Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-071-26.03.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 58-րդ հոդվածը լրացնել նոր 3.2. մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

 «Կատարողական թերթի կատարման ընթացքում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ծառայության մեջ գտնվող պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարացված վճարներից կարող է պահվել տասը տոկոսից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Նախագծի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ծառայողների սոցիալական երաշխիքների նախատեսման անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կատարողական թերթի կատարման ընթացքում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ծառայող պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել տասը տոկոսից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը: Նախագծի ընդունման արդյունքում օրենքով կսահմանվեն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձանց սոցիալական երաշխիքների իրացումը:
 

Տեղեկանք

Գործող օրենքում առաջարկվող լրացման մասին

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Հոդված 58. Պարտապանի աշխատավարձից եւ այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը

1. Կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչեւ բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե`

1) բռնագանձվում է ալիմենտ.

2) հատուցվում է առողջությանը, ինչպես նաեւ կերակրողի մահվամբ պատճառված վնասը.

3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:

Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:

3. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են նաեւ պարտապանի, կուտակային եւ կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի եւ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների վրա բռնագանձում տարածելիս:

3.1. Կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչեւ բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

3.2. Կատարողական թերթի կատարման ընթացքում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ծառայող պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել տասը տոկոսից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

                                                                 008                                                                                                                                                                                                                              «25» մարտի 2019թ.
 
 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են

1. օրենքի նախագիծը

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել լրացում:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 3 թերթ։
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ`    ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ