Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-105-12.04.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի քաղաքացիական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրման համար կա պահանջ, որի համաձայն՝ ընկերությունը չի կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն: Սա չի փակում որեւէ իրավական եւ տնտեսական ռիսկ՝ միեւնույն ժամանակ առաջացնելով արհեստական խոչընդոտներ, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համար, երբ օտարերկրյա ընկերությունները Հայաստանում ընկերություն գրանցելու համար ստիպված են լինում ներգրավել երկրորդ սեփականատեր՝ արդյունքում Հայաստանում բիզնես սկսելու առաջին քայլին հանդիպելով արհեսատական խոչընդոտի, ինչը վնասում է նաեւ ներդրումային միջավայրին:

Առաջարկվող նախագիծը մշակվել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման քաղաքականության համատեքստում, որը խնդրո առարկա մասով կապահովի հավասար պայմաններ բիզնեսի զարգացման համար:

Պետությունը պետք է լինի գործընկեր եւ իր կառույցներով նպաստի բիզնեսի զարգացմանն ու վերացնի խոչընդոտները՝ նպաստավոր դաշտ ստեղծելով եւ շահավետ պայմաններ ապահովելով ներդումների ու նաեւ օտարերկրացիների բիզնեսի ծավալման համար:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով ոլորտի ներկայացուցիչների կողմից սույն հարցի շուրջ բարձրացված արդարացի բողոքներն ու մտահոգությունները՝ սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Նախագծի ընդունման պարագայում ակնկալվող արդյունքը կլինի բիզնես գործունեություն ծավալելու համար ոլորտում առկա այս խոչընդոտի վերացումը եւ նոր ներդրումների խթանումը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ո Ր Ո Շ Ու Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի ապրիլի 04-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

Հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Մանե Թանդիլյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ___ թերթ:

Հարգանքով՝ ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆ