Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-015-18.02.2019,15.04.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՑ 2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.   Սույն օրենքով կարգավորվում են 2008 թվականի փետրվարի 19-ին  Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ընթացքում՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք

1.   Աջակցություն ստանալու իրավունք ունի՝

1) սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը.

2) այն անձը, որի առողջությանը սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Հոդված 3. Աջակցության տրամադրումը

1.   Աջակցության ձեւը, չափը եւ տրամադրման կարգը, ինչպես նաեւ աջակցության տրամադրման համար դիմումի ձեւը, կցվող փաստաթղթերի ցանկը եւ քննարկման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

2.  Աջակցություն ստանալու իրավուք ունեցող անձինք դիմումը կարող են ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

2.   Կառավարությունը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված  որոշումն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն նախագիծը կարգավորում է 2008 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ընթացքում՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի նպատակն է 2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած իրադարձություններից 11 տարի անց պատշաճ ուշադրության արժանացնել տարիներ շարունակ անտեսված եւ հարազատների կորստից հետո մինչ օրս սոցիալական, առողջական, հոգեբանական խորը խնդիրների առաջ կանգնած զոհված (մահացած) անձանց ընտանիքներին եւ առողջությանը վնաս կրած անձանց:

Սույն նախագծի ընդունումը նաեւ հասարակական-քաղաքական նշանակություն ունի, քանի որ այն համահունչ է Ազգային ժողովի օրակարգում գտնվող անցումային արդարադատության շրջանակներում ձեռնարկվելիք այն միջոցների եւ հնարավորությունների ստեղծման նպատակին, որը նպատակաուղղված է քաղաքացիների սահմանադրական խախտված իրավունքների եւ ազատությունների, քաղաքացիական համերաշխության եւ պետական ինստիտուտների հանդեպ վստահության վերականգնմանը:

Աջակցությունը տրամադրվում է նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին եւ այն անձին, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Աջակցության ձեւը, չափը, տրամադրման կարգը, ինչպես նաեւ աջակցության տրամադրման համար դիմումներին կցվող փաստաթղթերի ցանկը եւ քննարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ օրենքը ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետում:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ