Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-064-20.03.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի Հավելված 1-ում` «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկում ուժը կորցրած ճանաչել 31-րդ եւ 33-րդ կետերը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.

1. Նախագծի մշակումը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված` առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող 2 կազմակերպությունների` հետագայում եւս որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» եւ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու նպատակահարմարությամբ:

Նշված կազմակերպությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունների վերապահման խնդիրը կլուծվի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է չարորակ եւ բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում, ուռուցքաբանական հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաեւ հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում: Հանրապետական նշանակության 500 մահճակալանոց պետական հիվանդանոցը` ունի թե ախտորոշիչ եւ բուժական հնարավորություններ:

Ներկայում «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ հանրապետությունում գործող եւ օնկոլոգիական բուժ. օգնության եւ հսկողության ծառայություններ մատուցող ամենախոշոր եւ բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունն է: Հաշվի առնելով վերջինիս ծավալները, հանրապետությունում օնկոլոգիական հիվանդությունների աճը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ներկայում պոտենցիալ ներդրողներ եւ կազմակերպությունը ձեռքբերողներ առկա չեն, առավել նպատակահարմար է, որ նշված պրոֆիլի եւ ծավալների կազմակերպությունը գործի պետական համակարգում եւ վերջինիս հնարավոր եւ ցանկալի զարգացումները անմիջականորեն համակարգվեն եւ ուղղորդվեն պետության կողմից:

«Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` Կենտրոն) իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես. Կենտրոնը այրվածքային եւ ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 550-600 քաղաքացի: Կենտրոնն իրականացնում է մասնագիտական խորհրդատվություններ Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի բժշկական կենտրոններում, ինչպես նաեւ ապահովում է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողությունը եւ բուժումը: Ներկայում, Կենտրոնում իրականացվում է շուրջ 3000 հիվանդներ շարունակական հսկողություն:

Հաշվի առնելով, որ Կենտրոնն իր պրոֆիլով միակն է ՀՀ-ում, գտնում ենք, որ այն պետք է գործի պետական համակարգում եւ վերջինիս հնարավոր եւ ցանկալի զարգացումները անմիջականորեն համակարգվեն եւ ուղղորդվեն պետության կողմից:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Հաշվի առնելով նշված 2 կազմակերպությունների բացառիկությունը, կարեւորությունը եւ, որոշ դեպքերում, ստրատեգիական նշանակությունը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով ավելի արդյունավեր է, ինչը, միանշանակ, չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը:

Համապատասխան ներդրողների ի հայտ գալու պարագայում, նշված կազմակերպությունների զարգացման հեռանկարներից ելնելով, նախատեսվում է կիրառել «պետություն-մասնավոր ներդրող» համագործակցության ձեւաչափը:

4.Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծի մշակման նպատակը «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» եւ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության համար ավելի շահավետ պայմանների ստեղծումն է, իսկ հետագա զարգացման տեսանկյունից` մասնավոր ներդրողների հետ համագործակցության համար նոր հարթակների ստեղծումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը նշված բժշկական հաստատությունների կառավարման եւ գործունեության արդյունավետության, ինչպես նաեւ հետագա զարգացման նախապայմանների սեղծումն է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ oրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

15 նոյեմբերի 2018 թվականի N 1288 - Ա


«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. նոյեմբերի 19
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1288-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ