Գլուխ 1
Ընդհանուր դրույթներ
Հոդված 1. Դատարանների Աշխատակազմերում դատական ծառայությունը
1. Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատակազմերը (այսուհետ նաեւ՝ Աշխատակազմ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված պետական կառավարչական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված կարգով։
2. Աշխատակազմում դատական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության դատարաններին (այսուհետ՝ դատարան) վերապահված լիազորությունների եւ գործառույթների իրականացման ապահովմանը։
3. Աշխատակազմում ծառայությունը, համարվում է դատական ծառայություն, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության բաղկացուցիչ մասն է։
Հոդված 2. Սույն օրենքի կարգավորման առարկան
«Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատակազմերում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` սույն օրենք) կարգավորում է Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնների դասակարգման, դատական ծառայության պաշտոնի նշանակման, դատական ծառայողների ատեստավորման եւ վերապատրաստման, դատական ծառայողների իրավական վիճակի, դատական ծառայության կազմակերպման եւ ղեկավարման, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերությունները։
Հոդված 3. Դատական ծառայությունը կարգավորող օրենսդրությունը
1. Աշխատակազմում դատական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, ինչպես նաեւ այլ օրենքներով եւ իրավական ակտերով։
2. Աշխատակազմում դատական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե սույն օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն։
3. Աշխատակազմում դատական ծառայողների միջեւ ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով, «Հայաստանի Հանրապետության դատարաններում գործավարության մասին» հրահանգով, դատարանի նախագահի հաստատած ներքին աշխատանքային կարգապահական կանոններով, դատարանի նախագահի հրամաններով եւ այլ իրավական ակտերով։
Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.
1) Աշխատակազմում դատական ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ դատարաններին վերապահված լիազորությունների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն (այսուհետ` նաեւ դատական ծառայություն).
2) Աշխատակազմում դատական ծառայության պաշտոն՝ սույն օրենքի պաշտոնների անվանացանկով նախատեսված դատական ծառայության պաշտոն.
3) Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնների անվանացանկ՝ սույն օրենքով նախատեսված դատական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.
4) Աշխատակազմում դատական ծառայող՝ Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն զբաղեցնող անձ (այսուհետ նաեւ՝ դատական ծառայող).
5) Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող Աշխատակազմում դատական ծառայողի համար սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող եւ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար Աշխատակազմում դատական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաեւ Աշխատակազմում դատական ծառայության համապատասխան փորձ ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.
6) Աշխատակազմի ղեկավար՝ Աշխատակազմի ղեկավարման եւ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների եւ այլ աշխատանքներ կատարող անձանց, դատական ծառայողների գործունեության համակարգման լիազորություններով օժտված պաշտոնատար անձ.
7) Աշխատակազմում դատական ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոններին Աշխատակազմում դատական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումը աշխատանքի կատարողականի գնահատման միջոցով.
8) Աշխատակազմում դատական ծառայողների վերապատրաստում՝ Աշխատակազմում դատական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործում՝ սույն օրենքով սահմանված կարգով,
9) դատավորին կցվող դատական ծառայող` օրենքով դատավորին կցվող դատական ծառայող;
2. Սույն օրենքի իմաստով` Աշխատակազմում դատական ծառայողներ չեն համարվում դատարանի նախագահը, դատավորները, դատարանի կողմից նշանակված փորձագետները, մասնագետները, անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչները, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկման եւ պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձինք։ Տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքները ներառվում են Աշխատակազմի հաստիքացուցակում, իսկ այդ հաստիքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են` սույն օրենքով, Աշխատանքային օրենսգրքով, այլ օրենքներով եւ Աշխատակազմի կանոնադրությամբ:
Հոդված 5. Սույն օրենքի գործողության ոլորտը
1.Սույն օրենքի գործողությունը տարածվում է Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա։
2.Սույն օրենքի գործողությունը դատավորների վրա տարածվում է միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված լինելու դեպքում:
ԳԼՈՒԽ 2
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Հոդված 6. Դատական ծառայության պաշտոնների դասակարգումը
1. Դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաեւ գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ մակարդակից:
2. Դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.
1) դատական ծառայության գլխավոր պաշտոններ.
2) դատական ծառայության առաջատար պաշտոններ.
3) դատական ծառայության կրտսեր պաշտոններ:
3. Դատական ծառայության պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի:
4. Դատական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:
Հոդված 7. Դատական ծառայության դասային աստիճանները
1. Դատական ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.
1) դատական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի դատական խորհրդականի դասային աստիճան.
2) դատական ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.
3) դատական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
3.Դատական ծառայության դասային աստիճանները շնորհում է դատարանի նախագահի ներկայացմամբ վճռաբեկ դատարանի նախագահը:
4.Դատական ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ դատական ծառայողին շնորհվում է դատական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի դատական (պետական) ծառայության ավելի բարձր դասային աստիճան:
Դատական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է ատեստավորման արդյունքում:
Դատական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին դատական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո:
5.Դատական ծառայողը դատական ծառայության դասային աստիճանից զրկվում է սույն օրենքի 33 հոդվածների 1-ին մասի 2, 3, 8, 10, 14 ենթակետերով նախատեսված հիմքերով ազատվելու դեպքում:
6. Դատական ծառայության դասային աստիճանը իջեցվում է դատական կարգով:
7. Դատական ծառայողների դասային աստիճանները պահպանվում են`
դատական ծառայության այլ պաշտոններում նշանակվելիս,
պետական կառավարման այլ մարմիններում պետական ծառայողների պաշտոններում նշանակվելիս:
Հոդված 8 . Դատական ծառայության պաշտոնները
1. Աշխատակազմում դատական ծառայության պաշտոններ են` աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի պետը, դատարանի նախագահի օգնականը, խորհրդատուն, դատավորի օգնականը, մասնագետը, դատական նիստերի քարտուղարը, արխիվապահը, գլխավոր հաշվապահը, հաշվապահը, գրասենյակի քարտուղարը:
2. Օրենքներով եւ այլ իրավական ակտերով դատավորին կցվող դատական ծառայողների, ինչպես նաեւ աշխատակազմի գործունեության համար այլ պաշտոններ նախատեսված լինելու դեպքում, դրանք ներառվում են դատական ծառայության պաշտոններում:
Հոդված 9. Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնի անձնագիրը
1. Դատական ծառայության պաշտոնների անձնագրերի օրինակելի ձեւերըը հաստատում է վճռաբեկ դատարանի նախագահը: Յուրաքանչյուր դատարանի աշխատակազմի դատական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է դատարանի նախագահը:
2. Դատական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաեւ աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.
1) Աշխատակազմում դատական ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն իրավաբանական կրթություն, Աշխատակազմում դատական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երւ տարվա ստաժ, կամ առնվազն չորս տարվա դատական ծառայության ստաժ եւ (կամ) դատական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ գիտական աստիճան եւ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ քաղաքացիական ծառայության առնվազն չորս տարվա ստաժ եւ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
2) Աշխատակազմում դատական ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, Աշխատակազմում դատական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
3) Աշխատակազմում դատական ծառայության կրտսեր պաշտոններ՝ առանց աշխատանքային ստաժի եւ փորձի:
Հոդված 10. Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքացուցակը
1. Յուրաքանչյուր դատարանի աշխատակազմում դատական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է վճռաբեկ դատարանի նախագահը` դատարանի նախագահի ներկայացմամբ:
Դատական ծառայության պաշտոնների անվանումները կարող են ունենալ հավելյալ նշում` ելնելով դատական ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված լիազորությունների կամ կատարվող աշխատանքների առանձնահատկություններից:
2. Յուրաքանչյուր դատարանի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատվում է (փոփոխվում է) դատարանի նախագահի կողմից, սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված դատական ծառայողների անվանացանկը հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում: Աշխատակազմի հաստիքացուցակը ներառում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ տեխնիկակակն սպասարկում իրականացնող անձանց հաստիքները:
1) Դատական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված հաստիքների քանակը որոշվում է`
դատավորին (դատավորներին) կցվող դատական ծառայողների հաստիքները` օրենքով սահմանված կարգով,
գրասենյակի պետի հաստիքների քանակը որոշվում է` Աշխատակազմում նման կառուցվածքային ստորաբաժանումների քանակով, յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման համար` մեկ հաշվարկով,
մասնագետների հաստիքների քանակը որոշվում է` Աշխատակազմի կառուցվածքային նստավայրերի եւ ստորաբաժանումների քանակով,
գրասենյակի քարտուղարների քանակը որոշվում է` յուրաքանչյուր երեք դատավորին` մեկ հաշվարկով,
հաշվապահի հաստիքի քանակը որոշվում է դատարանի աշխատակազմի հաստիքների քանակով, յուրաքանչյուր 30 հաստիքին` մեկ հաշվարկով:
Դատական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված եւ սույն մասով չնախատեսված մնացյալ դատական ծառայության պաշտոնների հաստիքների քանակը որոշվում է` յուրաքանչյուր դատարանի աշխատակազմի համար` մեկ հաշվարկով:
2) Տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքների քանակը որոշվում է նստավայրերի քանակով եւ ըստ դատարանների շենքերի պահպանման եւ սպասարկման ուղղակի անհրաժեշտության` ՀՀ կառավարության կողմից հաստատված նորմատիվներով:
Սույն մասով նախատեսված հաշվարկի համար դատավորների, նստավայրերի եւ հաստիքների քանակային հաշվարկը հավասար չլինելու դեպքում, հաշվարկվում (հավելվում) է` մեկ հաստիք:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դատական ծառայության պաշտոնների անվանացանկով սահմանված պաշտոնների հաստիքների քանակը կարող է ավելացվել ՀՀ կառավարության կողմից:
ԳԼՈՒԽ 3
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ
Հոդված 11. Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք
Սույն օրենքով սահմանված կարգով Աշխատակազմում դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Հոդված 12. Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձինք
1. Աշխատակազմում դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր՝
1) դատական կարգով ճանաչվել են անգործունակ, կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել են պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որն Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը եւ լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել են հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:
2. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 13. Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնի նշանակումը
1. Աշխատակազմում դատական ծառայության պաշտոններում նշանակումներ կատարվում են սույն օրենքի 15-16-րդ հոդվածներով սահմանված կարգով: Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնում նշանակված անձինք, սույն օրենքով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերի բացակայության դեպքում, անփոփոխելի են, բացառությամբ աշխատակազմի ղեկավարի պաշտոնի:
2. Աշխատակազմում դատական ծառայության պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է դատարանի նախագահը:
4. Աշխատակազմում առաջին անգամ դատական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է երեք ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 14. Դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակման կարգը
1. Աշխատակազմում դատական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցվում են մրցութային կարգով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Դատական ծառայության թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող՝ Աշխատակազմում դատական ծառայողների բացակայության, սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգով անցկացված փակ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքերում, ինչպես նաեւ դատական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների համար անցկացվում է բաց մրցույթ՝ սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Օրենքով նախատեսված դեպքում դատավորին կցվող դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է դատավորի ներկայացմամբ:
Դատավորին կցվող դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակվող անձը պետք է համապատասխանի սույն օրենքով եւ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին:
Դատավորի համաձայնությամբ իրեն կցվող դատական ծառայության թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել սույն սույն օրենքի 15-16-րդ հոդվածներով նախատեսված մրցութային կարգով: Մրցույթի արդյունքներում հաղթող ճանաչված անձը նշանակվում է դատավորի ներկայացմամբ:
Հոդված 15. Դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթը
1. Դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում, բացառությամբ դատական ծառայության կրտսեր պաշտոնների, այդ պաշտոնի զբաղեցման համար անցկացվում է փակ մրցույթ: Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող՝ Աշխատակազմում դատական ծառայողները:
2. Փակ մրցույթը անցկացվում է աշխատանքի կատարողականի գնահատման հիման վրա` հարցազրույցի միջոցով: Փակ մրցույթին մեկից ավելի դատական ծառայողների հաղթող ճանաչվելու դեպքում թափուր պաշտոնում նշանակում է դատարանի նախագահը:
3. Փակ մրցույթի անցկացման կարգը սահմանվում է դատարանների նախագահների խորհրդի կողմից:
Հոդված 16. Դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթը
1. Սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում չկատարելու արդյունքում, ինչպես նաեւ Աշխատակազմում դատական ծառայության կրտսեր թափուր պաշտոն առաջանալու դեպքերում այդ պաշտոններն զբաղեցվում են բաց մրցույթով (այսուհետ նաեւ՝ մրցույթ), բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Աշխատակազմում դատական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցնելու համար Աշխատակազմը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:
3. Աշխատակազմում դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներն անցկացնում են սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովները, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Աշխատակազմը:
4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:
5. Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
6. Մրցույթն անցկացվում է ` թեստավորման եւ հարցազրույցի փուլերով:
7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմվում են հիմնադրի սահմանած կարգով՝ համակարգչում զետեղված հարցաշարից եւ դրանցից պատահական ընտրված հարցերից՝ մասնակիցների գիտելիքները հետեւյալ բնագավառներում ստուգելու համար.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.
2) դատական ծառայության առանձին տեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն.
3) Աշխատակազմի գործառույթներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն,
4) հայերեն լեզվի եւ (կամ) դատական ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված լինելու դեպքում օտար լեզվի իմացություն:
Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:
Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից եւ խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան: Հարցերի (խնդիրների) պատասխանները հրապարակման ենթակա չեն:
Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:
Թեստավորման փուլում հաղթող են ճանաչվում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած եւ առավելագույն միավորներ հավաքած մասնակիցները:
8. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է Աշխատակազմում դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողություններն ստուգելու եւ մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով:
Հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
Հարցազրույցի արդյունքում հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր փակ գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
9. Մրցույթի արդյունքները պաշտոնապես հրապարակվում են մրցույթի արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո` դատարանի շենքում հատկացված վայրում:
10. Մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` նույն օրը, համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին տալիս է եզրակացություն: Եզրակացությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Աշխատակազմում դատական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին, սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով, նշանակում է համապատասխան պաշտոնում, իսկ դատավորին կցվող դատական ծառայողի թափուր պաշտոնի նշանակման դեպքում նշանակում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների պահպանմամբ:
11. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, եւ անցկացվում է կրկնակի մրցույթ:
Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերից որեւէ մեկը, կամ դիմում տված քաղաքացիներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է կրկնակի մրցույթ:
Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթի արդյունքներում նշանակված անձն ենթակա է ազատման, որի դեպքում անցկացվում է կրկնակի մրցույթ:
Կրկնակի մրցույթ է անցկացվում նաեւ մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:
Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:
12.Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա Աշխատակազմում դատական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նշանակումը կատարվում է կադրերի ռեզրվում գտնվող մասնագետներից` հարցազրույցի եւ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման միջոցով: Կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում նոր մրցույթը հայտարարվում է 2 ամիս հետո:`
13. Աշխատակազմում դատական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար հայտարարված բաց մրցույթներին Աշխատակազմի դատական ծառայողները կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով:
Հոդված 17. Դատական ծառայության ստաժը
1. Աշխատակազմում դատական ծառայության ստաժը ներառում է դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակաշրջանը, ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարաններում աշխատած ողջ ժամանակաշրջանը:
2. Աշխատակազմում ունեցած դատական ծառայության ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ դատական ծառայողի ընդհանուր, մասնագիտական աշխատանքային ստաժում եւ պետական ծառայության ստաժում:
3. Մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով դատական ծառայողի գործուղման դեպքում պահպանվում է նրա՝
1) Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնը, վարձատրությունը եւ դատական ծառայության ստաժը, մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ.
2) Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնը եւ դատական ծառայության ստաժը, մեկից մինչեւ երեք տարի ժամկետով գործուղման դեպքում՝ դատարանի նախագահի թույլտվությամբ:
4. Դատարանի նախագահի թույլտվությամբ երեք տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում՝ Աշխատակազմում դատական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, իսկ մինչեւ ազատումը ընկած գործուղման ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը (ուսուցման ժամանակը) հավասարեցվում է դատական ծառայության ստաժին:
Հոդված 18. Դատական ծառայողին փոխարինելը եւ նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը
Աշխատակազմում դատական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալու՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, Աշխատակազմում դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում կամ այդ պաշտոնում նշանակվելու համար մասնակից չընտրվելու, դատավորի կողմից նշանակման առաջարկ չներկայացվելու, Աշխատակազմում դատական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու երկարաժամկետ անհնարինության, սույն օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ կետով, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ երկարաժամկետ բացակայության դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող դատական ծառայողի կողմից կամ նշանակվում է կադրերի ռեզերվից՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, բացառությամբ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, սույն օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո, կամ փոխարինողի բացակայության, կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի եւ այդ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացու միջեւ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է Աշխատակազմում դատական ծառայողի բացակայության ժամկետով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է Աշխատակազմում դատական ծառայողի ծառայության ներկայանալու օրը:
Հոդված 19. Դատական ծառայողին փոխարինելը ժամանակավոր (կարճաժամկետ) բացակայության եւ անաշխատունակության դեպքում
Դատական ծառայողի ժամանակավորապես (կարճաժամկետ) բացակայության, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող դատական ծառայողի կողմից:
ԳԼՈՒԽ 4
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ
Հոդված 20. Դատական ծառայողի ատեստավորումը
1. Դատական ծառայողի ատեստավորումը իրականացվում է աշխատանքի կատարողականի գնահատման հիման վրա:
2. Դատական ծառայողների աշխատանքի կատարողականը պետք է գնահատվի տարին մեկ անգամ իրենց անմիջական ղեկավարի, իսկ դատավորին կցվող դատական ծառայողների դեպքում` դատավորի կողմից:
3. Աշխատանքի կատարողականի գնահատումը պարտադիր է նաեւ փորձաշրջանի ավարտից հետո:
4. Գնահատումները կարող են կատարվել արտահերթ` դատական ծառայողի ցանկությամբ մեկ տարվա ընթացքում` մեկ անգամ: Արտահերթ գնահատումները իրականացվում են գնահատման ընդհանուր կանոնների համաձայն:
5. Դատական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատման չափանիշները միասնական են բոլոր դատական ծառայողների համար: Դատական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատականը պետք է լինի օբյեկտիվ, հստակ եւ սպառի դատական ծառայողի պաշտոնին առաջադրվող բոլոր պահանջները, մասնավորապես այն պետք է ներառի` դատական ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների եւ պարտականությունների կատարման գնահատումը, աշխատանքի որակը, ստեղծագործական մտածելակերպը, պատրաստակամությունը իր կողմից իրականացվող գործառույթների նկատմամբ, հմտություններն ու ունակությունները, ինքնուրույնությունը եւ դատական ծառայողի պաշտոնին բնորոշ այլ որոշիչ չափանիշներ:
6. Ատեստավորումն անցկացվում է երկու փուլերով.
1) աշխատանքի կատարողականի փաստաթղթային գնահատում,
2) հարցազրույց:
Դատական ծառայողների ատեստավորման կարգը եւ փաստաթղթային ձեւերը մշակվում եւ հաստատվում են դատարանների նախագահների խորհրդի կողմից:
7. Հարցազրույցից առնվազն մեկ շաբաթ առաջ անմիջական ղեկավարը, իսկ դատավորին կցվող դատական ծառայողի դեպքում` դատավորը, դատական ծառայողին եւ աշխատակազմի ղեկավարինհանձնում է համապատասխան ծառայողական բնութագիրը եւ աշխատանքի փաստաթղթային գնահատականը: Աշխատակազմի ղեկավարը իրավունք ունի իր մասնավոր կարծիքը կցելու գնահատականին: Դատական ծառայողն իրավունք ունի գրավոր ընդունելու կամ առարկելու գնահատականի, ինչպես նաեւ աշխատակազմի ղեկավարի մասնավոր կարծիքի դեմ: Դատական ծառայողի կողմից գրավոր առարկություն չներկայացնելու դեպքում գնահատականը համարվում է ընդունված:
Դատական ծառայողի աշխատանքի կատարողականի գնահատման հարցազրույցն անցկացվում է ծառայողի անմիջական ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի, իսկ դատավորին կցվող դատական ծառայողների դեպքում` դատավորի կողմից:
8. Դատական ծառայողների աշխատանքի կատարողականի երկփուլային գնահատման արդյունքում կայացվում են հետեւյալ որոշումները`
1) շնորհել ավելի բարձր դասային աստիճան,
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ վերապատրաստում անցնելուց հետո,
4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
5) սույն օրենքով նախատեսված խրախուսման որեւիցե տեսակի կիրառում:
9. Եթե աշխատանքի գնահատման միջեւ ընկած ժամանակաշրջանում Աշխատակազմում դատական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից՝ գնահատման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա վերջինիս տված եզրակացություններն իրավաբանական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են գնահատումների միջեւ ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա Աշխատակազմում դատական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել Աշխատակազմում դատական ծառայողի աշխատանքի կատարողականի գնահատման արդյունքների վրա:
10. Ատեստավորման ենթակա չեն՝
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող Աշխատակազմում դատական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
2) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող` դատական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձաց դատական ծառայողները` վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
Հղիության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան վեց ամիս հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ Աշխատակազմում ժամանակավոր անաշխատունակ դատական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
11. Ատեստավորման արդյունքներն ատեստավորման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացվում են դատական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) դատական ծառայողին դատական ծառայության ավելի բարձր դասային աստիճան շնորհելու մասին.
բ) դատական ծառայողի վերապատրաստում անցնելու մասին.
2) դատական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նման որոշում կայացվում է նաեւ, եթե Աշխատակազմում դատական ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:
3) սույն օրենքով նախատեսված խրախուսման որեւիցե տեսակի կիրառման մասին:
12. Դատական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
Աշխատակազմում դատական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դատական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդում գտնվելու, ինչպես նաեւ վերապատրաստման ժամանակ, ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրանց աշխատանքի ներկայանալու օրվանից եռօրյա ժամկետում:
Հոդված 21. Դատական ծառայողի վերապատրաստումը
1. Դատական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է Աշխատակազմում դատական ծառայողի ատեստավորման արդյունքների հիման վրա, դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու, ինչպես նաեւ դատական ծառայողի կամ Աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ՝ Աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:
2. Յուրաքանչյուր դատական ծառայող առնվազն երեք տարին մեկ անգամ ենթակա է պարտադիր վերապատրաստման:
3. Դատական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
4. Դատական ծառայողների վերապատրաստում անցկացնում է հիմնադրի կողմից սահմանված ուսումնական հաստատությունների կամ ուսումնական կենտրոնների միջոցով:
5. Սույն օրենքի հիման վրա դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը հաստատում է դատարանների նախահագների խորհուրդը
Հոդված 22. Դատական ծառայողների կադրերի ռեզերվը
Սույն օրենքով սահմանված կարգով անցկացված մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված, սակայն աշխատակազմում դատական ծառայության չնշանակված քաղաքացիները մնում են դատարանների Աշխատակազմերի կադրերի ռեզերվում: Դատարանների կադրերի ռեզերվում ընդգրկված եւ երեք տարի դատական ծառայության պաշտոն չստանձնած քաղաքացիները համարվում են կադրերի ռեզերվում չընդգրկված:
ԳԼՈՒԽ 5.
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հոդված 23. Դատական ծառայողի հիմնական իրավունքները
1. Դատական ծառայողի հիմնական իրավունքներն են՝
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը,
2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին եւ այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ ներկայացնելը,
3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը,
4) աշխատանքի վարձատրության, առողջության պաշտպանության, անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը,
5) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը,
6) իրավական պաշտպանությունը,
7) դատական ծառայության դասային աստիճանի՝ սահմանված կարգով բարձրացումը.
8) պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
9) մրցույթի եւ ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում՝ դատական կարգով.
10) Աշխատակազմում դատական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը եւ առաջարկություններ ներկայացնելը:
2. Աշխատակազմում դատական ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
Հոդված 24. Դատական ծառայողի հիմնական պարտականությունները
1. Աշխատակազմում դատական ծառայողի հիմնական պարտականություններն են՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
գ) իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը եւ հաշվետվություններ ներկայացնելը.
3) սահմանված կարգով տված հանձնարարականները կատարելը.
4) իրավական ակտով սահմանված ներքին աշխատանքային կարգապահական կանոնները պահպանելը.
5) ներկայացված բոլոր փաստաթղթերը, ապացույցներն ու դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը ուսումնասիրելը եւ սահմանված կարգով դրանց ընթացք տալը,
6) ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում գաղտնիքը պահպանելը՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.
2. Դատական ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 25. Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Դատական ծառայողն իրավունք չունի՝
1) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից,
2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,
3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչը դատարաններում,
4) թույլ տալ դատական ծառայության սկզբունքների խախտումներ՝ իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.
5) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, դատական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.
7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
2. Դատական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, դատական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 եւ ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Աշխատակազմում դատական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:
3. Դատական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմիյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
Հոդված 26. Դատական ծառայողի սոցիալական երաշխիքները
1. Դատական ծառայողի համար երաշխավորվում են`
1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.
2) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.
3) ամենամյա վճարովի արձակուրդ.
4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը եւ դրա համար նախատեսված վարձատրությունը.
5) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.
6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, դատական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում՝ բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.
8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:
2. Դատական ծառայողին ծառայողական անհրաժեշտության դեպքում հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:
Հոդված 27. Դատական ծառայողի վարձատրությունը
1. Աշխատակազմում դատական ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` քաղաքացիական ծառայողների վարձատրությանը համարժեք չափով եւ կարգով:
2. Դատական ծառայողների աշխատանքի վարձատրության բազային դրույքաչափը չի կարող պակաս լինել քաղաքացիական ծառայողների համար սահմանված բազային պաշտոնային դրույքաչափից:
Հոդված 28. Դատական ծառայողի սոցիալական ապահովությունը
Դատական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 29. Դատական ծառայողի իրավական վիճակը Աշխատակազմի վերակազմակերպման ժամանակ
Աշխատակազմի վերակազմակերպումն Աշխատակազմում դատական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ վերակազմակերպումն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է դատական ծառայության առավել բարձր դասային աստիճան ունեցող Աշխատակազմում դատական ծառայողին, այս պայմանի հավասարության դեպքում՝ Աշխատակազմում դատական ծառայության առավել երկար ստաժ ունեցող Աշխատակազմում դատական ծառայողին, իսկ վերջին պայմանի հավասարության դեպքում` առավել երկար ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող դատական ծառայողին:
Հոդված 30. Դատական ծառայողի անձնական գործը
1. Աշխատակազմում դատական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը կամ համապատասխան ծառայողը:
2. Աշխատակազմում դատական ծառայողների անձնական գործերի վարման կարգը հաստատում է դատարանների նախագահների խորհուրդը:
ԳԼՈՒԽ 6
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 31. Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար Աշխատակազմում դատական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում,
2) միանվագ դրամական պարգեւատրում,
3) հուշանվերով պարգեւատրում,
4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում,
5) կարգապահական տույժի հանում:
Դատական ծառայողի նկատմամբ կարող են նաեւ կիրառվել օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:
2. Դատական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է դատարանի նախագահը եւ հիմնադիրը:
Հոդված 32. Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունները գերազանցելու, ներքին աշխատանքային կարգապահական կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, դատական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.
1) նախազգուշացում,
2) նկատողություն,
3) խիստ նկատողություն:
2. Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը պետք է գրավոր բացատրություն պահանջվի կարգապահական խախտում թույլ տված Աշխատակազմում դատական ծառայողից: Դատական ծառայողի կողմից գրավոր բացատրություն չներկայացվելու դեպքում, աշխատանքային տույժը նշանակվում է նման բացատրություն պահանջելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի զեկուցագրի հիման վրա:
Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:
Կարգապահական տույժի մասին Աշխատակազմում դատական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
Դատական ծառայողի կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չենթարկվելու դեպքում, նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:
Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը` որպես սույն օրենքի 31-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակ:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերն Աշխատակազմում դատական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
Հոդված 33. Դատական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը
1. Դատական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
1) անձնական դիմումը,
2) սույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելը,
3) սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվածդեպքը,
4) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները,
5) հաստիքների կրճատումը,
6) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության եւ ծննդաբերությանարձակուրդը, պարտադիր զինվորական ծառայությունը ,
7) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը,
8) դատական ծառայության պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգը խախտելը,
9) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
10) ազատազրկման դատապարտվելը.
11) Աշխատակազմում դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.
12) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.
13) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
14) դատական կարգով դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
15) սույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը.
16) համապատասխան դատարանի աշխատակազմի լուծարումը,
17) դատավորին կցվող դատական ծառայողները նաեւ դատավորի փոխադրման կամ պաշտոնից ազատման դեպքերում:
2. Դատական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան կապակցությամբ:
3. Սույն հոդվածի առաջին մասի 4-6-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող, պարտադիր զինվորական ծառայություն անցնող Աշխատակազմում դատական ծառայողները:
Հոդված 34. Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը
1. Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
2. Աշխատակազմում դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ եւ հիմնադրի համաձայնությամբ, Աշխատակազմում դատական ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:
Հոդված 35. Դատական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը
1. Դատական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնից ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:
2. Այն դեպքում, երբ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կամ այլ դատավարական նորմի համապատասխան դատական ծառայողի ներկայացված դիմումի քննությունը ենթակա կամ ընդդատյա է այն դատարանին, որի աշխատակազմի ծառայող է հանդիսանում բողոքարկողը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը այլ դատավոր է գործուղում տվյալ դատարան վեճը քննելու համար:
3. Դատական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անօրինական ճանաչվելու դեպքում Աշխատակազմում դատական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, եւ հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:
ԳԼՈՒԽ 7
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 36. Դատական ծառայության կառավարման եւ ղեկավարման մարմինները
1. Աշխատակազմում դատական ծառայության կառավարման առանձին գործառույթներ իրականացնում է դատարանի նախագահը:
2. Դատարանի նախագահը՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննում է Աշխատակազմում դատական ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումները եւ բողոքները,
2) Աշխատակազմում դատական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմից նշանակում է նախագահ եւ քարտուղար,
3) համաձայնություն է տալիս Աշխատակազմում դատական ծառայողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաեւ պաշտոնից ազատելու դեպքերում,
4) իրականացնում է սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
3. Աշխատակազմում դատական ծառայության ղեկավարման մարմինն Աշխատակազմի ղեկավարն է, որն ապահովում է Աշխատակազմում դատական ծառայությունը:
Աշխատակազմի ղեկավարը դատական ծառայող է, որը պաշտոնում նշանակվում է »Պետական կառավարչական հիմնարկների մասին« ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակված անձը, »Պետական կառավարչական հիմնարկների մասին« ՀՀ օրենքով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերի բացակայության դեպքում, անփոփոխելի է: Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով, դատարանի աշխատակազմի կանոնադրությամբ եւ իրավական այլ ակտերով:
Աշխատակազմի ղեկավարը իր լիազորություններն իրականացնելիս կարող է ընդունել միայն անհատական իրավական ակտեր:
Հոդված 37. Դատական ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները
1. Աշխատակազմում դատական ծառայության թափուր պաշտոնների յուրաքանչյուր մրցույթի եւ դատական ծառայողների յուրաքանչյուր ատեստավորման համար դատարանի նախագահը ձեւավորում է հանձնաժողովներ՝ մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ:
2. Դատական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների եւ այդ պաշտոնները զբաղեցնող Աշխատակազմում դատական ծառայողների ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման կարգը, ինչպես նաեւ դրանց աշխատակարգը սահմանվում է դատարանների նախագահների խորհրդի կողմից:
ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 38. Օրենքի ուժի մեջ մտնելը
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի 27-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 39. Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելը եւ դասային կոչումներ շնորհելը
Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքացուցակը ենթակա են հաստատման, իսկ դատական կոչումները ենթակա են շնորհման մինչեւ 2006թ. հունվարի 1-ը:
Հոդված 40. Աշխատակազմի աշխատողներին դատական ծառայողներ համարելը
1. Դատական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են դատական ծառայողներ: սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երրորդ ամսվա ամսի 1-ից համարվում են Աշխատակազմում դատական ծառայողներ՝ հաշվի առնելով սույն օրենքի 9-11-րդ հոդվածների, 22-րդ հոդվածի երրորդ մասի եւ 32-րդ հոդվածի պահանջները:
Հոդված 41. Աշխատակազմում ժամկետային աշխատանքային պայմանագրերի լուծումը
Աշխատակազմում դատական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երրորդ ամսվա ամսի 1-ից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն:
Հոդված 42. Դատական ծառայողների առաջին վերապատրաստումը
Աշխատակազմում դատական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2-րդ ամսվա ամսի 1-ից:
Հոդված 43. Դատական ծառայողների առաջին ատեստավորումը
Աշխատակազմում վերապատրաստում անցած դատական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6-րդ ամսվա ամսի 1-ից: