Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-063-19.03.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է վարչական իրավախախտում կատարած եւ պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

Հոդված 2. Համաներման կիրառման շրջանակները

1. Վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչեւ 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածով եւ 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից

2. Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ եւ 15.6-րդ կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց ազատել պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվել են պետական տուրքի մայր գումարը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերի, ինչպես նաեւ այդ վարչական իրավախախտումների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման՝ կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորությունների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով դրամական պահանջների հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման՝ կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված եւ մինչեւ 2018 թվականի օգոստոսի 31-ը վարչական իրավախախտումներ կատարած անձանց, անկախ նրանց՝ տուգանքը վճարած լինելու հանգամանքից, սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից համարել վարչական տույժի չենթարկված:

ԳԼՈՒԽ 3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորում

«Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների եւ պետական տուրքի գծով տույժերի համար նախատեսվում է կիրառել համաներում: Մասնավորապես.

1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի զանգվածը գերազանցող տրանսպորտային միջոցների երթեւեկության նկատմամբ 2018թ. մարտի 15-ից մինչեւ ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացվել է վերահսկողություն:

Վերահսկողության ընթացքում կայացվել է 81 վարչական ակտ (ընդհանուր 47.400.000 ՀՀ դրամի չափով): Կայացված ակտերից պետբյուջե մուտքագրվել է 1.900.000 ՀՀ դրամ գումար (9 ընկերություն), իսկ 2 ընկերության նկատմամբ կայացված որոշումը բեկանվել է 300.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով: ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի նիստում հավանության արժանացան «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց ընդունման դեպքում 36-44 տոննա ընդհանուր զանգվածի գերազանցման համար թույլտվություն չի պահանջվելու եւ առանց թույլտվության ծանրաքաշ տրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման համար սահմանված վարչական պատասխանատվության միջոցը նույնպես հանվել է:

2. Նախագծով նախատեսվում է նաեւ առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարներից, ինչպես նաեւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

2016-2018 թվականներին կայացվել են թվով 5078 վարչական ակտեր, որից վճարվել են 2455-ը: Թվով 3623 վարչական ակտերի մասով վարչական հասցեատերերի կողմից վճարումներ չեն կատարվել, ընդհանուր՝ 219 105 000 ՀՀ դրամ:

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց ազատել պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից՝ պետական տուրքի մայր գումարը մարելու դեպքում: 15.01.2019 թվականի դրությամբ ընդհանուր գումարը կազմում է 1 342 211 152 ՀՀ դրամ, որից տուրքը՝ 927 160 504 ՀՀ դրամ, իսկ տույժը՝ 415 050 648 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով վերը նշվածը, ինչպես նաեւ վարչական ակտերի եւ պետական տուքի գծով տույժերի հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու նպատակով՝ նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց ազատել վարչական պատասխանատվությունից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ հայաստանի հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

21 փետրվարի 2019 թվականի N171- Ա

«ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. մարտի 7
Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 171-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Հարգանքով՝
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ