Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 63-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
...
63) հարկային գաղտնիք՝ հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ՝
ա. հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների,
բ. հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկության,
գ. հարկ վճարողի կանոնադրության մեջ ներառվող տեղեկությունների,
դ. հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման եւ կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների,
ե. հարկ վճարողի կամ հարկ վճարողի գործունեության վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային կամ մաքսային մարմիններին ներկայացվող տեղեկությունների,
զ. հարկ վճարողի կողմից հայտարարագրված աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության,
է. հարկ վճարողի եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը,
ը. հարկ վճարողի կողմից վճարված հարկերի եւ տուրքերի, ինչպես նաեւ ակտիվների վերաբերյալ տեղեկատվությունը,
թ. ընկերության հարկային ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը,
ժ. հարկ վճարողի կամ հարկ վճարողի գործունեության վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային կամ մաքսային մարմիններին ներկայացվող տեղեկությունների:
Հոդված 2. Օրենսգրքի Հոդված 116-ի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում ներկայացուցչական ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 1 տոկոսը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Ընդ որում, այս մասով որպես ներկայացուցչական ծախսերի հիմք կարող է հանդիսանալ նաեւ ՀԴՄ կտրոնի առկայությունը:
2. Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա ներկայացուցչական ծախսերի առավելագույն թույլատրելի մեծությունը հաշվարկելու առումով հարկային տարվա համախառն եկամտի 1 տոկոսի սահմանափակումը հաշվի չի առնվում:
Հոդված 3. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել 12) ենթակետով ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական եւ դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին եւ աշխատակիցներին սննդով ապահովման:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարկային գաղտնիքի մասով
Նախագծի 1-ին հոդվածով հաշվետվողականության եւ թափանցիկության բարձրացման նպատակով առաջարկվում է մեծացնել հանրային տեղեկատվության շրջանակը: Գաղտնիք չէ, որ ներկայումս հարկային օրենսգրքով, օրինակ ընկերությունում գրանցված աշխատողների թվաքանակը դիտվում է, որպես հարկային գաղտնիք:
Ներկայացուցչական ծախսերի մասով
Նախագծի 2-րդ հոդվածի մասով: Ներկայումս ներկայացուցչական ծախսերի նվազեցման մասով կիրառվում են երկու սահմանաչափեր 0.5 տոկոս, բայց ոչ ավելի քան 5 միլիոն դրամը: Նախագծով առաջարկվում է ներկայացուցչական ծախսերը սահմանափակել միայն տոկոսային հարաբերակցությամբ (համախառն եկամտի 1 տոկոսի չափով) եւ դրա համար անհրաժեշտ փաստաթղթավորումը պարզեցնել մինչեւ ՀԴՄ կտրոնի առկայությունը:
ՀԴՄ-ի կիրառության մասով
Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է ընդլայնել բացառությունների շարքը, դրանում ներառելով ուսումնական հաստատությունների աշակերտներին եւ աշխատակիցներին սննդով ապահովումը: Հիմնավորումը կայանում է նրանում, որ կրթական հաստատությունները ունեն յուրահատկություններ եւ օրինակ` դպրոցում ընդմիջման ժամանակ ՀԴՄ-ի կիրառությունը բավական նվազեցնում է գործընթացի արդյունավետությունը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Պարոն Ա. Միրզոյանին
Հարգելի՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.
1. օրենքի նախագիծը,
2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Նախագծի զեկուցող՝ ՀՀ ԱԺ Պատգամավոր Արտակ Մանուկյան:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ Արտակ Մանուկյան