Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Կառավարության կազմը եւ կառուցվածքը
1. Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից:
2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները.
1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը:
3. Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «առաջին փոխվարչապետի,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) լրացնել 5.1-ին մաս՝ հետեւյալ խմբագրությամբ.
«5.1. Վարչապետի որոշումները ստորագրում է վարչապետը: Վարչապետի որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը հանդիսանում է վարչապետի կողմից ընդունված տարբերակը:»:
2) 12-րդ մասի «առաջին փոխվարչապետի կողմից» բառերը փոխարինել «փոխվարչապետներից մեկի կողմից» բառերով, իսկ «փոխարինող առաջին» բառերը փոխարինել «փոխարինող» բառով.
3) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 4.1-ին մասով՝ հետեւյալ խմբագրությամբ.
«4.1. Փոխվարչապետի որոշումները, ինչպես նաեւ դրանց հավելվածները ստորագրում է փոխվարչապետը:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի`
1) 13-րդ մասի «ղեկավարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարը» բառերով,
2) 15-րդ մասի «նիստի» բառը փոխարինել «նիստն ամբողջությամբ կամ դրա» բառերով:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ խմբագրությամբ.
«Կառավարության որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը հանդիսանում է Կառավարության նիստում ընդունված տարբերակը:»:
Հոդված 7. Օրենքի հավելվածի 6-րդ մասի ամբողջ տեքստում «բնապահպանության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով:
Հոդված 8. Օրենքի հավելվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ եւ 13-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի հավելվածի 9-րդ մասում «Կրթության եւ գիտության» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի» բառերով, «ոլորտներում» բառից առաջ լրացնել «, մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի ոլորտում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման» բառերը, իսկ «քաղաքականությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հարցերի, բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական դաստիարակության համակարգի ստեղծման, մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի եւ մարզիկների մասնակցության, սպորտի բնագավառում գիտամեթոդական ու վերլուծական աշխատանքների իրականացման, ծրագրերի համադասման ապահովման, երիտասարդության ներուժի իրացման եւ զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակման եւ կիրառման, երիտասարդների մասնակցային գործընթացների խթանման, հոգեւոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված Կառավարության քաղաքականությունը» բառերը:
Հոդված 10. Օրենքի հավելվածի 11-րդ մասից հանել «ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման,» բառերը:
Հոդված 11. Օրենքի հավելվածի 14-րդ մասում «Տարածքային կառավարման եւ զարգացման» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների» բառերով, «ոլորտներում» բառից առաջ լրացնել հետեւյալ բառերը. «տրանսպորտի, լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրման, Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձեւավորման, էներգետիկայի, ընդերքօգտագործման եւ ընդերքի պահպանության բնագավառների, միջուկային էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի, էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում անվտանգության ապահովման, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության, էներգախնայողության եւ էներգաարդյունավետության զարգացմանը եւ ընդերքի ողջամիտ ու համալիր օգտագործմանը նպաստելուն ուղղված, երկրաբանական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման եւ տնօրինման, պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման եւ անվտանգ օգտագործման, ջրային համակարգերի կառավարման, պետական գույքի կառավարման» բառերը:
Հոդված 12. Օրենքի հավելվածի 15-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15. Էկոնոմիկայի նախարարությունը մշակում եւ իրականացնում է տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առեւտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության ապահովման եւ արտահանման զարգացման, ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պաշտպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման եւ խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մոնիտորինգի, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման եւ գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:»
Հոդված 13. Օրենքի հավելվածի 16-րդ մասում «Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության» բառերով, միաժամանակ «տրանսպորտի,», «տրանսպորտի եւ», «Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձեւավորման,» բառերը հանել, իսկ «թվային» բառից առաջ լրացնել «ռազմարդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի եւ» բառերը:
Հոդված 14.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը միաձուլման ձեւով վերակազմակերպել՝ ստեղծելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
3. Մշակույթի նախարարությունը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության եւ գիտության նախարարությունը միաձուլման ձեւով վերակազմակերպել՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
4. Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը միաձուլման ձեւով վերակազմակերպել՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն:
5. Սփյուռքի նախարարությունը միացման ձեւով վերակազմակերպել՝ միացնելով Վարչապետի աշխատակազմին՝ Վարչապետի աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որի նպատակներն ու խնդիրներն են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացման մասնագիտական օժանդակությունը եւ անհրաժեշտ աջակցությունը, Վարչապետի կողմից սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման գործառույթների եւ դրա շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքների կատարման աջակցությունը? Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին վերապահվում է վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը (այդ թվում՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով), որի շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանում է վարչապետը:
6. Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը անվանափոխել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
7. Բնապահպանության նախարարությունը անվանափոխել Շրջակա միջավայրի նախարարություն:
8. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հաստատվում են սույն օրենքով վերակազմակերպված պետական կառավարման համակարգի մարմինների նոր կանոնադրությունները եւ կատարվում են սույն օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ:
9. Սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված միաձուլվող եւ միացվող պետական կառավարման համակարգի մարմինները դադարեցնում են իրենց գործունեությունը, իսկ իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում են համապատասխան նոր ստեղծված պետական կառավարման համակարգի մարմիններին եւ վարչապետի աշխատակազմին՝ համապատասխանաբար վերակազմակերպված պետական կառավարման համակարգի մարմինների եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունները հաստատելու մասին համապատասխան իրավական ակտով սահմանված ժամկետներում:
Հոդված 15.
1. Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը վերապահված տրանսպորտի, լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միասնական երթուղային ցանցի ձեւավորման ոլորտները Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը վերապահելուց եւ այդ նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատվելուց հետո Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության այն քաղաքացիական ծառայողները, որոնց գործունեությունը կապված է սույն մասում նշված ոլորտների հետ, առանց մրցույթի եւ վերջնահաշվարկի նշանակվում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հավասարազոր կամ ավելի ցածր քաղաքացիական ծառայության պաշտոններում՝ իրենց համաձայնությամբ, իսկ մինչեւ վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոն զբաղեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում պահպանվում եւ հաշվի են առնվում քաղաքացիական ծառայողների նկատմամբ նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, աշխատանքի չներկայանալու ժամկետները: