Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 4-րդ կետում «3-րդ մասի» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով.
2) 2-րդ մասի 6-րդ կետից հանել «պետական կառավարման այլ մարմին» բառերը:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասում «3-րդ մասի» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «արտաքին գործերի նախարարությունից» բառերից հետո լրացնել «եւ ենթակա մարմնից» բառերով.
2) 1-ին մասը «գործուղվել» բառից հետո լրացնել «Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ,» բառերով».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս.
«5. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի եւ վարչապետի աշխատակազմերում վարչական պաշտոնում եւ սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմիններում հայեցողական պաշտոնում նշանակվելը՝ սույն օրենքի իմաստով հավասարեցվում է գործուղման»:
Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից եւ տարածվում է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից վարչապետի աշխատակազմ եւ պետական կառավարման համակարգի մարմիններ գործուղման իրավահարաբերությունները:
Վերոնշյալ դրույթի գործնական կիրառման արդյունքում առաջացել է կարգավորման առարկայի ընդլայնման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով, որ արտաքին գործերի նախարարությունից Հանրապետության նախագահի աշխատակազմ եւ Ազգային ժողովի աշխատակազմ գործուղման դեպքերը մնացել են չկարգավորված: Նման գործուղումների անհրաժեշտությունը պայմանավորված է Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի աշխատակազմերում դիվանագիտական ծառայությանը բնորոշ լիազորությունների իրականացման դեպքերի առկայությամբ:
Բացի այդ, հաշվի առնելով, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով արդեն իսկ սահմանված է դիվանագիտական ծառայողի կողմից քաղաքական, վարչական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնելու դեպքում ծառայության անընդհատության ապահովումը եւ կարգավիճակի պահպանումը (18-րդ հոդվածի 5-րդ մաս) եւ այդ պաշտոններից ազատվելու դեպքում անմիջապես կադրերի ռեզերվում գրանցվելու իրավունքը (35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ)՝ մեկ մարմնից այլ մարմին տեղափոխվելու պատճառով կարգավիճակի վատթարացման անթույլատրելիության սկզբունքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի դիվանագիտական ծառայողի այլ մարմնում պաշտոնի նշանակումը հավասարեցված լինի «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն քաղաքական, վարչական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց կարգավիճակին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով հնարավոր է դառնում 27-րդ եւ 32-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով ապահովել դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց՝ արտաքին գործերի նախարարությունից ոչ միայն պետական կառավարման համակարգի մարմիններ, այլ նաեւ արտաքին կապերի բնագավառում առանձին լիազորություններ ունեցող Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի աշխատակազմեր գործուղումների, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարի եւ պետական այլ մարմինների ղեկավարների համատեղ համաձայնությամբ հանրային պաշտոններ զբաղեցնելու դեպքում դիվանագիտական ծառայողների կարգավիճակի վատթարացման չեզոքացումը:
Նախագծով առաջարկվում է նաեւ կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում եւ 31-րդ հոդվածի 8-րդ մասում առկա հղումներում տեղ գտած վրիպակի ուղղում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում՝ «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն կապահովվի դիվանագետի՝ դիվանագիտական ծառայության ընթացքում եւ առանց ծառայության ընդհատման Հանրապետության նախագահի աշխատակազմ կամ Ազգային ժողովի աշխատակազմ գործուղման, ինչպես նաեւ գործուղման հավասարեցված պետական պաշտոնի նշանակումների դեպքում դիվանագիտական ծառայողի կարգավիճակի հետ կապված իրավահարաբերությունները:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 2019 թվականի N 359 - Ա
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. ապրիլի 10
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 359-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ