Armenian ARMSCII Armenian
Կ-026-26.02.2019,12.04.2019-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը եւ (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ: Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.

«Հոդված 10.1. Ոստիկանության պարտականություններն օրենքով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության եւ (կամ) գույքի պաշտպանությունն ապահովելիս

1. Քրեական դատավարության մասնակից չհանդիսացող եւ այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության եւ (կամ) գույքի պաշտպանությունն ապահովելիս ոստիկանությունը պարտավոր է՝

1) համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ՝ իրականացնել պաշտպանվող անձի անձնական պահպանությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը, պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորել հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխել նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները.

2) պաշտպանվող անձի անձնական անվտանգության ապահովման համար նրան տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաեւ նրան հայտնել սպասվող վտանգի մասին.

3) պաշտպանվող անձին ժամանակավոր կամ մշտապես փոխադրել բնակության այլ վայր:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: