Հոդված 1. «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ՝Օրենք) 14-րդ հոդվածի`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«2. Ոչ բնակելի տարածքներում, այդ թվում` հասարակական եւ արտադրական շենքերում եւ (կամ) շինություններում, աղբահանության վճարը սահմանվում է՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի հետեւյալ դրույքաչափերով.
1) առեւտրի, հանրային սննդի եւ բնակչության կենցաղային սպասարկման շենքերի եւ շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչեւ հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ,
2) հյուրանոցների, հյուրանոցային ծառայություններ մատուցող եւ նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի եւ (կամ) շինությունների, առողջապահության համար նախատեսված շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ օդանավակայանների, երկաթուղային կայարանների, ավտոկայանների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` երեսունից մինչեւ յոթանասուն Հայաստանի Հանրապետության դրամ,
3) արտադրական նպատակային նշանակության շենքերի եւ շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` քսանից մինչեւ հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ,
4) վարչակառավարչական, ֆինանսական կազմակերպությունների, տարբեր տիպի գրասենյակների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչեւ քսան Հայաստանի Հանրապետության դրամ,
5) գիտական, կրթական, ուսումնական նշանակության շենքերի եւ շինությունների, մշակութային, սպորտային եւ նմանատիպ այլ հասարակական շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ զորանոցների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ երեքից մինչեւ տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ:
6) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ից 5-րդ կետերում չներառված գործունեություն իրականացնող շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` տասից մինչեւ երեսուն Հայաստանի Հանրապետության դրամ,
7) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ շինության սեփականատիրոջ կողմից ներկայացված գործունեության տեսակի վերաբերյալ ներկայացված հայտարարության, որին կից ներակայացվում է շինության նշված հատվածի չափագրությունը, իսկ նման հայտարարություն չներկայացնելու դեպքում՝ ամբողջությամբ հաշվարկվում է տնտեսական գործունեության համար սահմանված առավել բաձր դրույքաչափով,
8) շինություններում, (այդ թվում առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ տնտեսական գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում՝ աղբահանության վճարը հաշվարկվում է մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ զրոյից մինչեւ երկու Հայաստանի Հանրապետության դրամ, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես տնտեսական գործունեության չիրակնացնելու վերաբերյալ սեփականատիրոջ կողմից ներկայացվել է հայտարարություն:
2) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1.-րդ մասով.
«2.1. Շենքերից եւ շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների, բնակչության կենցաղային սպասարկման վայրերի եւ ավտոկայատեղերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչեւ հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ»:
3) 3-րդ մասի՝ «աղբի համար» բառերից հետո լրացնել՝ «,ինչպես նաեւ ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ից 5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում» բառերը:
4) 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ.
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի եւ (կամ) շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց՝ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
5) Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1.-րդ մասով՝
«3.1.Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված շենքերի, շինությունների եւ տարածքների մասով աղբի հեռացման հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող եւ ստացող կողմերի միջեւ կնքված պայմանագրով»:
6) Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում լրացումների եւ եւ փոփոխությունների կատարումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների համակարգված եւ արդյունավետ իրականացման եւ ոլորտի գործառույթների պետական կանոնակարգման անհրաժեշտությամբ:
2.Առաջարկվող կարգավորուման բնույթը.
«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքով առաջարկվող փոփոխությունների պատճառներն են.
1. առկա չեն հստակ օրենսդրական կարգավորումներ, թե որքան աղբահանության վճարներ պետք է վճարվի մի շարք շենքերի եւ շինությունների համար, օրինակ՝ օդանավակայանների, երկաթուղային կայարանների, ավտոկայանների, ավտոկայանատեղիների, ինչպես նաեւ առողջապահության համար նախատեսված նշանակության շենքերի եւ շինությունների աղբահանության:
2. Գործող օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանվում է. «շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով»: Օրենքը այս տեսքով թողնելը ոչ մրցակցային եւ անարդար պայմաններ է ստեղծում այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք նույն տարածքում մի քանի տնտեսական գործունեություն են ծավալում, ինչի հետեւանքով տնտեսվարող սուբյեկտները ըստ ամենայնի ոչ թե կվճարեն սահմանված բարձր վարձավճարները, այլ պարզապես կտարանջատեն իրենց բիզնես միավորները՝ ըստ առանձին տնտեսական գործունեության, ինչը նույնպես խնդիր է բիզնեսի համար, քանի որ առաջացնում է լրացուցիչ ֆինանսական բեռ եւ վարչարարություն, այսինքն՝ գործող կարգավորմամբ համայքային բյուջեները չեն ունենա նոր մուտքեր:
3. Օրենքը չի կարգավորվում, թե որքան պետք է լինի աղբահանության վճարը այն շենքերի, շինությունների եւ տարածքների համար, որտեղ տնտեսական գործունեությունը մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, ինչպես նաեւ շենքերից եւ շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների, ավտոկայանատեղերի մասով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա օրենսդրական կարգավորմամբ համայքները չեն կարող որեւէ կերպ ներազդել տնտեսվարող սուբյեկտների վրա, որպեսզի նրանք կնքեն աղբահանության պայմանագրեր, սույն կարգավորմամբ այս խնդիրը ամբողջապես լուծվում է:
Առաջարկվող կարգավորումը
Առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել աղբահանության վճարի հաշվարկումն ըստ առանձին տնտեսական գործունեության տեսակի համար սահմանված դրույքաչափի, բացի այդ հստակեցվում եւ լրացվում են տնտեսական գործունեության տեսակները, ինչպես նաեւ դրվում են հստակ վարչական մեխանիզմներ, որոնք ապահովելու են աղբահանության պայմանագրերի կնքումը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել փոքր եւ միջին բիզնեսի ընկած ֆինանսական բեռը, որը նրանք կարող են ուղղել տնտեսական նոր արդյունքի ստեղծմանը, կշարունակենք պահպանել արտադրական գործունեություն ծավալող ընկերություններին պետական աջակցության քաղաքականությունը, տնտեսական գործունեության տեսակների հստակեցումը թույլ կտա խուսափել օրենքի տարաբնույթ մեկնաբանման հնարավորությունից եւ կոռուպցիոն ռիսկերից, ինչպես նաեւ կլինեն հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները կարողանան լավագույն կերպով իրականացնել աղբահանության գործընթացը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծին կից ներկայացվում են՝
-նախագծի ընդունման հիմնավորումը,
-օրենքներիի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,
-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:
Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` (12) էջ:
Հարգանքով` Գեւորգ Պապոյան /057/