Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 258.2 հոդվածով.
«Հոդված 258.2 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը
Կենդանիների նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսեւորումներով եւ հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը՝
պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առկա վիճակը եւ խնդիրները
ՀՀ-ում կենդանիների խեղման, ոչնչացման, խոշտանգման դեպքերը բազմաթիվ են, եւ նման դեպքերի համար ՀՀ քրեական օրենսգրքում ազտազրկումը, որպես պատիժ չի նախատեսվում: Նման երեւույթները, արարքները, հատկապես ԶԼՄ-ներում կամ համացանցում ցուցադրելը կամ տարածելը մեծ թվով մարդկանց պատճառում է խոր հոգեբանական վնաս՝ առաջացնելով հասարակության զայրույթը:
Ստորեւ ներկայացվում է 2018թ. հոկտեմբերից 2019թ. մարտ ամիսներին հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված վիճակագրությունը՝
Կենդանիների նկատմամբ դաժանությունը պետք է արգելվի եւ պատժվի, քանի որ այն հանգեցնում է հասարակության շրջանում բռնության եւ ագրեսիվության աճի:
Սույն իրավակարգավորման առնչությամբ հաշվի են առնվել նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, մասնավորապես՝ ուշադրության են արժանացել Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Վրաստանի Քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածները, որոնցով եւս քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու դեպքում: Պրակտիկան ցույց է տալիս, որ վերոնշյալ գործողությունները կենդանիների նկատմամբ իրականացվում է ինչպես թաքնված այնպես էլ բացահայտ, նման դաժան վերաբերմունքն ինքնին քրեածին գործոն է, որը կարող է հանցագործություն կատարող անձի կողմից՝ հետագայում բռնության կիրառման պատճառ հանդիսանալ:
Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող կարգավորմամբ հնարավորություն կստեղծվի պաշտպանել կենդանիներին խոշտանգումներից, դաժան վերաբերմունքից եւ հնարավորինս կկանխվի կենդանիների հանդեպ նման գործողություններ կատարելը, ինչպես նաեւ մեծ թվով մարդկանց, առավել եւս անչափահասներին` վերոնշված գործողությունների հետեւանքով պատճառվող խորը հոգեբանական վնասը կանխելու հնարավորություն կստեղծվի:
«--» ապրիլ 2019թ.
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝
1) օրենքների նախագծերը (հիմնական զեկուցող՝ Նաիրա Զոհրաբյան).
2) օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը.
3) գործող օրենքների լրացվող եւ փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ Նաիրա Զոհրաբյան
Արման Աբովյան
Էդուարդ Բաբայան
Շաքե Իսայան