Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-077-29.03.2019-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 88-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով`

«5. Ապահովագրական միջնորդների նշանակալից մասնակիցները չեն կարող լինել դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք, եթե այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Ապահովագրական միջնորդները Կենտրոնական բանկ են ներկայացնում սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն Կենտրոնական բանկի սահմանած կարգով եւ ժամկետներում:»:

Հոդված 2. Օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ ենթակետում «անհատական տվյալների» բառերից հետո լրացնել «, դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (եթե այդ դատվածությունը հանված կամ մարված է օրենքով սահմանված կարգով) մասին գրավոր հայտարարություն)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 99-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 կետով.

«4.1) նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն եւ այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:»:

Հոդված 4. Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ «է.1» ենթակետով.

«է.1. Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, նրանց անհատական տվյալների եւ մասնակցության չափի մասին տեղեկություններ, նշանակալից մասնակիցների կողմից դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (կամ այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու) մասին գրավոր հայտարարություն.»:

Հոդված 5. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 կետով.

2.1) դիմումատուի նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն  եւ այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: