Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-066-21.03.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հօ-165-ն օրենքի 64-րդ հոդվածի  2-րդ մասը լրացնել նոր 52-րդ կետով.

«52) Հայաստանի Հանրապետության տարածքում տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարումը:

 Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ-ում 2007-2015 թվականներին իրականացվել է տավարաբուծության զարգացման ծրագիր: Ծրագրով նախատեսվում էր որակապես բարելավել տավարաբուծության ուղղությամբ իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքները, աջակցել տոհմային տնտեսությունների ձեւավորմանը, նպաստել գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացմանը եւ խթանել հայրենական սելեկցիայի արդյունքում ստեղծված կովկասյան գորշ ցեղի գենոֆոնդի պահպանման գործընթացը:

Ծրագրի շրջանակներում պետական աջակցությամբ արտերկրից ձեռք են բերվել աշխարհում ամենաբարձր կաթնատվություն ունեցող հոլշտինյան, ինչպես նաեւ շվից, սիմենթալ  ցեղի երինջներ եւ լիզինգային եղանակով հատկացվել գյուղական բնակչությանը:

Ընդհանուր առմամբ ծրագրի վրա ծախսվել է  շուրջ 3 մլրդ դրամ, ՀՀ է ներկրվել 2506 գլուխ տոհմային երինջներ:

 Ըստ գյուղատնտեսության նախարարության տեղեկանքի, ներկայումս ՀՀ-ում առկա են շուրջ 3000 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ:

2005 թվականին ընդունվել է տոհմային անասնաբուծության մասին ՀՀ օրենքը, որով սահմանվում են «տոհմային կենդանի», «տոհմային կենդանիների պետական գրանցում», «գյուղատնտեսական կենդանիների պետական տոհմային գիրք» հասկացությունները, ՀՀ կառավարության իրավասությունները տոհմային անասնաբուծության ոլորտում, այդ թվում` պետական տոհմային գրքերի, տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարման կանոնակարգումը, ոլորտում կառավարության լիազորած պետական մարմնի իրավասությունները, այդ թվում` տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների կադաստրի եւ տոհմային գրքերի վարման կարգի կազմակերպումը:

Այսօր էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ծրագրեր է նախապատրաստել տոհմային անասնապահությունը զարգացնելու եւ տոհմային երինջների ներկրումը Հայաստանի Հանրապետություն շարունակելու ուղղությամբ:

Ներկրված տոհմային երինջների սերունդներն ունեն մեծ պահանջարկ թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս:

Պահանջարկի հիմնական պատճառը ոչ միայն նրանց բարձր մթերատվությունն է, այլ նաեւ այն, որ ներկրվող երինջները խիստ զգայուն են բնակլիմայական փոփոխությունների նկատմամբ, ինչն էլ հանգեցնում է սկզբնական շրջանում երինջների գլխաքանակի անկման, իսկ տեղում ստացված սերունդը արդեն հարմարվել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին: Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ անասնատերերին ձեռնտու է կենդանիները վաճառել Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ այդ դեպքում իրացումն ազատված է ԱԱՀ-ից:  Այս դեպքում առաջանում են տոհմային խոշոր եղջերավոր կենդանիները հարեւան երկիր արտահանելու երկկողմ շահեր, ինչն էլ մեծ վնաս է հասցնում ՀՀ-ին` տոհմային անասնապահությունը զարգացնելու ծրագրի իրագործման բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից:

Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների վաճառքն ազատվի ԱԱՀ-ից, կնվազի վաճառքի գինն առնվազն  20 տոկոսով եւ դա շահավետ կլինի եւ վաճառողի, եւ տեղացի գնորդի համար: Վաճառողն այլեւս ստիպված չի լինի հավելյալ ծախսեր կատարել իր ապրանքը արտահանելու համար, տեղացի գնորդն էլ ստիպված չի լինի կենդանի ձեռք բերել դրսում, քանի որ ԽԵԿ-ների ներմուծումը նույնպես ազատված է ավելացված արժեքի հարկից:

Նախագիծը միտված է լուծելու հետեւյալ խնդիրները.

- նպաստել անասնաբուծության, հատկապես տոհմային անասնաբուծոթյան զարգացմանը,

- նպաստել տոհմային փոքր եւ միջին  տնտեսությունների զարգացմանը,

- ապահովել տոհմաբուծության զարգացման ծրագրի շարունակականությունը եւ արդյունավետությունը,

- նպաստել տավարի մսի եւ կաթի արտադրության ծավալների ավելացմանը

- նպաստել շուկայում տեղական տավարաբուծական արտադրանքի մրցունակության եւ ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը,

- նպաստել նախիրներում տոհմային կենդանիների մասնաբաժնի ավելացմանը:

Ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տվյալների 2018 թվականին հանրապետություն ներկրվել է 853 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 214 գլուխը օգտագործվել է հետագա բուծման նպատակով, իսկ մնացածը իրացվել է մսի: Ըստ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական մարմնի տվյալների 2018 թվականին հանրապետությունից արտահանվել է 3122 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 83 գլուխը տոհմային:

Առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի « Ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտը» 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 52-րդ կետով, որով կսահմանվի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օտարումը Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկից ազատելու մասին դրույթ:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
 
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,

ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ  եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`

ա/ նախագիծը (հիմնական զեկուցող` Վարազդատ Կարապետյան)

բ) նախագծի ընդունման  հիմնավորումը

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքով`                     Վարազդատ Կարապետյան