Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-529-01.03.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24-ը հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-250) 2-րդ հոդվածում`

1. 4-րդ կետում «Առեւտրային պալատ» բառերը փոխարինել «Առեւտրի պալատ» բառերով:

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով`

«5. ՀՀ ԱԱՊ-ը կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնց կարգավիճակը սահմանվում է ՀՀ ԱԱՊ-ի կանոնադրությամբ: ՀՀ ԱԱՊ-ի պատվավոր անդամները ՀՀ ԱԱՊ-ի որոշումների ընդունման գործընթացին կարող են մասնակցել միայն խորհրդակցական ձայնի իրավունքով:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի`

1. 1-ին կետի «թ)» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«աջակցում են իրենց անդամների կողմից արտադրված ապրանքների եւ ծառայությունների արտահանման, օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության ձեւավորմանը եւ ամրապնդմանը.»:

2. 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժ)» ենթակետով`

«ժ) տնտեսական վեճեր լուծելու համար իրենց կից ստեղծում են միջնորդ դատարան:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի զ) կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում `

1. 1-ին կետում «երեք տարին» բառերը փոխարինել «հինգ տարին» բառերով:

2. 3-րդ կետի «բ)» ենթակետում «երեք տարի» բառերը փոխարինել «հինգ տարի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում`

1. 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «ը)», «թ)» եւ «ժ)» ենթակետերով`

«ը) որոշում է կայացնում պալատին կից միջնորդ դատարանի ստեղծման մասին.

թ) որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս պալատի ներկայացուցչություն ստեղծելու մասին.

ժ) պալատի նախագահի կողմից սույն օրենքի եւ պալատի կանոնադրության պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ պալատի նախագահին անվստահություն հայտնելու մասին:»:

2. հոդվածը լրացնել նոր կետերով` հետեւյալ խմբագրությամբ.

«8. ՀՀ ԱԱՊ նախագահությունը`

ա) հաստատում է ԱԱՊ-ին եւ ՀՀ ԱԱՊ-ին կից միջնորդ դատարանների կանոնադրությունները, վեճեր քննելու եւ լուծելու կանոնները` օրենսդրության պահանջներին համապատասխան.

բ) ԱԱՊ-ի նախագահի եւ (կամ) նախագահության կողմից կանոնադրական պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ ԱԱՊ-ի նախագահին եւ (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ:

ԱԱՊ-ի նախագահի եւ (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու հարցը կարող է դրվել «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված ժամկետում մեկ անգամ:

9. ԱԱՊ-ի նախագահությունը, որի նախագահի եւ (կամ) նախագահության վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 4-րդ կետի ժ) ենթակետով եւ (կամ) 8-րդ կետի բ) ենթակետով սահմանված որոշումը, պարտավոր է երկու ամսվա ընթացքում, որոշման կայացման օրվանից սկսած, հրավիրել պալատի արտահերթ համագումար նախագահի եւ (կամ) նախագահության ընտրություններ անցկացնելու հարցով:

Սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված ընթացակարգով ընտրված նախագահի եւ (կամ) նախագահության լիազորության ժամկետը գործում է մինչեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված ժամկետում հերթական համագումարի գումարումը:»: