Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի) 333-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 մասով՝
«11 . Եթե անձի իրավունքի խախտումը նրա համար առաջացրել է վնասներ եւ խախտումը կապված է սույն օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության կամ գործողությունների հետ, ապա վնասների հատուցման պահանջներով հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է 10 տարով՝ այն գործողության կամ գործողությունների կատարման օրվանից հաշված, որոնք առաջացրել են վնասներ։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
2004 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը վավերացրել է «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան, որի 7-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է վնասի հատուցման գործերով վաղեմության ժամկետը սահմանափակել 10 տարով այն պահից հաշված, երբ պարտատերը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների խախտման մասին:
Քանի որ կոնվենցիայի 17-րդ հոդվածը վերապահումներ անելու հնարավորություն չի տալիս, այն վավերացնելիս 7-րդ հոդվածի վերոհիշյալ պահանջը պարտադիր է դարձել Հայաստանի Հանրապետության համար, որի կատարման նպատակով անհրաժեշտ է սահմանված կարգով լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում: