժ ունեցող՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 146,

4) 0-ից 8 տարվա ստաժ ունեցող՝ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 1839,

5) 0-ից 12 տարվա ստաժ ունեցող՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 6343:

2019 թվականին պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր կլինի նաեւ.

1) 524 անձի` Ծառայությունից տրվող հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (վճարվում է խորհրդային բանակի զինվորական հաշմանդամներին, ովքեր ունեն հաշմանդամության 3-րդ խումբ),

2) 3448 անձի` ուժային մարմիններից տրվող հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը (հիմնականում` երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող շարքային կազմի պարտադիր ժակետային զինծառայողներ, շարքային կազմի զոհված եւ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներ):

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածները եւ կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նախ նվազեցնելու նպատակադրումը՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ:

Առաջարկվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքներով կենսաթոշակի իրավունքի իրացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու լիազորությունը վերապահված է Կառավարությանը, իսկ այդ օրենքների կիրարկման կարգերում հղում է կատարված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմանը, որով, նախկին իրավակարգավորումների համաձայն, արդեն իսկ սահմանված են այդ ցանկերը, նպատակահարմար է համապատասխան փոփոխություններ կատարել միայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, ոչ թե մի շարք օրենքներում եւ Կառավարության որոշումներում:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից:

Ընդ որում, ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում կատարված հաշվարկներում 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով):

Ըստ այդմ, սահմանվել է, որ oրենքի գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

Սա նշանակում է, որ 2019թ. հունվարից հետո ընդունվելու դեպքում 2019թ հունվարին եւ դրանց հետո վճարված կենսաթոշակները կվերահաշվարկվեն նոր չափով եւ կենսաթոշակի վճարված եւ վերահաշվարկված գումարների տարբերությունը կվճարվի միանվագ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները:

Ըստ այդմ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները 2019 թվականի հունվարի 1-ից կվճարվեն նվազագույն կենսաթոշակի չափով:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է, օրենքի ընդունումից հետո երեք ամսվա ընթաքում, համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարել ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-ն որոշման մեջ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

29 նոյեմբերի 2018 թվականի  N  1378    - Ա

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ  ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                              Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
2018 թ. դեկտեմբերի 5
Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 115-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29-ի N 1378-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Հարգանքով`          ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ