Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1161-25.04.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության իրականացման հիմունքները եւ կանոնակարգում աուդիտորական գործունեության հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող աուդիտորական գործունեության վրա:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Ստորեւ բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ իմաստով.

1)   աուդիտոր՝ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձ, որն ունի աուդիտորի որակավորում.

2)  աուդիտորական կազմակերպություն՝ մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող իրավաբանական անձ, որն իրավունք ունի մատուցել աուդիտորական ծառայություններ.

3)  աուդիտի ենթարկվող անձ՝ իրավաբանական անձ, հիմնարկ, որին մատուցվում են աուդիտորական ծառայություններ.

4)  աուդիտորական ծառայություն՝ աուդիտը եւ (կամ) աուդիտորական դիտարկումը.

5)  աուդիտորական գործունեություն՝ աուդիտը, աուդիտորական դիտարկումը եւ աուդիտին հարակից ծառայությունները (համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա).

6)  աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներ՝ Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) Աուդիտի եւ հավաստիացման միջազգային ստանդարտների խորհրդի (IAASB) կողմից հրապարակված եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված հետեւյալ միջազգային ստանդարտները.

ա. Որակի հսկողության միջազգային ստանդարտներ (ISQC).

բ. Աուդիտի միջազգային ստանդարտներ (ISA).

գ. Դիտարկման միջազգային ստանդարտներ (ISRE).

դ. Հավաստիացման (բացի՝ աուդիտը եւ դիտարկումը) միջազգային ստանդարտներ (ISAE).

ե. Հարակից ծառայությունների միջազգային ստանդարտներ (ISRS).

7)  պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական էթիկայի կանոնագիրք՝ Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) Հաշվապահների էթիկայի միջազգային ստանդարտների խորհրդի (IESBA) կողմից հրապարակված եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական էթիկայի կանոնագիրքը (այսուհետ՝ Մասնագիտական էթիկայի կանոնագիրք), որի որոշ եզրույթներ եւ դրույթներ համապատասխանեցված են սույն օրենքի, ինչպես նաեւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» եւ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին.

8)  աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների ռեեստր՝ ինչպես սահմանված է «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

9)  մասնագիտացված կառույց՝ ինչպես սահմանված է «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Հոդված 4. Աուդիտորական գործունեության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող աուդիտորական գործունեության ոլորտում կարգավորման եւ վերահսկողության քաղաքականություն իրականացնող մարմինը (այսուհետ՝ Քաղաքականություն իրականացնող մարմին) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Հոդված 5. Աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը

1. Աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը ներառում են՝

1) սույն օրենքը.

2)  «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

3)  Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտները.

4)  Մասնագիտական էթիկայի կանոնագիրքը.

5)  «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավական այլ ակտերը:

Հոդված 6. Աուդիտորական կազմակերպությունը

1. Աուդիտորական կազմակերպությունը ձեռք է բերում աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք այն ամսաթվից, երբ նրա մասին տեղեկությունները գրանցվում են մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր):

2. Կազմակերպությունը, որի մասին տեղեկությունները պետական գրանցման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած 60 աշխատանքային օրվա ընթացքում չեն ներառվել Ռեեստրում, չի կարող օգտագործել «աուդիտ», «աուդիտոր», «աուդիտորական» բառերը կամ դրանց ածանցյալներն իր անվանման մեջ:

Հոդված 7. Աուդիտորը

1. Ֆիզիկական անձը ճանաչվում է որպես աուդիտոր այն ամսաթվից, երբ նրա մասին տեղեկությունները գրանցվում են Ռեեստրում:

2. Աուդիտորները պարտավոր են պահպանել Մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջները:

Հոդված 8. Փոխկապակցված անձինք

1. Սույն օրենքի իմաստով, իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

1)   նրանցից մեկը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի, բաժնեմասերի, փայերի եւ մասնակցությունը հավաստող այլ արժեթղթերի (այսուհետ` բաժնետոմս) 20 եւ ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջեւ կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի մասնակցել մյուսի որոշումների կայացմանը.

2)  նրանցից մեկի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձեւով նրա որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն ունեցող մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարության կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձեւով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.

3)  նրանցից մեկի խորհրդի նախագահը, խորհրդի անդամը, վարչության նախագահը, վարչության անդամը, գործադիր տնօրենը, ֆինանսական կառավարման գծով նրա տեղակալը, ֆինանսական ստորաբաժանման ղեկավարը, գլխավոր հաշվապահը կամ հաշվապահական հաշվառման վարման կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու անձը, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կամ ներքին աուդիտի համար պատասխանատու անձը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, վերստուգիչ հանձնաժողովի անդամը կամ նման այլ մարմինների անդամը (այսուհետ` կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ), ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որեւէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:

2.Սույն օրենքի իմաստով, ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միեւնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:

3. Սույն օրենքի իմաստով, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝

1)   տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից.

2)  օրենքով չարգելված այլ ձեւով իրավաբանական անձի որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն ունեցող անձ.

3)  տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:

4. Սույն օրենքի իմաստով, միեւնույն ընտանիքի անդամ են համարվում երեխան, ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները, ինչպես նաեւ ամուսնու երեխան, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը:

Գ Լ ՈՒ Խ 2
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ

Հոդված 9. Աուդիտորական գործունեությունը

1. Աուդիտորական գործունեությունն իրականացվում է աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Աուդիտը եւ աուդիտորական դիտարկումը աուդիտորական կազմակերպությանը հնարավորություն են ընձեռում տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ ապահովելու իր հավաստիացումը, իսկ համաձայնեցված ընթացակարգերը եւ կոմպիլյացիան այդպիսի հավաստիացում չեն նախատեսում:

3. Աուդիտորական ծառայության իրականացումն առանց մասնագիտացված կառույցին անդամակցելու, արգելվում է: Աուդիտորական ծառայությունները պետք է իրականացվեն առնվազն մեկ աուդիտորի կողմից:

Հոդված 10. Աուդիտը

1. Աուդիտը աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության անկախ ստուգումն է՝ այդ տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ կարծիք արտահայտելու նպատակով, որն իրականացվում է աուդիտորական եզրակացություն տրամադրելու միջոցով:

2. Աուդիտն անցկացվում է օրենքով սահմանված դեպքերում (պարտադիր աուդիտ) կամ աուդիտի ենթարկվող անձի նախաձեռնությամբ (կամավոր աուդիտ): Ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր աուդիտն իրականացվում է աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով: Կամավոր աուդիտը կարող է իրականացվել այլ հիմունքներով (աուդիտի այլ ստանդարտներով եւ այլն):

3. Պարտադիր աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն են: Կամավոր աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունները կարող են պատրաստված լինել ինչպես Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի համաձայն, այնպես էլ այլ հիմունքներով:

Հոդված 11. Աուդիտորական դիտարկումը

1. Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկումն այնպիսի ընթացակարգերի իրականացում է, որը հնարավորություն է ընձեռում աուդիտորին` պարզելու, թե արդյոք առկա են այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված չեն հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերին համապատասխան:

Հոդված 12. Համաձայնեցված ընթացակարգերը

1. Համաձայնեցված ընթացակարգերն աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգեր են, որոնց շուրջ համաձայնության են գալիս այդ ընթացակարգերն իրականացնող անձը, իրավաբանական անձը (հիմնարկը կամ անհատ ձեռնարկատերը), անհրաժեշտության դեպքում` համապատասխան երրորդ անձը կամ անձինք, եւ որոնց արդյունքում այդ ընթացակարգերն իրականացնող անձի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա այդ հաշվետվությունն օգտագործողները կարող են կատարել եզրահանգումներ:

Հոդված 13. Կոմպիլյացիան

1. Կոմպիլյացիան ֆինանսական տեղեկատվության հավաքումը, դասակարգումը եւ ամփոփումն է` այն օգտագործելու համար առավել հասկանալի եւ հարմար տեսքի բերելու նպատակով:

Հոդված 14. Աուդիտորական կազմակերպության աշխատանքի ձեւերը եւ մեթոդները

1. Աուդիտորական կազմակերպությունն ինքնուրույն է ընտրում իր աշխատանքի ձեւերն ու մեթոդները` ելնելով աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջներից:

Հոդված 15. Աուդիտորի, աուդիտորական կազմակերպության գործունեության սահմանափակումները

1. Աուդիտորական կազմակերպությանը, բացի աուդիտորական գործունեությունից եւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունների մատուցումից, արգելվում է որեւէ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, բացառությամբ այնպիսի գործունեությունից, որի արդյունքում աուդիտորական կազմակերպությունը ստանում է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտներ:

2. Աուդիտորական կազմակերպությունը կարող է մատուցել նաեւ հետեւյալ ծառայությունները.

1)   հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում եւ վարում, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստում.

2)  հաշվապահական հաշվառման, հարկերի, տնտեսագիտության, ֆինանսների եւ աուդիտի գծով ուսուցանում.

3)  ակտիվների, այդ թվում՝ ֆինանսական գործիքների եւ (կամ) պարտավորությունների գույքագրում եւ գնահատում.

4)  հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում.

5)  կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն.

6)  հաշվապահական, տնտեսագիտական, ֆինանսական, հարկային, կառավարչական եւ իրավաբանական խորհրդատվություն.

7)  ներդրումային ծրագրերի մշակում եւ վերլուծություն, գործարար (բիզնես) պլանի կազմում.

8)  հաշվապահական հաշվառմանը, աուդիտորական գործունեությանը, ֆինանսներին, տնտեսագիտությանը, հարկերին, տուրքերին եւ այլ պարտադիր վճարներին առնչվող գործունեության հետ կապված մասնագիտական փորձաքննության իրականացում.

9)  մասնագիտական գրականության հրատարակում.

10) հարկային հաշվառման ներդրում, վերականգնում եւ վարում, հարկային հաշվարկների եւ հաշվետվությունների պատրաստում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունների առանձին տեսակների մատուցման համար օրենքով հատուկ թույլտվություն (լիցենզիա) պահանջվելու դեպքում աուդիտորական կազմակերպությունը գործունեության այդ տեսակներով զբաղվելու համար պարտավոր է սահմանված կարգով ստանալ համապատասխան թույլտվություն (լիցենզիա):

4. Աուդիտորական կազմակերպությունը իրավունք չունի աուդիտի ենթարկվող անձին մատուցել սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունները, եթե՝

1)   նշված ծառայությունների իրականացումը կհանգեցնի աուդիտորական կազմակերպության անկախության նկատմամբ պահանջների չպահպանմանը կամ կառաջացնի այդպիսի պահանջների չպահպանման վտանգ եւ (կամ) կհանգեցնի շահերի բախման առաջացմանը կամ այդպիսի բախման առաջացման վտանգի, եւ

2)  աուդիտորական կազմակերպությունը չի կարող ընդունել համապատասխան միջոցներ՝ վերացնելու համար աուդիտորական կազմակերպության անկախության նկատմամբ պահանջների չպահպանման վտանգը կամ իջեցնելու համար վտանգը մինչեւ այն մակարդակ, որի դեպքում Մասնագիտական էթիկայի կանոնագրքով սահմանված մասնագիտական էթիկայի հիմնական սկզբունքները (աուդիտորական ծառայությունների մասով) կպահպանվեն:

5. Աուդիտորական ծառայություն չի կարող մատուցել կամ աուդիտորական ծառայության մատուցմանը չի կարող մասնակցել`

1)   այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).

2)  այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).

3)  այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձին փոխկապակցված անձ.

4)  աուդիտորը` իրեն փոխկապակցված անձանց մոտ.

5)  աուդիտորական կազմակերպությունը` իրեն փոխկապակցված անձանց մոտ?

6)  աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը՝ Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով եւ (կամ) Մասնագիտական էթիկայի կանոնագրքով նախատեսված այլ դեպքերում:

Հոդված 16. Աուդիտի եւ հարակից ծառայությունների փաստաթղթավորումը

1. Աուդիտի եւ հարակից ծառայությունների իրականացումը պարտադիր փաստաթղթավորվում է աուդիտորական կազմակերպության կողմից` Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքով սահմանված կարգով: Սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատումներ իրականացնող անձանց պահանջով աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է հնգօրյա ժամկետում տրամադրել արտաքին գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ օտարալեզու փաստաթղթերի հայերեն թարգմանված տարբերակները:

2. Աուդիտի փաստաթղթավորումը նախատեսում է աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի եւ աուդիտի արդյունքների հիման վրա աուդիտորական եզրակացության կազմումը: Պայմանագրով նախատեսված դեպքերում կամ աուդիտորական կազմակերպության նախաձեռնությամբ կազմվում է նաեւ ղեկավարությանն ուղղված հաշվետվություն (նամակ ղեկավարությանը):

3. Աուդիտորի աշխատանքային փաստաթղթերն աուդիտի անցկացման նպատակով աուդիտորի կողմից պատրաստվող կամ ձեռք բերվող եւ պահպանվող փաստաթղթերն են:

4. Աուդիտորական եզրակացությունները, ղեկավարությանն ուղղված հաշվետվությունները, աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը եւ աուդիտի անցկացման հետ կապված այլ փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան աուդիտի անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում:

Հոդված 17. Աուդիտորական եզրակացությունը
 
1. Աուդիտորական եզրակացությունն աուդիտորական կազմակերպության կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Աուդիտորական եզրակացության ձեւին, բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքով:

2. Աուդիտորական եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում է աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից եւ հաստատվում է աուդիտորական կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ: Աուդիտորական եզրակացության մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտորական կազմակերպության մոտ:

Հոդված 18. Ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունը

1. Սույն օրենքի իմաստով, ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունն այն աուդիտորական եզրակացությունն է, որը կազմվել է առանց Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներին եւ (կամ) Մասնագիտական էթիկայի կանոնագրքին համապատասխան աուդիտ անցկացնելու, ինչպես նաեւ այն աուդիտորական եզրակացությունը, որը հակասում է աուդիտի ենթարկվող անձի կողմից ներկայացված եւ աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտի ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի բովանդակությանը:

2. Աուդիտորական եզրակացությունը ոչ հավաստի է ճանաչվում մասնագիտացված կառույցի որոշմամբ: Մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհրդին:

Հոդված 19. Ղեկավարությանն ուղղված հաշվետվությունը (նամակ ղեկավարությանը)

1. Ղեկավարությանն ուղղված հաշվետվությունը փաստաթուղթ է, որում կարող են ներառվել տեղեկություններ աուդիտի ընթացքի, հայտնաբերված սխալների եւ թերությունների, հաշվապահական հաշվառման վարմանն ու ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը ներկայացվող պահանջների խախտումների, առանձին հարցերի գծով վերլուծության արդյունքների, պայմանագրով նախատեսված եւ այլ հարցերի մասին, ինչպես նաեւ առաջարկություններ սխալների եւ թերությունների վերացման ուղղությամբ: Աուդիտի ենթարկվող անձի կամ աուդիտորի ցանկությամբ կարող են ընդգրկվել նաեւ այլ տեղեկություններ:

2. Ղեկավարությանն ուղղված հաշվետվությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում է աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից եւ հաստատվում է աուդիտորական կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ: Աուդիտորական հաշվետվության առնվազն մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտորական կազմակերպության մոտ:

Հոդված 20. Աուդիտորական գաղտնիքը

1. Աուդիտորական գաղտնիքը աուդիտորական գործունեության ընթացքում աուդիտորական կազմակերպության կամ նրա աշխատողների կողմից ստացված տեղեկություններն են, ինչպես նաեւ պատրաստված կամ ձեռք բերված փաստաթղթերը, բացառությամբ աուդիտորական եզրակացության եւ աուդիտորական դիտարկման վերաբերյալ եզրակացության:

2. Աուդիտորական գաղտնիքը ենթակա չէ հրապարկման, բացառությամբ՝

1)   երբ հրապարակումը թույլատրված է աուդիտորական գործունեության ծառայությունները ստացող կազմակերպության կողմից,

2)  օրենքով սահմանված դեպքերում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 21. Աուդիտորական ծառայության որակի հսկողությունը եւ դրա արտաքին գնահատումը

1. Աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է սահմանել աուդիտորական ծառայության որակի հսկողության կանոններ եւ պահպանել այդ կանոնները: Աուդիտորական ծառայության որակի հսկողության իրականացման սկզբունքները եւ նշված հսկողության կազմակերպման նկատմամբ պահանջները սահմանված են Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքով:

2. Աուդիտորական կազմակերպությունը եւ աուդիտորը պարտավոր են անցնել աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում: Նշված անձինք պարտավոր են արտաքին գնահատողին ներկայացնել գնահատման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը եւ տեղեկությունները:

3. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման առարկա է հանդիսանում աուդիտորական կազմակերպության եւ (կամ) աուդիտորի կողմից սույն օրենքի, «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը:

4. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատումն իրականացվում է այն մասնագիտացված կառույցի կողմից, ում անդամ է հանդիսանում աուդիտորական կազմակերպությունը եւ (կամ) աուդիտորը:

5. Պարտադիր աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպությունների աուդիտորական ծառայության որակի հսկողություն պահանջների պահպանման արտաքին գնահատում, անհրաժեշտության դեպքում, կարող է իրականացվել նաեւ Հանրային վերահսկողության խորհրդի կողմից:

6. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման պլանային արտաքին գնահատումները պետք է իրականացվեն ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ եւ ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ:

7. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման ոչ պլանային արտաքին գնահատումների իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ սույն օրենքի եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքի հնարավոր խախտումների վերաբերյալ մասնագիտացված կառույցի կամ Հանրային վերահսկողության խորհրդի կողմից ստացված տեղեկությունները:

Գ Լ ՈՒ Խ 3
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ

Հոդված 22. Աուդիտորական կազմակերպության իրավունքները եւ պարտականությունները

1. Աուդիտորական կազմակերպությունն իրավունք ունի`

1) ինքնուրույն որոշել աուդիտորական ծառայությունների իրականացման ձեւերը եւ մեթոդները՝ Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքի հիման վրա, ինչպես նաեւ աուդիտորական ծառայությունները իրականացնող խմբի քանակական եւ անհատական կազմը.

2)  աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում լրիվ ծավալով ուսումնասիրել աուդիտի ենթարկվող անձի ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող փաստաթղթերը, ինչպես նաեւ ստուգել փաստաթղթերում հաշվառված գույքի փաստացի առկայությունը.

3)  աուդիտի ենթարկվող անձից ստանալ աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ բանավոր, գրավոր բացատրություններ եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաեւ պահանջել այդպիսի տեղեկությունների ստացումը երրորդ անձանցից.

4)  աուդիտի ենթարկվող անձի գիտությամբ գրավոր հարցում անել եւ ստանալ երրորդ անձանցից անհրաժեշտ տեղեկատվություն կամ հավաստումներ.

5)  աուդիտորական ծառայությունների իրականացման աշխատանքներում ներգրավել այլ աուդիտորների, մասնագետների (այդ թվում` պայմանագրային հիմունքներով), ինչպես նաեւ այլ առեւտրային կազմակերպությունների: Աուդիտորական ծառայությունների իրականացման աշխատանքներում նշված անձանց ներգրավման կարգը նախատեսվում է Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքով.

6)  սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում հրաժարվել աուդիտորական ծառայությունների իրականացումից,

7)  իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործողություններ:

2. Աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է`

1)   աուդիտորական գործունեության իրականացման ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

2)  աուդիտի ենթարկվող անձի պահանջով ներկայացնել աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտի ենթարկվող անձին ներկայացված դիտողությունների եւ եզրահանգումների հիմնավորումները.

3)  ապահովել իր աշխատող աուդիտորների, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված անձանց կողմից սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պահանջների պահպանումը.

4)  սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պայմանների առկայության դեպքում հրաժարվել աուդիտորական ծառայություններ իրականացնելուց.

5)  ապահովել աուդիտորական գործունեության իրականացման ընթացքում ստացված աուդիտորական, ծառայողական, առեւտրային, բանկային, ապահովագրական կամ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության պահպանումը: Գաղտնի տեղեկությունների ցանկը սահմանվում է օրենքով, աուդիտորական գործունեության իրականացման մասին պայմանագրով եւ ենթակա չէ հրապարակման, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերի, ինչպես նաեւ այն իրավաբանական անձի կամ հիմնարկի գրավոր համաձայնությամբ, որի մոտ իրականացվել է աուդիտորական գործունեությունը: Այդ ցանկում չեն ներառվում այն տեղեկությունները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չեն կարող լինել աուդիտորական, ծառայողական, առեւտրային կամ բանկային գաղտնիք.

6)  «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի պահանջներից որեւէ մեկը խախտվելու դեպքում խախտում թույլ տրվելու օրվան հաջորդող քսան աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնել մասնագիտացված կառույցին.

7)  մասնագիտացված կառույցի սահմանած կարգով, ժամկետներում եւ պարբերականությամբ նրան ներկայացնել աուդիտորական գործունեությանը վերաբերող հաշվետվություններ.

8)  ապահովել պայմաններ մասնագիտացված կառույցի, Հանրային վերահսկողության խորհրդի համապատասխան աշխատակիցների, այդ թվում՝ մասնագիտացված կառույցի եւ Հանրային վերահսկողության խորհրդի կողմից ներգրավված մասնագետների համար` սույն օրենքով եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման նկատմամբ արտաքին գնահատումն իրականացնելու համար.

9)  մասնագիտացված կառույցի կողմից սահմանած կարգով վարել իր կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյան.

10) ունենալ ինտերնետային կայք, որում մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը ներառյալ պարտավոր է տեղադրել եւ առնվազն երեք տարի ժամկետով պահպանել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ աուդիտի ենթարկված անձանց ցանկը.

11)  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված եւ առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրել այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ լիազոր մարմնի հարցման հիման վրա՝ այդ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով.

12) կրել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ օրենքներով նախատեսված պարտականությունները:

Հոդված 23. Աուդիտի ենթարկվող անձի իրավունքները եւ պարտականությունները

1. Աուդիտի ենթարկվող անձն իրավունք ունի`

1)  ինքնուրույն ընտրել աուդիտորական կազմակերպությանը, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան սահմանված չէ.

2)  աուդիտորական կազմակերպությունից պահանջել եւ ստանալ ներկայացված դիտողությունների եւ եզրահանգումների հիմնավորումները.

3)  աուդիտորական կազմակերպությունունից ստանալ աուդիտորական եզրակացությունը՝ աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրում նշված ժամկետում.

4)  աուդիտորական կազմակերպությունից ստանալ աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն.

5)  մասնագիտացված կառույցին եւ Հանրային վերահսկողության խորհրդին տեղեկացնել աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման մասին.

6)  իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործողություններ:

2. Աուդիտի ենթարկվող անձը պարտավոր է`

1)  օժանդակել աուդիտորական կազմակերպությանը ժամանակին եւ ամբողջական աուդիտորական ծառայությունների իրականացմանը, աուդիտորական ծառայությունների իրականացման համար տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, աուդիտորների բանավոր եւ գրավոր հարցումներին տալ պարզաբանումներ եւ բացատրություններ՝ աուդիտորներին նախընտրելի եղանակով (բանավոր կամ գրավոր), ինչպես նաեւ աուդիտորի առաջարկությամբ, իր իրավասության սահմաններում, երրորդ անձանցից պահանջել աուդիտորական ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ.

2)  չձեռնարկել աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում ուսումնասիրվող հարցերի շրջանակները սահմանափակող որեւէ միջոց.

3)  ժամանակին վճարել աուդիտորական կազմակերպության ծառայությունների դիմաց՝ աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրին համապատասխան.

4)  կրել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

Հոդված 24. Աուդիտորական ծառայությունների վճարը

1. Աուդիտորական ծառայությունների դիմաց վճարի չափը, վճարման կարգը եւ ձեւը որոշվում են կողմերի միջեւ կնքված պայմանագրով եւ չեն կարող կախվածության մեջ դրվել աուդիտի ենթարկվող անձի այնպիսի պահանջներից, որոնք կարող են ազդել աուդիտորական ծառայությունների իրականացման արդյունքում տրամադրվող աուդիտորական եզրակացության (հաշվետվության) բովանդակության վրա:

2. Աուդիտորական ծառայությունների վճարի վրա չի կարող ազդել կամ դրա չափի որոշումը չի կարող պայմանավորված լինել լրացուցիչ ծառայություններ տրամադրելու փաստով:

3. Աուդիտորական ծառայությունների վճարը չի կարող հիմնվել որեւէ ձեւի պայմանականության վրա:

Գ Լ ՈՒ Խ 4
ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 25. Աուդիտորների որակավորումը

1. Աուդիտորների որակավորումը սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված պահանջներին բավարարող՝ աուդիտորի որակավորում ստանալու համար մասնագիտացված կառույցին դիմած ֆիզիկական անձի (այսուհետ` դիմող) սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին բավարարման հավաստումն է (այսուհետ՝ որակավորում):

2. Որակավորումը տրվում է մասնագիտացված կառույցի կողմից: Որակավորումը տրվում է այն դիմորդին, որը՝

1)  հանձնել է որակավորման քննությունները.

2)  որակավորումը ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի բարձրագույն կրթություն.

3)  որակավորումը ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի աուդիտորական ծառայության իրականացման կամ հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման հետ կապված առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ: Ընդ որում, նշված երեք տարվա աշխատանքային փորձից ոչ պակաս մեկ տարվա աշխատանքային փորձը պետք է բաժին ընկնի աուդիտորական կազմակերպությունում՝ աուդիտորական ծառայությանը վերաբերող աշխատանքին: Աշխատանքային փորձին վերաբերող պահանջները սահմանվում են մասնագիտացված կառույցի կողմից՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

3. Աուդիտորների որակավորման ստուգումն իրականացվում է քննությունների միջոցով: Որակավորման քննական առարկաների կազմը, քննությունների ծրագիրը եւ քննությունների անցկացման կարգը հաստատում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Որակավորման քննությունները կազմակերպվում եւ անցկացվում են մասնագիտացված կառույցի կողմից:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը համարվում է բավարարված դիմողի կողմից քննական բոլոր առարկաների գծով քննությունները հանձնելու դեպքում: Մասնագիտացված կառույցի կողմից սահմանված եւ Հանրային վերահսկողության խորհրդի հետ համաձայնեցված որակավորման քննություններից ազատման կարգի համաձայն՝ դիմորդը կարող է ազատվել որոշակի առարկաների գծով քննություններ հանձնելուց:

5. Որակավորում չտալու վերաբերյալ որոշում կայացվում է այն դեպքում, երբ դիմորդը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

6. Աուդիտորը պարտավոր է որակավորումը ստանալու տարվան հաջորդող տարվանից սկսած՝ յուրաքանչյուր օրացուցային տարի անցնել շարունակական մասնագիտական զարգացում, որի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Շարունակական մասնագիտական զարգացման տեւողությունը յուրաքանչյուր տարվա համար չպետք է պակաս լինի 40 ժամից:

7. Սույն հոդվածի համաձայն որակավորում ստացած դիմորդին մասնագիտացված կառույցի կողմից տրվում է որակավորման վկայական: Որակավորման վկայականի ձեւը եւ տրման կարգը սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

Հոդված 26. Աուդիտորների որակավորման քննությունների կազմակերպումը

1. Աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է աուդիտորների որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի անհատական կազմը եւ կանոնադրությունը հաստատում է մասնագիտացված կառույցը: Հանձնաժողովի անհատական կազմը եւ կանոնադրությունը համաձայնեցվում է Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

2. Որակավորման քննությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը գանձում է վճար: Վճարի չափը սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

Հոդված 27. Քննության մասնակցին ներկայացվող պահանջները

1. Աուդիտորների որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող այլ անձինք, ովքեր ունեն միջնակարգ կրթություն:

2. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն անձին, ով`

1)  դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2)  դատարանի վճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Հոդված 28. Որակավորման ժամկետը

1. Որակավորումը տրվում է անժամկետ:

Հոդված 29. Որակավորման չեղարկման հիմքերը եւ կարգը

1. Որակավորումը չեղարկվում է այն դեպքերում, երբ՝

1)   որակավորումը ստացվել է սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 27-րդ հոդվածով դիմորդին ներկայացված պահանջների խախտմամբ.

2)   ուժի մեջ է մտել դատարանի վճիռը, որը որպես պատիժ նախատեսում է որոշակի ժամկետով աուդիտորական գործունեության իրականացման իրավունքից զրկում.

3)  չի պահպանվել սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի եւ 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները.

4)  աուդիտորի կողմից ստորագրվել է աուդիտորական եզրակացություն, որը ճանաչվել է ոչ հավաստի.

5)  չեն պահպանվել սույն օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ մասնագիտացված կառույցը հարգելի է ճանաչել այս պահանջների չպահպանումը (մասնավորապես՝ ծանր հիվանդությունը).

6)  աուդիտորը խուսափում է «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արտաքին գնահատման ենթարկվելուց կամ արտաքին գնահատման արդյունքներով ստացել է «5» գնահատական:

2. Որակավորման չեղարկման որոշումն ընդունվում է մասնագիտացված կառույցի կողմից:

3. Որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհրդին՝ չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:

4. Բողոքարկման ընթացքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կասեցվում է: Բողոքարկման ընթացքում աուդիտորների՝ մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է կասեցված: Հանրային վերահսկողության խորհրդի կամ դատարանի կողմից բողոքարկումը չբավարարելու դեպքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը մնում է անփոփոխ: Հանրային վերահսկողության խորհրդի կամ դատարանի կողմից բողոքարկումը բավարարելու դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է որակավորման չեղարկումը դադարացնելու վերաբերյալ որոշում:

5. Անձը, որի որակավորումը չեղարկվել է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն, իրավունք չունի որակավորման քննությունների համար կրկին դիմել մասնագիտացված կառույցին որակավորումը չեղարկելու ամսաթվից հետո երեք տարվա ընթացքում:

6. Անձը, որի որակավորումը չեղարկվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, իրավունք չունի որակավորման քննությունների համար կրկին դիմել մասնագիտացված կառույցին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նախատեսված ժամկետի ընթացքում:

Գ Լ ՈՒ Խ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 30. Անցումային դրույթներ

1. «Աուդիտորական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն տրված աուդիտորի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից դրանց գործողության ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը, եթե սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին այդ վկայականները հանդիսանում են գործող: Նշված վկայականները հիմք են հանդիսանում որպես աուդիտոր մասնագիտացված կառույցին անդամակցելու համար:

2. «Աուդիտորական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն աուդիտորի որակավորման վկայական ունեցող աուդիտորներն իրավունք ունեն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը մասնագիտացված կառույցի կողմից սահմանված պարզեցված կարգով ստանալ սույն օրենքով նախատեսված որակավորման վկայական:

3. Մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը աուդիտորական կազմակերպությունները կամ աուդիտորները պարտավոր են իրականացնել մասնագիտացված կառույցին անդամակցության վերաբերյալ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները:

4. 2020 թվականի հունվարի 1-ից աուդիտորական ծառայությունների իրականացման համար տրված լիցենզիաները ուժը կորցրած են համարվում, եւ այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք չեն անդամակցում մասնագիտացված կառույցներին, իրավունք չունեն մատուցել աուդիտորական ծառայություններ:

5.«Աուդիտորական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը մնում են ուժի մեջ այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին:

Հոդված 31. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:

 2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Աուդիտորական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաեւ հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից: Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունավետ համակարգ ձեւավորելու նպատակով անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական կարգավորման որոշակի գործառույթներ պատվիրակել մասնագիտական կազմակերպություններին՝ ներդնելով նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը:

Փաթեթը ներառում է նաեւ լրացուցիչ թվով 5 օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն, որոնցով կամբողջականացվեն բարեփոխումներին վերաբերող իրավակարգավորումները:

Միաժամանակ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը հրապարակվում է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն ՀՀ դրամը: Սակայն, ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի հաշվարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 20-ը: Քանի որ շահութահարկի հաշվարկով ներկայացվող շահութահարկի գծով ծախսը հանդիսանում է կազմակերպության կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա հոդված, հետեւաբար, ֆինանսական հաշվետվությունների հրապարակման՝ շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետից ավելի վաղ ժամկետ սահմանելը հիմնադրամների մոտ խնդիրներ է առաջացնում:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն  հասարակական կազմակերպությունները իրենց ֆինանսական հաշվետվությունները աուդիտի են ենթարկում միայն հանրային միջոցներից ֆինանսավորման մասով: Հաշվի առնելով, որ գործնականում անհնար է տարանջատել հանրային միջոցներից ֆինանսավորված գործառնություններն ու միայն դրանք ենթարկել աուդիտի, անհրաժեշտություն է առաջացել խմբագրել օրենքի համապատասխան պահանջը, միաժամանակ առավել հասցեական դարձնելով հասարակական կազմակերպությունների համար տարեկան պարտադիր աուդիտի ենթարկվելու պահանջը:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման ոլորտի կարգավորումն իրականացվում է պետության կողմից` պետական կառավարման լիազոր մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարության) միջոցով, ինչը նշանակում է, որ հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտներում պետությունն է մշակում կարգավորման քաղաքականությունը, ինչպես նաեւ այդ քաղաքականության իրականացման մեխանիզմները:

Նախագծերով նախատեսվում է նաեւ ճշգրտել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը, ներկայումս գործող օրենսդրական ձեւական պահանջից անցում կատարելով իրապես աուդիտի ենթարկվելու հանրային պահանջ ունեցող ընկերություններ ներգրավելուն: Ներկայումս տարբեր օրենքներով պարտադիր աուդիտի ենթակա է շուրջ 1174 կազմակերպություն, որոնց գերակշիռ մասը (շուրջ 54%-ը) որեւէ գործունեություն չիրականացնող բաց բաժնետիրական ընկերություններն են: Բարեփոխումների նպատակն է նաեւ հստակեցնել նշված կազմակերպությունների շրջանակը՝ աուդիտի պահանջը տարածելու իրապես հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների, այլ ոչ թե ֆորմալ առումով օրենքի պահանջին բավարարող կազմակերպությունների նկատմամբ:

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Բարեփոխումների արդյունքում ՀՀ-ում կներդրվի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը:

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է հետեւյալ հիմնական արդյունքերի ստացումը.

1) հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ, մասնավորապես՝ մասնագետների որակավորման եւ շարունակական զարգացման, ՖՀՄՍ-ների եւ Աուդիտի միջազգային ստանդարտների ժամանակին թարգմանության, աուդիտի որակի ապահովման համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը մասնագիտացված կառույցների միջոցով.

2) ՀՀ ֆինանսների նախարարությանը կից ստեղծել Հանրային վերահսկողության խորհուրդ, որը պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար.

3) ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը՝ փոփոխված չափանիշներով խոշոր համարվող կազմակերպությունների համար, որոնց սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին,

4) վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական կազմակերպությունների ռեեստր):

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է որպես ֆինանսական հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ի փոխարեն սահմանել հուլիսի 1-ը, ինչպես նաեւ աուդիտորական եզրակացության հետ միասին սահմանել ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջ:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը կհամապատասխանի ԵՄ աուդիտի եւ հաշվապահական հաշվառման համապատասխան դիրեկտիվների պահանջներին: Դա նշանակում է, որ աուդիտի ենթակա կլինեն ոչ թե, օրինակ, կազմակերպա-իրավական տեսանկյունից բաց բաժնետիրական հանդիսացող ընկերությունները, այլ նրանք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձ կամ հաշվետու թողարկող կամ կբավարարեն օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշների (օրինակ՝ գործունեությունից հասույթ, ակտիվների հաշվեկշռային արժեք, աշխատողների թվաքանակ):

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է մեղմացնել հասարակական կազմակերպությունների ֆինանսակական հաշվետվությունների աուդիտի ենթարկման եւ հրապարակման պահանջը՝ որպես չափանիշ սահմանելով սահմանելով հաշվետու տարում հանրային միջոցներից տասը միլիոն դրամը գերազանցող ֆինանսավորում ունենալու հանգամանքը, միաժամանակ հստակեցնելով, որ աուդիտ ենթակա են ամբողջական ֆինանսական հաշվետվությունները:

4.Կարգավորման առարկան.

Նախագծերի կարգավորման առարկան է Հայաստանի Հանրապետությանում հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:

Եզրակացություն

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացման կամ եկամուտների էական նվազեցման վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

14  սեպտեմբերի  2018  թվականի  N  1009 - Ա
 

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ  ՀԱՇՎԱՌՄԱՆ   ՄԱՍԻՆ»,  «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ   ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաս-

տանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. սեպտեմբերի  20
            Երեւան

 

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
  
  
 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում  «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1009-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
 
Հարգանքով`
 ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ