Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Կառավարության կազմը եւ կառուցվածքը
1. Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից:
2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները.
1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը:
3. Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «առաջին փոխվարչապետի,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) լրացնել 5.1-ին մաս՝ հետեւյալ խմբագրությամբ.
«5.1. Վարչապետի որոշումները ստորագրում է վարչապետը: Վարչապետի որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը հանդիսանում է վարչապետի կողմից ընդունված տարբերակը:»:
2) 12-րդ մասի «առաջին փոխվարչապետի կողմից» բառերը փոխարինել «փոխվարչապետներից մեկի կողմից» բառերով, իսկ «փոխարինող առաջին» բառերը փոխարինել «փոխարինող» բառով.
3) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 4.1-ին մասով՝ հետեւյալ խմբագրությամբ.
«4.1. Փոխվարչապետի որոշումները, ինչպես նաեւ դրանց հավելվածները ստորագրում է փոխվարչապետը:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի`
1) 13-րդ մասի «ղեկավարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարը» բառերով,
2) 15-րդ մասի «նիստի» բառը փոխարինել «նիստն ամբողջությամբ կամ դրա» բառերով:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ խմբագրությամբ.
«Կառավարության որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը հանդիսանում է Կառավարության նիստում ընդունված տարբերակը:»:
Հոդված 7. Օրենքի հավելվածի 6-րդ մասի ամբողջ տեքստում «բնապահպանության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով:
Հոդված 8. Օրենքի հավելվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ եւ 13-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի հավելվածի 9-րդ մասում «Կրթության եւ գիտության» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի» բառերով, «ոլորտներում» բառից առաջ լրացնել «, մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի ոլորտում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման» բառերը, իսկ «քաղաքականությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հարցերի, բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական դաստիարակության համակարգի ստեղծման, մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի եւ մարզիկների մասնակցության, սպորտի բնագավառում գիտամեթոդական ու վերլուծական աշխատանքների իրականացման, ծրագրերի համադասման ապահովման, երիտասարդության ներուժի իրացման եւ զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակման եւ կիրառման, երիտասարդների մասնակցային գործընթացների խթանման, հոգեւոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված Կառավարության քաղաքականությունը» բառերը:
Հոդված 10. Օրենքի հավելվածի 11-րդ մասից հանել «ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման,» բառերը:
Հոդված 11. Օրենքի հավելվածի 14-րդ մասում «Տարածքային կառավարման եւ զարգացման» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների» բառերով, «ոլորտներում» բառից առաջ լրացնել հետեւյալ բառերը. «տրանսպորտի, լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրման, Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձեւավորման, էներգետիկայի, ընդերքօգտագործման եւ ընդերքի պահպանության բնագավառների, միջուկային էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի, էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում անվտանգության ապահովման, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության, էներգախնայողության եւ էներգաարդյունավետության զարգացմանը եւ ընդերքի ողջամիտ ու համալիր օգտագործմանը նպաստելուն ուղղված, երկրաբանական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման եւ տնօրինման, պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման եւ անվտանգ օգտագործման, ջրային համակարգերի կառավարման, պետական գույքի կառավարման» բառերը:
Հոդված 12. Օրենքի հավելվածի 15-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15. Էկոնոմիկայի նախարարությունը մշակում եւ իրականացնում է տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առեւտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության ապահովման եւ արտահանման զարգացման, ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պաշտպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման եւ խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մոնիտորինգի, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման եւ գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:»
Հոդված 13. Օրենքի հավելվածի 16-րդ մասում «Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության» բառերով, միաժամանակ «տրանսպորտի,», «տրանսպորտի եւ», «Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձեւավորման,» բառերը հանել, իսկ «թվային» բառից առաջ լրացնել «ռազմարդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի եւ» բառերը:
Հոդված 14.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը միաձուլման ձեւով վերակազմակերպել՝ ստեղծելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
3. Մշակույթի նախարարությունը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության եւ գիտության նախարարությունը միաձուլման ձեւով վերակազմակերպել՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
4. Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը միաձուլման ձեւով վերակազմակերպել՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն:
5. Սփյուռքի նախարարությունը միացման ձեւով վերակազմակերպել՝ միացնելով Վարչապետի աշխատակազմին՝ Վարչապետի աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որի նպատակներն ու խնդիրներն են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացման մասնագիտական օժանդակությունը եւ անհրաժեշտ աջակցությունը, Վարչապետի կողմից սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման գործառույթների եւ դրա շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքների կատարման աջակցությունը? Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին վերապահվում է վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը (այդ թվում՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով), որի շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանում է վարչապետը:
6. Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը անվանափոխել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
7. Բնապահպանության նախարարությունը անվանափոխել Շրջակա միջավայրի նախարարություն:
8. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հաստատվում են սույն օրենքով վերակազմակերպված պետական կառավարման համակարգի մարմինների նոր կանոնադրությունները եւ կատարվում են սույն օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ:
9. Սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված միաձուլվող եւ միացվող պետական կառավարման համակարգի մարմինները դադարեցնում են իրենց գործունեությունը, իսկ իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում են համապատասխան նոր ստեղծված պետական կառավարման համակարգի մարմիններին եւ վարչապետի աշխատակազմին՝ համապատասխանաբար վերակազմակերպված պետական կառավարման համակարգի մարմինների եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունները հաստատելու մասին համապատասխան իրավական ակտով սահմանված ժամկետներում:
Հոդված 15.
1. Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը վերապահված տրանսպորտի, լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միասնական երթուղային ցանցի ձեւավորման ոլորտները Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը վերապահելուց եւ այդ նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատվելուց հետո Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության այն քաղաքացիական ծառայողները, որոնց գործունեությունը կապված է սույն մասում նշված ոլորտների հետ, առանց մրցույթի եւ վերջնահաշվարկի նշանակվում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հավասարազոր կամ ավելի ցածր քաղաքացիական ծառայության պաշտոններում՝ իրենց համաձայնությամբ, իսկ մինչեւ վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոն զբաղեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում պահպանվում եւ հաշվի են առնվում քաղաքացիական ծառայողների նկատմամբ նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, աշխատանքի չներկայանալու ժամկետները:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանադրության 147-րդ հոդվածի համաձայն նախարարությունների ցանկը եւ Կառավարության գործունեության կարգը սահմանվում են օրենքով, որի օրենսդրական նախաձեռնության բացառիկ իրավունքը պատկանում է Կառավարությանը: Միեւնույն ժամանակ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում կարող է ներառվել Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը:
Վերոնշյալ իրավակարգավորումները հիմք են ծառայում նոր կազմավորված Կառավարության համար հանդես գալու Կառավարության կառուցվածքի այնպիսի ձեւաչափով, որը հնարավորություն կտա, ըստ Կառավարության պատկերացումների եւ նպատակադրումների, լավագույնս ապահովել Կառավարության արդյունավետ գործունեությունը՝ իրականացնելով Կառավարության ծրագիրը, դրանից բխող քաղաքականությունը` առաջնորդվելով գերակայություններով եւ առաջնահերթություններով, իրագործելով նախանշված ռազմավարական եւ ոլորտային ծրագրերը եւ միջոցառումները:
Սահմանադրության 147-րդ հոդվածով սահմանված է նաեւ, որ փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը: 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանվել է Սահմանադրության վերոնշյալ հոդվածով նախատեսված առավելագույն թվաքանակին գրեթե հավասարաչափ Կառավարության անդամների թվաքանակ: Մասնավորապես սահմանվել է փոխվարչապետների երեք հաստիք, այդ թվում՝ առաջին փոխվարչապետի, ինչը համապատասխանում է սահմանադրությամբ նախատեսված առավելաքույն թվաքանակին, եւ 17 նախարարություն՝ նախարարների 17 հաստիքով, որն ընդհամենը մեկ հաստիքով է պակաս Սահմանադրությամբ նախատեսված առավելագույն թվաքանակից:
Հարկ է նշել նաեւ, որ գործող կարգավորումների պահանջներին համապատասխան՝ ինչպես Կառավարության եւ վարչապետի որոշումները, այնպես էլ դրանց հավելվածները ներկայումս ստորագրվում են վարչապետի կողմից:
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ Կառավարության նիստերի մի մասը վարչապետի որոշմամբ կարող է անցկացվել դռնբաց: Նման ձեւակերպումը խոչընդոտում է Կառավարության նիստերը վարչապետի որոշմամբ ամբողջությամբ դռնբաց իրականացնելու հնարավորությանը:
2. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ
Սույն օրենքների նախագծերի փաթեթով Կառավարությունն առաջարկում է փոխել ներկայումս գործող Կառավարության կառուցվածքը եւ 7-րդ գումարման Ազգային ժողովին է ներկայացնում Կառավարության կազմի փոփոխության օրենսդրական նախաձեռնություն, որի ընդունման պարագայում Կառավարության գնահատմամբ հնարավոր կլինի իրականացնել Կառավարության գործունեությունն առավել օպտիմալ եւ արդյունավետ ձեւաչափով:
Նշված օրենքների նախագծերի փաթեթի ընդունման համար հիմք են հանդիսացել Կառավարության կառուցվածքի վերաբերյալ տեղի ունեցած մի շարք քննարկումները, կառավարության գործունեությունը բարձրացնելու վերաբերյալ վերլուծությունները՝ գործառույթների համախմբման մոտեցմամբ, արդի մարտահրավերները, ինչպես նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունը:
Օրենքների նախագծերի փաթեթով մասնավորապես նախատեսվում է.
1. Կրճատել փոխվարչապետների թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նշված առաջարկության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ օրենքների նախագծերի այս փաթեթով առաջարկվում է նախարարությունների թիվը կրճատել՝ սահմանելով 12 նախարարություն, որի պարագայում փոխվարչապետների կողմից համակարգման դերակատարությունը որոշ դեպքերում նվազում է եւ առավել նպատակահարմար է այն կենտրոնացնել երկու փոխվարչապետների շուրջ: Հետեւաբար առաջարկվում է փոխվարչապետների թիվը սահմանել 2: Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2 փոխվարչապետների պարագայում առաջին փոխվարչապետ սահմանելու տրամաբանությունը բացակայում է՝ առաջարկվում է հանել առաջին փոխվարչապետի պաշտոնը:
«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» եւ «Պետական արարողակարգի մասին» օրենքներում կատարվող փոփոխությունները կապված են բացառապես առաջին փոխվարչապետի պաշտոնը հանելու հետ:
2. Նախարարությունների թիվը կրճատել՝ սահմանելով 12 նախարարություն: Մասնավորապես, Մշակույթի նախարարությունը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության եւ գիտության նախարարությունը միաձուլել՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Հարկ է նշել, որ շատ դեպքերում նշված ոլորտներից մեկում քաղաքականություն մշակելիս անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ նաեւ մյուս ոլորտի քաղաքականությանը միասնական մոտեցում որդեգրելու նպատակով, ինչը նշված ուղղությունների գործառույթները, երբեմն, դարձնում է փոխլրացնող եւ փոխկապակցված: Միջազգային փորձի տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ նման ձեւաչափով նախարարություն ներկայումս գործում է նաեւ այլ երկրներում, օրինակ՝ Վրաստանում, Ճապոնիայում, Իսպանիայում (մինչեւ 2018 թվականի վերակազմավորումը): Տարբեր երկներում նաեւ առկա են նշված երեք նախարարությունների միասնական տարբեր համակցություններ, օրինակ՝ կրթության եւ մշակույթի նախարարություն, կամ մշակույթի եւ սպորտի նախարարություն եւ այլն: Հարկ է նշել, որ այս գործընթացի պարագայում Մշակույթի, Սպորտի եւ երիտասարդության, Կրթության եւ գիտության նախարարությունների բոլոր լիազորությունները պահպանվում են եւ արդյունքում՝ վերակազմակերպված Կրության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն իրականացնելու է իրեն վերապահված բոլոր գործառույթները հավասարաչափ, որոնք առնչվում են թե՛ կրթության, թե՛ գիտության, թե՛ մշակույթի եւ թե՛ սպորտի ոլորտներին:
3. Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը միաձուլել՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն: Նման փորձ միջազգային պրակտիկայում եւս առկա է, մասնավորապես՝ Նիդերլանդների Թագավորությունում, որտեղ գյուղատնտեսության նախարարությունը տարբեր ժամանակահատվածներում եւ տարբեր ձեւաչափերով առնչվել կամ մաս է կազմել էկոնոմիկայի նախարարության հետ: Վերջին նման ձեւավորումը տեղի է ունենացել 2010 թվականին, երբ Էկոնոմիկայի նախարարությունը եւ գյուղատնտեսության նախարարությունը միավորվեցին՝ անվանվելով Տնտեսական հարաբերությունների, գյուղատնտեսության եւ նորարարությունների նախարարություն: Հետագայում՝ 2012-2017 թվականներին այդ միասնական նախարարությունը վերանվանվել եւ գործել է որպես Տնտեսական հարաբերությունների նախարարություն՝ պահպանելով նաեւ գյուղատնտեսության ոլորտի գործառույթները: Այսինքն, գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի նախարարությունների գործառույթները շատ դեպքերում համադրելի են եւ փոխլրացնող, քանի որ բիզնեսի, գյուղատնտեսության, գյուղատնտեսական արտադրանքի եւ տնտեսությունում դրա սպառման, ինչպես նաեւ դրա արտահանման, տնտեսական զարգացման քաղաքականությունների մշակման գործընթացներն ընթանում են զուգահեռ եւ փոխհամաձայնեցված, որի պարագայում առավել նպատակահարմար կլինի դրանք իրականացնել միասնական մեկ կառույցի կողմից:
4. Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը միաձուլել՝ ստեղծելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաեւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները եւ գործառույթները: Անհրաժեշտ է նշել, որ նմանատիպ փորձ արդեն իսկ առկա է միջազգային պրակտիկայում, մասնավորապես՝ Վրաստանում, որտեղ Կառավարության կառուցվածքում առկա է Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարություն, Կանադայում, որտեղ առկա է Ենթակառուցվածքի եւ համայնքների նախարարի պաշտոն, ինչպես նաեւ որոշ երկներում տարբեր ձեւաչափերով գոյություն ունի ենթակառուցվածքների առանձնացված նախարարություն: Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ ենթակառուցվածքների վերաբերյալ քաղաքականության մշակման կենտրոնացվածությունը հնարավորություն է ընձեռում տարբեր ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելիս տարբեր ոլորտային ենթակառուցվածքների զարգացման համար ապահովել միասնականություն, որը միտված է ապահովելու համար ռեսուրսների առավել արդյունավետ բաշխում:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո նախատեսվում է Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային կոմիտեն եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այլեւ Պետական գույքի կառավարման կոմիտեն: Նախատեսվում է, որ Ջրային կոմիտեի եւ Պետական գույքի կառավարման կոմիտեի կազմում պետք է ներառված լինեն միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ: Այդ կառույցների աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների եւ գլխավոր քարտուղարի գործառույթները պետք է իրականացվեն Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5. Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ կրճատելով նախարարության՝ տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտի բոլոր լիազորությունները եւ գործառույթները: Ժամանակակից աշխարհում բարձր տեխնոլոգիաների արագ զարգացումը էական դերակատարություն է ունենում պետության վրա, ընդ որում՝ թե՛ պետական կառավարման, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ կրթական եւ թե՛ այլ բնագավառներում: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում ունենալու բարձր տեխնոլոգիաների ոլորտի քաղաքականության մշակման համար պատասխանատու մեկ մարմին՝ համապատասխան լիազորություններով օժտված: Նշված մարմինն իր քաղաքականության մշակման շրջանակներում պետք է հաշվի առնի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումները եւ դրանց արդյունաբերության հնարավորությունները (պոտենցիալը), տեխնոլոգիական կրթության կազմակերպմանը, կադրային ռեսուրսներին, միջազգային համագործակցության խթանմանը, ներդրումների ներգրավմանը եւ սկսնակ ընկերությունների կայացմանը վերաբերող հարցերին:
Նախատեսվում է նախարարության լիազորությունների ցանկում ավելացնել նաեւ թվայնացման գործընթացների եւ ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, քանի որ օրենքի ընունումից հետո Կառավարության որոշմամբ ռազմարդյունաբերական կոմիտեի ենակայությունը հանձնվելու է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը: Այսօր պետական կառավարման արդյունավետության բարձրացման եւ պետական ծառայությունների մատուցման համար խիստ կարեւոր գործոն է թվայնացումը, որի միասնական քաղաքականության մշակման եւ լիարժեք թվայնացման գործընթացների ապահովման նպատակով որոշ երկրներում անգամ ստեղծել են նախարարություն, ինչպես, օրինակ, Լեհաստանում գործող Թվայնացման գործերի նախարարությունն է: Հետեւաբար Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության կարեւոր լիազորություններից են լինելու նաեւ թվայնացման գործընթացների համակարգման եւ միասնական թվայնացված միջավայրի ձեւավորման լիազորությունները: Հարկ է նշել, որ թվայնացման գործընթացների ներդրումը դրական ազդեցություն ունի թե՛ բիզնեսի բեռի նվազեցման, թե՛ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, թե՛ ծառայությունների մատուցման հասանելիության ընդլայնման եւ թե՛ այլ մի շարք առավելություններ:
6.Սփյուռքի նախարարությունը միավորել Վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը: Հարկ է նշել, որ նշված համակարգի ստեղծումը չի ենթադրում Կառավարության առաջնահերթություններում սփյուռքի հետ տարվող աշխատանքների կարգավիճակի իջեցում: Ընդհակառակը, նախարարության փոխարեն առաջարկվում է ստեղծել եռաստիճան օպտիմալ համակարգ, որի առաջին մակարդուկում իր դերակատարությունը կունենա վարչապետը՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորություններով: Երկրորդ մակարդակում իր դերակատարությունը կունենա վարչապետի կողմից նշանակվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, որը կլինի հայեցողական պաշտոն վարչապետի աշխատակազմում եւ որի հիմնական դերակատարությունը կլինի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը: Ստորին մակարդակում կլինի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որի նպատակներն ու խնդիրներն են լինելու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացման մասնագիտական օժանդակությունը եւ անհրաժեշտ աջակցությունը, Վարչապետի կողմից սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման գործառույթների եւ դրա շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքների կատարման աջակցությունը: Հարկ է նշել, որ նմանատիպ փորձ աշխարհում եւս առկա է, օրինակ՝ Կիպրոսում, որտեղ գոյություն ունի մարդասիրական գործերի եւ արտերկրում բնակվող կիպրոսցիների Նախագահի հանձնակատարի պաշտոն:
7. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսված կառուցվածքային փոփոխությունների եւ նախարարությունների կրճատման արդյունքում տեղի ունեցող գործընթացներն իրականացվելու են ստորեւ նշված տրամաբանությամբ:
Հարկ է նշել, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման եւ դրա արդյունքում նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական եւ հայեցողական պաշտոններին՝ նախարարներին, նրանց տեղեկալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից գլխավոր քարտուղարներին եւ նրանց տեղակալներին: Հետեւաբար, ակնկալվում է, որ նախարարությունների վերակազմակերպման արդյունքում անմիջապես կրճատման ենթակա կլինեն վերը նշված հաստիքները, որոնց թվային ցուցանիշը կազմում է մի քանի տասնյակ:
Նախարարությունների վերակազմակերպման գործընթացի սկզբնական արդյունքում թվաքանակի այլ փոփոխություն չի նախատեսվում եւ միաձուլվող նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվելու են նոր ստեղծվող նախարարության կազմ, բացառությամբ վերը թվարկված պաշտոնների, ինչպես նաեւ՝ կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների ղեկավար հաստիքների, որոնց պարագայում ակնկալվում է նախատեսել այլ՝ ավելի ցածր մակարդակի հաստիք, քանի որ երկու կամ երեք ստորաբաժանման ղեկավար հնարավոր չէ նախատեսել:
Վերոնշյալ գործընթացն անհրաժեշտ է տարանջատել երկու մասի՝ մասնագիտական ստորաբաժանումների տեղափոխման եւ աջակցող ստորաբաժանումների միավորման գործընթացների: Մասնագիտական ստորաբաժանումների տեղափոխման պարագայում էական շեղումներ չեն նախատեսվում: Այսինքն՝ միաձուլվող նախարարությունների կազմում գործող մասնագիտական ստորաբաժանումները նույնությամբ (նույն անվանումով եւ հաստիքների քանակով) տեղափոխվելու են նոր ստեղծվող նախարարություն: Իսկ աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների պարագայում տեղի է ունենալու նույնանուն կամ նույնաբովանդակ ստորաբաժանումների կոնսոլիդացիա մեկ ստորաբաժանման կազմում՝ ժամանակավորապես պահպանելով միացվող հաստիքների գումարային քանակը:
Նախարարությունների միաձուլման արդյունքում տրամաբանական է օպտիմալացնել կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների գործառույթները եւ կրճատել այդ ստորաբաժանումների հաստիքների գումարային թվաքանակը: Սակայն արդարության սկզբունքից ելնելով՝ ակնկալվում է դա իրականացնել ոչ թե մեխանիկական ճանապարհով՝ միաձուլման ժամանակ հաստիքների թվաքանակի զուտ կրճատման միջոցով, այլ ապահովելով բոլորի համար հավասար հնարավորություններ, որի արդյունքում միավորված ստորաբաժանման բոլոր աշխատակիցները կունենան հավասար մրցակցային պայմաններ աշխատանքի արդյունավետության առավել բարձր ցուցանիշներ դրսեւորելու, առավել որակյալ աշխատանքային արդյունք ապահովելու եւ դրա շնորհիվ՝ աշխատանքը շարունակելու հնարավորություն: Այս գործընթացը տեղի կունենա նախարարությունների միաձուլումից հետո մի քանի ամսվա ընթացքում, որի արդյունքում կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների թվաքանակը կկրճատվի, որի թվային ցուցանիշը գնահատվում է մի քանի հարյուր:
Մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հետագա օպտիմալացման հարցին անդրադարձ կարող է լինել հետագայում աշխատանքային գործունեության արդյունքում:
8. Նախագծերի ընդունման դեպքում միացվող պետական կառավարման համակարգի մարմինների քաղաքացիական ծառայողները «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի համաձայն վերանշանակվում են մինչեւ վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ իր համաձայնությամբ նոր մարմնում? Վերակազմակերպման արդյունքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում, այլ վերջինս վերանշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ օրենքով սահմանված կարգով?
Եթե քաղաքացիական ծառայողը չի համաձայնվում առաջարկված պաշտոնին նշանակվել, ապա քաղաքացիական ծառայողը իր դիմումի համաձայն կարող է գրանցվել կադրերի ռեզերվում՝ առանց վերջնահաշվարկ կատարելու, որը միացման արդյունքում վարելու է արդեն այն պետական կառավարման համակարգի մարմինը, որին միացել է այդ պետական կառավարման համակարգի մարմինը? Ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը Օրենքով սահմանված կարգով կարող է կադրերի ռեզերվից համապատասխան պաշտոն զբաղեցնել վերակազմակերպման արդյունքում կազմավորված այդ պետական կառավարման համակարգի մարմնում:
9. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող փոփոխության նպատակը սփյուռքի նախարարության հաստիքների (բացառությամբ վերը թվարկվածների) տեղափոխումն է Վարչապետի աշխատակազմ: Հետագա մի քանի ամսվա ընթացքում ակնկալվում է այդ հաստիքների քանակը կրճատել եւ վարչապետի աշխատակազմում ստեղծվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար սահմանել օպտիմալ 20-25 հաստիք:
10. Նախագծերի փաթեթով առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ: Մասնավորապես, հատկանշական է այն հանգամանքը, որ որոշումների՝ հատկապես Կառավարության, ընդունմանը նախորդում է դրանց քննարկման մի քանի փուլ (այն է՝ նախանիստ, նախարարական կոմիտե, Կառավարության նիստ) եւ այդ փուլերից յուրաքանչյուրում վարչապետին զեկուցվում է այդ որոշումների բովանդակությունը եւ քննարկման արդյունքները: Ավելին՝ Կառավարության նիստի օրակարգի ձեւավորման փուլում եւս որոշումներն ամբողջությամբ եւ հանգամանալից զեկուցվում են վարչապետին, իսկ Կառավարության նիստում տեղի ունեցող քննարկումն իր հերթին եւս մեկ փուլ է՝ տվյալ որոշման բովանդակությանը ծանոթանալու եւ դրա արդյունքում որոշման ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելու համար: Թեեւ վարչապետի որոշումները, որպես կանոն, չեն քննարկվում վերը հիշատակված հաջորդայնությամբ, այդուհանդերձ, դրանք նույնպես դեռեւս նախագծային փուլում պարբերաբար զեկուցվում են վարչապետին:
Հետեւաբար, Կառավարության նիստում որոշումներն ընդունվելուց հետո՝ դրանց հավելվածների ստորագրումն ըստ էության կրում է սիմվոլիկ բնույթ: Այդ առումով՝ մշակված օրինագծով առաջարկվում է վարչապետի ստորագրմանը ներկայացնել միայն իրավական ակտ հանդիսացող որոշումը, իսկ օրենքի իմաստով որոշման անբաժանելի մաս համարվող հավելվածը ստորագրելու իրավասությունը վերապահել վարչապետի աշխատակազմի ղեկավարին (ի հաստատումն այն հանգամանքի, որ տվյալ հավելվածը հանդիսանում է Կառավարության կամ վարչապետի կողմից ընդունված տարբերակը)՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ տվյալ փուլում եւս վարչապետին ներկայացվում է ամբողջ որոշման, այդ թվում՝ հավելվածների կարգավորման առարկան եւ բովանդակությունը:
Միաժամանակ, տարընթերցումներից խուսափելու նպատակով, առանձին դրույթով շեշտվում է, որ փոխվարչապետի որոշումների հավելվածները ստորագրվում են հենց փոխվարչապետի կողմից:
Վերոգրյալից զատ՝ ի տարբերություն գործող կարգավորումների, օրինագծով սահմանվում է, որ վարչապետի որոշմամբ ոչ միայն Կառավարության նիստի մի մասը, այլեւ նիստն ամբողջությամբ կարող է անցկացվել դռնբաց:
3. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի եւ նախարարությունների համատեղ քննարկումների արդյունքում: Տեղի են ունեցել քննարկումներ Վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաեւ մի շարք քննարկումներ այլ ձեւաչափերով:
4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում.
1. Կառավարությունը ֆունկցիոնալ իմաստով կունենա առավել արդյունավետ կառուցվածք:
2. Կկրճատվի առաջին փոխվարչապետի հաստիքը, որի արդյունքում այսօր առկա 3 փոխվարչապետների փոխարեն կլինեն 2 փոխվարչապետ:
2. 17 նախարարության փոխարեն կսահմանվի 12 նախարարություն՝ հետեւյալ կազմով.
1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը:
3. Մշակույթի նախարարությունը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Կրթության եւ գիտության նախարարությունը կմիաձուլվեն ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
4. Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Վերջինիս կփոխանցվեն նաեւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ տրասնպորտի ոլորտին վերաբերող բոլոր լիազորությունները եւ գործառույթները: Նշված նախարարության ենթակայությանը կհանձնվի նաեւ Պետական գույքի կառավարման կոմիտեն:
5. Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարության:
6. Սփյուռքի նախարարությունը կմիավորվի Վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Միեւնույն ժամանակ Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կիրականացնի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը:
7. Նախագծի ընդունման պարագայում՝ կընդգծվի այն հանգամանքը, որ վարչապետի թույլտվությամբ Կառավարության նիստն ամբողջությամբ կարող է ընթանալ դռնբաց, իսկ Կառավարության եւ վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի Կառավարության եւ վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ եւ արդյունավետ կազմակերպումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ եւ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ եւ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ եւ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ եւ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը եւ նախարարությունների թիվը՝ 5-ով, իսկ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ավելացնել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցների առավելագույն թվաքանակը՝ 150 միավորով:
Միաժամանակ, համաձայն նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝
1. նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում նախարարությունների վերակազմակերպման փուլում նախատեսվում է կրճատել հիմնականում քաղաքական եւ հայեցողական պաշտոնները՝ նախարարների, նրանց տեղեկալների, օգնականների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, նախարարների տեղակալների օգնականների, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից՝ գլխավոր քարտուղարների եւ նրանց տեղակալների պաշտոնները, որոնց թվային ցուցանիշը կազմում է մի քանի տասնյակ:
2. Նախարարությունների վերակազմակերպման գործընթացի սկզբնական արդյունքում թվաքանակի այլ փոփոխություն չի նախատեսվում եւ միաձուլվող նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվելու են նոր ստեղծվող նախարարության կազմ:
3. Նախարարությունների միաձուլումից հետո մի քանի ամսվա ընթացքում նախատեսվում է օպտիմալացնել կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների գործառույթները, եւ արդյունքում կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների թվաքանակը կկրճատվի, որի թվային ցուցանիշը գնահատվում է մի քանի հարյուր:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա ներկա պահին հնարավոր չէ գնահատել՝ պետական մարմինների աշխատողների թվաքանակի փոփոխության վերաբերյալ հստակ տվյալների բացակայության պատճառով:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
7 մարտի 2019 թվականի N 192 - Ա
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2019 թ. մարտի 14 Երեւան |
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 192-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Հարգանքով` | ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |