Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-096-09.04.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 78-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

5. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերի:

Հոդված 2. Օրենսգրքի 79-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մաս.

9. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ԱՏԳ ԱԱ 0201, 0202, 0203, 0204, 0207, 0208, 0209, 0301, 0302, 0303, 0304, 0305, 0306, 0401, 0402, 0403, 0405, 0406, 0407, 0701, 0702, 0703, 0704, 0706, 0709, 0710, 0711, 0712, 0713, 0803, 0804, 0805, 0806, 0807, 0809, 0810, 0901, 0902, 1001, 1002, 1003, 1004, 1005, 1006, 1101, 1102, 1103, 1104, 1105, 1106, 1107, 1509, 1511, 1512, 1517, 1704, 1806, 1905, 2006, 2007, 2106, 2202, 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հետաձգվում է մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն Հայաստանի Հանրապետության գործող հարկային օրենսգրքի՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, մինչդեռ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Այս կարգավորումը շրջանառու միջոցների օգտագործման որոշակի անհավասարություն է առաջացնում նույն տեսակի ապրանքները ԵՏՄ-ից եւ երրորդ երկրներից ներմուծող կազմակերպությունների համար:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում ներմուծվող ապրանքներից առնվազն սննդամթերքի հիմնական տեսակների գծով այս անհավասարությունը կչեզոքացվի՝ նպաստելով ներմուծող կազմակերպություններում շրջանառու միջոցների ավելացմանը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան)

բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ