1. ՀՀ կառավարության՝ պետական կառավարման համակարգի եւ կառավարության կառուցվածքի փոփոխություններին առնչվող հիմնական դրույթները (տեսլականը), նկարագրված են ՀՀ կառավարության ծրագրում, մասնավորապես՝ «3.2 Հանրային կառավարում» գլխում։
2. 2018 թվականի ընթացքում, 2019 թվականի բյուջետային քննարկումների շրջանակում, ՀՀ վարչապետի առաջնորդությամբ պետական մարմինների հետ կազմակերպվել են ոլորտային հանդիպումներ՝ քննարկվել են այդ մարմինների լիազորությունները, ծրագրերը, ինչպես նաեւ վերջիններիս ստորաբաժանումների, ներառյալ ենթակա կազմակերպությունների գործառույթները, կառուցվածքը, ռեսուրսները, կառավարման, ներառյալ ֆինանսական կառավարման, հսկողության եւ այլ համակարգերը:
Քննարկման արդյունքներով ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ 02/16.8/5096-2019 հանձնարարականով (այսուհետ՝ Հանձնարարական) պետական մարմիններին են ներկայացվել վերը նշված քննարկումների արդյունքներն ամփոփող Միջանկյալ եւ Թեմատիկ ամփոփագրերը, որոնք, ըստ էության, հանդիսանում են նախաձեռնված փոփոխությունների հիմնական բնութագրիչները/չափորոշիչները:
3. Հանձնարարությամբ ներկայացված Միջանկյալ եւ Թեմատիկ ամփոփագրերով նաեւ սահմանված են այն պայմանները որոնց պետք է համապատասխանեցվի պետության հիմնադրած (մասնակցությամբ) հիմնադրամների, ՊՈԱԿ-ների, առեւտրային կազմակերպությունների եւ ԾԻԳ-երի գործունեությունը: Հաշվի առնելով, որ պետական մարմինները՝ յուրաքանչյուրն իր մասով, ներկայումս գնահատում է ենթակա կազմակերպությունների համապատասխանությունը նշված չափորոշիչներին, եւ այս գործընթացը դեռ չի ավարտվել, վերանայման ենթակա կազմակերպությունների սպառիչ ցանկ դեռեւս առկա չէ:
4. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն՝ քաղաքացիական ծառայողին ստիպողաբար ընտրություն կատարելու որեւէ գործընթաց նախատեսված չէ: Ավելին՝ Օրենքով հստակ սահմանված է, որ քաղաքացիական ծառայողն իր համաձայնությամբ է վերանշանակվում համապատասխան մարմնի վերակազմակերպման եւ (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ առաջարկվող պաշտոնին, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում նույնպես գրանցվում է իր ցանկությամբ՝ անձնական դիմումի համաձայն:
Ինչ վերաբերում է քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ կատարելուն, ապա հայտնում ենք, որ քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ կատարելու դեպքերը հստակ սահմանված են Օրենքով, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ կատարվում է համապատասխան մարմնում նրա լիազորությունները դադարելու կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվից հանվելու դեպքում:
5. Հանձնարարականի շրջանակներում նախատեսվել է արագ եւ արմատապես վերափոխել պետական կառավարման համակարգը՝ անհապաղ դադարեցնելով բոլոր այն գործառույթները, կազմակերպությունների եւ պաշտոնյաների գործունեությունը, որոնք չեն ապահովում հավելյալ արժեք՝ հանրային բարիքի արդյունավետ, օգտավետ եւ խնայողաբար օգտագործում: Ընդ որում, ելակետը այն է, որ կառավարման համակարգում աշխատանքը չպետք է հանդիսանա գործազրկության նվազեցման միջոց կամ՝ աշխատավարձը պետք է վճարվի աշխատանքի դիմաց, այն պետք է լինի աշխատանքին համարժեք եւ չպետք է վճարվի միայն ներկայության կամ աշխատանքին չառնչվող ծառայությունների համար:
Ենթահարցերի կապակցությամբ պետք է նշել, որ բարձրաձայնված ռիսկերը կանխելու համար հնարավոր կրճատումները, ինչպես նաեւ կրճատումների հետեւանքով աշխատակիցների սոցիալական երաշխիքների տրամադրումը պետք է իրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բացառելով անհիմն կամ սուբյեկտիվ որոշումների կայացումը:
Ինչ վերաբերում է կոնկրետ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթով (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) նախատեսված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվող կրճատումներին, հարկ է նշել, որ այդ գործընթացներն իրականացվելու են ստորեւ նշված տրամաբանությամբ:
Նախագծերի փաթեթի ընդունման եւ դրա արդյունքում նախարարությունների վերակազմակերպման (միաձուլման) փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական եւ հայեցողական պաշտոններին՝ նախարարներին, նրանց տեղեկալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից գլխավոր քարտուղարներին եւ նրանց տեղակալներին: Հետեւաբար, ակնկալվում է, որ նախարարությունների վերակազմակերպման արդյունքում անմիջապես կրճատման ենթակա կլինեն վերը նշված հաստիքները, որոնց թվային ցուցանիշը կազմում է մի քանի տասնյակ:
Նախարարությունների վերակազմակերպման գործընթացի սկզբնական արդյունքում թվաքանակի այլ փոփոխություն չի նախատեսվում եւ միացվող նախարարություններն իրենց ողջ հաստիքներով տեղափոխվելու են նոր ստեղծվող նախարարության կազմ, բացառությամբ վերը թվարկված պաշտոնների, ինչպես նաեւ՝ կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների ղեկավար հաստիքների, որոնց պարագայում ակնկալվում է նախատեսել այլ՝ ավելի ցածր մակարդակի հաստիք, քանի որ երկու կամ երեք ստորաբաժանման ղեկավար հնարավոր չէ նախատեսել:
Վերոնշյալ գործընթացն անհրաժեշտ է տարանջատել երկու մասի՝ մասնագիտական ստորաբաժանումների տեղափոխման եւ աջակցող ստորաբաժանումների միավորման գործընթացների: Մասնագիտական ստորաբաժանումների տեղափոխման պարագայում էական շեղումներ չեն նախատեսվում: Այսինքն՝ միաձուլվող նախարարությունների կազմում գործող մասնագիտական ստորաբաժանումները նույնությամբ (նույն անվանումով եւ հաստիքների քանակով) տեղափոխվելու են նոր ստեղծվող նախարարություն: Իսկ աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների պարագայում տեղի է ունենալու նույնանուն կամ նույնաբովանդակ ստորաբաժանումների կոնսոլիդացիա մեկ ստորաբաժանման կազմում՝ ժամանակավորապես պահպանելով միացվող հաստիքների գումարային քանակը:
Նախարարությունների միավորման արդյունքում տրամաբանական է օպտիմալացնել կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների գործառույթները եւ կրճատել այդ ստորաբաժանումների հաստիքների գումարային թվաքանակը: Սակայն արդարության սկզբունքից ելնելով՝ ակնկալվում է դա իրականացնել ոչ թե մեխանիկական ճանապարհով՝ հաստիքների թվաքանակի զուտ կրճատման միջոցով, այլ ապահովելով բոլորի համար հավասար հնարավորություններ, որի արդյունքում միավորված ստորաբաժանման բոլոր աշխատակիցները կունենան հավասար մրցակցային պայմաններ աշխատանքի արդյունավետության առավել բարձր ցուցանիշներ դրսեւորելու, առավել որակյալ աշխատանքային արդյունք ապահովելու եւ դրա շնորհիվ՝ աշխատանքը շարունակելու հնարավորություն: Այս գործընթացը տեղի կունենա նախարարությունների միաձուլումից հետո մի քանի ամսվա ընթացքում, որի արդյունքում կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների թվաքանակը կկրճատվի, որի թվային ցուցանիշը գնահատվում է մի քանի հարյուր:
Մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հետագա օպտիմալացման հարցին անդրադարձ կարող է լինել հետագայում՝ աշխատանքային գործունեության արդյունքում:
6-7. Գործադիրի աշխատանքը անթերի չէ, սակայն չենք կիսում ընդհանրացված այն գնահատականը, որ գործադիրը որոշումներ է կայացնում դանդաղ եւ հաճախ վատորակ:
Անշուշտ՝ առկա բացերում իրենց թերացումը ունեն նաեւ տարբեր մակարդակների կառավարիչները, որոնց մասով հատուկ անդրադարձ կա Հանձնարարականում:
8-9. Նման հաշվարներ առկա չեն՝ օրակարգայինը ոչ թե միջոցների խնայողությունն է, հաստիքների կամ պետական մարմինների թվաքանակի կրճատումը, այլ՝ պատասխանատվության համախմբումը եւ ռեսուրսների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը:
Ֆինանսական խնայողությունների հաշվարկներ կիրականացվեն, ինչպես նաեւ խնայողությունների օգտագործման ուղղությունները կորոշվեն կառավարության կառուցվածքի նախաձեռնված փոփոխությունների եւ վերոնշյալ օպտիմալացման գործընթացների արդյուքների ամփոփման փուլերում: