Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-077-29.03.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 88-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով`

«5. Ապահովագրական միջնորդների նշանակալից մասնակիցները չեն կարող լինել դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք, եթե այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Ապահովագրական միջնորդները Կենտրոնական բանկ են ներկայացնում սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն Կենտրոնական բանկի սահմանած կարգով եւ ժամկետներում:»:

Հոդված 2. Օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ ենթակետում «անհատական տվյալների» բառերից հետո լրացնել «, դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (եթե այդ դատվածությունը հանված կամ մարված է օրենքով սահմանված կարգով) մասին գրավոր հայտարարություն)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 99-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 կետով.

«4.1) նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն եւ այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:»:

Հոդված 4. Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ է1 ենթակետով.

«է.1. Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնացություն ունեցող անձանց, նրանց անհատական տվյալների եւ մասնակցության չափի մասին տեղեկություններ, նշանակալից մասնակիցների կողմից դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (կամ այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու) մասին գրավոր հայտարարություն.»:

Հոդված 5. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 կետով.

2.1) դիմումատուի նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն  եւ այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

21 մարտի 2019 թվականի  N 252   - Ա
 

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ  ԵՎ  ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԳՐԱՎԱՏՆԵՐԻ  ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ  ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  ԵՎ  ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ   ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության  օրենքՆԵՐի նախագծԵՐի ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. մարտի 25
         Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ   
  
 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 21-ի N 252-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
 

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ