Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի hարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 21-րդ տողում
«
2711 21 | սեղմված բնական գազ | 1000 մ3 | 25000 դրամ |
բառերը փոխարինել
«
2711 21 | սեղմված բնական գազ | 1 տոննա | 34000 դրամ |
բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունման նպատակը սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման համար հիմք հանդիսացող չափման միավորի փոփոխությամբ տրանսպորտային միջոցը գազով շահագործող շուրջ 700 հազար սպառողների իրավունքների պաշտպանությունն է եւ այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Խնդիրը կայանում է նրանում, որ թեեւ ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1101-Ն որոշմամբ հաստատված՝ ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման եւ շահագործման նվազագույն պահանջները սահմանող տեխնիկական կանոնակարգի 87-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման բաշխիչ աշտարակները պետք է վաճառված գազի քանակության չափումն իրականացնեն կիլոգրամներով, այդուհանդերձ, հաշվի առնելով այն, որ ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համար կիրառվում է խորանարդ մետրի չափման միավորը, վաճառված գազի քանակության չափումն իրականացվում է խորանարդ մետրերով՝ բաշխիչ աշտարակում առկա ստուգաչափման ենթակա գազի կշիռը որոշող չափման միջոցի ցուցմունքը բազմապատկելով գազի խտությամբ պայմանավորված գործակցով, որի տվյալը էլեկտրոնային հանգույցի միջոցով մուտքագրում է գազալցակայան շահագործող տնտեսվարող սուբյուկտը: Ստեղծված իրավիճակում մի կողմից ձեւավորվում են սպառողների իրավունքների խախտման ռիսկեր՝ կապված ձեռք բերվող սեղմված բնական գազի ծավալի ճիշտ չափման հետ, իսկ մյուս կողմից բարդանում է այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարությունը:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաեւ ակցիզային հարկի դրույքաչափը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի եւ 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ): Այս պարագայում 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34000 դրամ:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման բազան է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պաշտպանել տրանսպորտային միջոցը գազով շահագործող շուրջ 700 հազար սպառողների իրավունքները եւ զուգահեռաբար բարձրացնել այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետությունը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 2019 թվականի N 110-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. փետրվարի 21
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 110-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Հարգանքով` |
|
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |