Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-100-11.04.2019-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-4-րդ մասերով.

«Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքերից բացի նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաեւ, եթե՝

1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա ՝

ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր.

բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի է.

գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր եւ նախատեսվող ջրառի եւ ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը:

2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝

ա. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում,

բ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,

գ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում,

դ. գետերի հոսքի ձեւավորման տարածքներում,

ե. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,

զ. անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:

Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Կառավարությունը:

Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված սողանքային տարածքները սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 33-րդ հոդվածի`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:».

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման թույլտվությունը տրվում է 1 տարի ժամկետով, որը լիցենզիայի ստացման դեպքում համարվում է երկարաձգված` լիցենզիայի ժամկետին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարին, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ ժամկետ սահմանված չէ, որի դեպքում ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված ջրավազանային կառավարման պլանով նախատեսված ժամկետով: Ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները ենթակա են վերանայման:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: