Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասը «դրանց ապրելավայրին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ չպետք է իրականացվեն դաժան, անմարդկային մեթոդներով, այդ թվում ոչնչացմամբ՝ զենքի կիրառումով: » բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի դ) ենթակետը «եւ խոշտանգումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ զենքի կիրառմամբ ոչնչացումը: »բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետությունում կենդանիների պաշտպանությանն առնչվող օրենսդրությունը խոցելի եւ չկարգավորված ոլորտներից մեկն է:
Տարբեր ժամանակներում մշակվել եւ ներկայացվել են կենդանիների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագծեր, այդ թվում եւ 2016թ-ին իմ կողմից ներկայացվել էր «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ընդ որում, այն ոչ թե փոփոխություն ու լրացում էր գործող նախագծին, այլ մայր օրենք` իր հիմնական հասկացություններով ու կարգավորումներով, բայց, ցավոք, դա նույնպես մնաց միայն թղթի վրա: Իսկ մեր իրականության մեջ ոլորտին վերաբերվող խնդիրները գնալով ոչ միայն չեն լուծվում, այլ՝ աճում են, ինչը պահանջում է հրատապ լուծումներ: Բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման դեպքերը վերջին շրջանում տեղի են ունենում չափազանց դաժան, անմարդկային ձեւերով, հաճախակի անտանելի տեսարաններ առաջացնելով հասարակական վայրերում, շենքերի բակերում եւ այլ տարածքներում, որտեղ գտնվում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում մանկահասակ երեխաներ: Զենքով ոչնչացման բազմաթիվ դեպքեր են լինում, երբ կենդանին վիրավորվում ու դանդաղ տանջամահ լինելով է սատկում, ինչն արձանագրվել է մամուլով:
Գործող օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանն է վերապահված կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործմանն առնչվող գրեթե բոլոր հարցերը, թվում է թե կան կարգավարումներ, որոնք թույլ կտան ավելի մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել կենդանիների հանդեպ, սակայն իրական կյանքում դրանք միշտ չէ, որ գործում են: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ լրացումներ իրականացնել «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կենդանիների քանակի կարգավորման եւ կենդանական աշխարհի պաշտպանության հոդվածներում, օրենքով ամրագրելով կենդանիների նկատմամբ զենքի կիրառման եւ անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
««Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվումեն՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Տիգրան Ուրիխանյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի լրացվող հոդվածների մասին տեղեկանքը։
Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ։
Տիգրան Ուրիխանյան |