Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-0671-22.03.2019,27.03.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 5. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնն ստանձնելը

1. Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տալիս է հետեւյալ երդումը. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը:»:

2. Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված երդումը տալուց հետո՝ անհապաղ, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների դադարման օրը:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում «անդամի» բառը փոխարինել «դատավորի» բառով, իսկ 5-րդ մասում «անդամների» բառը փոխարինել «դատավորների» բառով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ ՝

«5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու դեպքերում՝ նրա լիազորությունները դադարելու օրվան նախորդող յոթերորդ ամսվա վերջին օրը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերով սահմանված հիմքերով, Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվելուց ոչ ուշ, քան մեկ օր հետո Սահմանադրական դատարանի նախագահն այդ մասին տեղեկացնում է համապատասխանաբար Հանրապետության նախագահին, Վճռաբեկ դատարանի նախագահին եւ Կառավարությանը»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում թափուր տեղում նոր դատավորի ընտրությունն անցկացվում է՝

1) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման դեպքերում՝ նրա լիազորությունների դադարման մասին Սահմանադրական դատարանի նախագահի կողմից տեղեկացվելու օրվան հաջորդող վեցամսյա ժամկետում.

2) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման, ինչպես նաեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման կամ Սահմանադրական դատարանի նոր դատավոր չընտրվելու դեպքերում՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում:»:

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու մասին սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով՝

«3. Սահմանադրական դատարանի նոր դատավորն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով եւ Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սահմանադրական դատարանը իր՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 8-րդ մասերի, ինչպես նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետեւանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության մասով, սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով կայացրած թիվ ՍԴՈ-1434 որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորմանը՝ ճանաչել է Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին եւ 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող: Բացի այդ, Սահմանադրական դատարանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 8-րդ մասերը նույնպես ճանաչել է Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին եւ 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող: Սահմանադրական դատարանը որոշման պատճառաբանական մասում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց է համարել նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասութունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է Ազգային ժողովի կանոնակարգի իրավակարգավորմանը` սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է: Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 1-ին մասով վեցամսյա ժամկետ է սահմանվում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության անցկացման համար, եւ, ինչպես դա բխում է նաեւ նույն հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումներից, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը կատարվում է ընտրության ժամկետի սահմաններում: Ընտրության արդյունքում, ինչպես վերը նշվել է, համալրվում է Սահմանադրական դատարանի կազմը, ըստ այդմ՝ ապահովվում է նրա բնականոն գործունեությունը եւ սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացումը, ուստիեւ այնպիսի էական մանրամասը բովանդակող իրավակարգավորում է, որը պետք է սահմանվի Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Նույն տեսանկյունից վերլուծելով նաեւ Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի այլ դրույթները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ հոդվածի 3-րդ մասով, 7-րդ մասի երկրորդ նախադասությամբ եւ 8-րդ մասով եւս սահմանվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության անցկացմանը, ներառյալ՝ առաջադրմանը, պաշտոնի ստանձնմանը վերաբերող էական մանրամասներ բովանդակող իրավակարգավորումներ, մասնավորապես, թե ինչ հաջորդականությամբ են կատարվում Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները եւ ինչ ժամկետներում, երբ է Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ստանձնում իր պաշտոնը՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում, ինչ ժամկետում է կրկին առաջադրվում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու՝ Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու դեպքում:

Բացի այդ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրելու ժամկետները չեն կարող կամայականորեն տարբերակվել միմյանցից: Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող մարմինը, ըստ էության, իրականացնում է առաջադրման նույն գործընթացը, ինչպես եւ նախորդ դեպքում, քանի որ այլ առանձնահատուկ գործընթաց օրենքով սահմանված չէ, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները միասնական են եւ պայմանավորված չեն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման արդյունքներով: Ուստի Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ժամկետ սահմանելիս օրենսդրի կողմից պետք է ամրագրվի Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ողջամիտ ժամկետ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման սահմանադրական լիազորության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություններ՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով ՀՀ Սահամադրական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1434 որոշումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) կարգավորվել են հետեւյալ հարցերը.

1) Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող դրույթները նախատեսվել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահամադրական օրենքում,

2) հստակեցվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու պահը,

3) սահմանվել են Սահմանդրական դատարանի դատավորի ընտրության ժամկետները,

4) միասնականացվել են Սահմանդրական դատարանի դատավորի ընտրության տարբեր փուլերի համար սահմանված ժամկետները:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը վերաբերող դրույթները համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1434 որոշման պահանջներին:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ