Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-062-19.03.2019-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«երաշտ՝ տեղումների երկարատեւ բացակայությամբ օդի բարձր ջերմաստիճանի  եւ խոնավության նվազեցման հետ համատեղ օդերեւութաբանական գործոնների համալիր, որը հանգեցնում է բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը եւ դրանց ոչնչացմանը.

սակավաջրություն՝ իրավիճակ, որը սահմանվում է հիմք ընդունելով տվյալ  հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, եւ երբ ըստ բազմամյա դիտարկումների տվյալների գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է վաթսունվեց ամբողջ յոթ տոկոսը եւ արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները:»:

Հոդված 2. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրության կամ երաշտի մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը.»:

Հոդված 3. Օրենսգրքի 92-րդ հոդվածի՝

1) վերնագրում եւ 2-րդ մասում «սակավաջրություն եւ երաշտ» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «սակավաջրություն կամ երաշտ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով.

2) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օդերեւութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության կամ երաշտի վերաբերյալ հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի կողմից ներկայացված պաշտոնական տեղեկատվության հիման վրա, ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության լիազոր մարմնի առաջարկությամբ Կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու մասին:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: