Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-532-04.03.2005-ԳԿ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է նախադպրոցական կրթության համակարգի գործունեության եւ զարգացման իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հիմքերը: Նախադպրոցական կրթությունն ուղղված է երեխայի ներդաշնակ զարգացման, դաստիարակության եւ ուսուցման, առողջության ամրապնդման ու խնամքի ապահովմանը, հիմնվում է ընտանեկան եւ հասարակական դաստիարակության համադրման, հոգեբանամանկավարժական, հիգիենայի եւ ֆիզիոլոգիայի բնագավառում գիտության նվաճումների, համաշխարհային մանակավարժության փորձի ժառանգության վրա եւ նպաստում է ժողովրդավարական-իրավական հասարակության արժեքների ձեւավորմանը:

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը

Նախադպրոցական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Կրթության մասին», Հայաստանի Հանրապետության «Կրթության զարգացման 2001-2005թթ. պետական ծրագիր» օրենքներից, սույն օրենքից, այլ օրենքներից, նորմատիվ-իրավական ակտերից եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

նախադպրոցական կրթություն` հանրակրթության առաջին օղակը, որի հիմնական նպատակը երեխայի առողջության պահպանման, նրա մտավոր, հոգեւոր եւ ֆիզիկական ունակությունների առավելագույն դրսեւորման ու զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը եւ մարդկային ու ազգային արժանապատվությամբ օժտված սերնդի ձեւավորման հիմքերի ապահովումն է,

նախադպրոցական տարիք` 0-6 տարեկան հասակը: Այն իր մեջ ներառում է երեք տարիքային փուլեր` վաղ տարիք /0-3 տարեկան/, կրտսեր նախադպրոցական /3-5 տարեկան/ եւ ավագ նախադպրոցական /5-6 տարեկան/,

նախադպրոցական ուսումնական հաստատություն` կառույց, որն իրականացնում է նախադպրոցական կրթադաստիարակչական ծրագրեր,

մսուր-մանկապարտեզ` նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություն` նախատեսված երկու ամսականից մինչեւ վեց տարեկան երեխաների համար,

մանկապարտեզ` նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություն` նախատեսված 3-6 տարեկան երեխաների համար,

համալիր մանկապարտեզ, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական հաստատությունների մի քանի տեսակներ կամ խմբեր,

նախակրթարան` նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն նախատեսված 5-6 տարեկան երեխաների համար,

նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ` համատեղ ուսումնադաստիարակչական գործընթացում ընդգրկված նախադպրոցական հաստատության սաների խումբ,

նախադպրոցական համակարգ` անկախ ենթակայությունից, տիպերից եւ սեփականության ձեւից նախադպրոցական ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների (կրթահամալիրների), գիտական եւ մեթոդական հաստատությունների, կրթության կառավարման մարմինների ամբողջությունը եւ կրթությունն ու դաստիարակությունն ընտանիքում,

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք` ֆիզիկական, մտավոր եւ/կամ հոգեկան զարգացման շեղումներ ունեցող անձինք,

ատեստավորում` ուսումնական հաստատության գործունեության եւ նրա շրջանավարտների պատրաստման որակի, բովանդակության եւ մակարդակի գնահատում` պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան,

պետական կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների /սաների/ ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը եւ սովորողներին /սաներին/ ներկայացվող որակական պահանջները:

Հոդված 3. Նախադպրոցական կրթությունը

1. Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետության շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է:

2. Նախադպրոցական կրթությունն ամբողջական գործընթաց է, որն ուղղված է`

ա) հակումներին, ընդունակություններին, անհատական, հոգեկան եւ ֆիզիկական առանձնահատկություններին, մշակութային պահանջմունքներին համապատասխան նախադպրոցական տարիքի երեխայի բազմակողմանի զարգացման ապահովմանը,

բ) նախադպրոցական տարիքի երեխայի մոտ բարոյական տարրական նորմերի ձեւավորմանը:

3. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական ուսումնական հաստատություններում` ինչպես նաեւ ընտանիքում նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքներ:

Ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների ցանկությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ`

ա) նախադպրոցական ուսումնական հասատատություններում,

բ) ընտանիքում,

գ) անհատական մանկավարժական գործունեության միջոցով:

Հոդված 4. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրության հիմնական խնդիրները

Նախադպրոցական կրթության մասին օրենսդրության հիմնական խնդիրներն են.

ա) Օրենքով սահմանված դեպքում անվճար, մատչելի, իսկ կամավորության սկզբունքներով նաեւ վճարովի նախադպրոցական կրթություն ստանալու երեխայի իրավունքների սահմանումը.

բ) նախադպրոցական կրթության համակարգի գործունեության եւ զարգացման անհրաժեշտ պայմանների ապահովումը.

գ)նախադպրոցական կրթության բովանդակության չափորոշչային սահմանումը.

դ) նախադպրոցական կրթության կառավարման մարմինների եւ նրանց լիազորությունների սահմանումը.

ե) ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացի մասնակիցների իրավունքների եւ պարտականությունների սահմանումը

զ) նախադպրոցական կրթության ոլորտում պատասխանատվության սահմանումը.

է) նախադպրոցական կրթության ոլորտում բարեգործության, նպատակային ֆինանսական աջակցության համար պայմանների ապահովումը:

Հոդված 5. Նախադպրոցական կրթությանոլորտում պետական քաղաքականությունը

1. Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է նախադպրոցական կրթության դերը եւ ապահովում է պատշաճ պայմաններ` նախադպրոցական կրթություն ստանալու համար:

Նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության հիմքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու այլ նորմատիվ-իրավական ակտերն են:

2. Պետությունը՝

ա) երեխայի զարգացման, դաստիարակության եւ ուսուցման հարցերում ընտանիքին ցուցաբերում է բազմակողմանի օգնություն,

բ) նախադպրոցական կրթության բովանդակության, մակարդակի եւ ծավալի նկատմամբ պետական պահանջների (պետական կրթական չափորոշիչների) շրջանակներում ապահովում է մատչելի, իսկ 5 տարեկանների համար անվճար նախադպրոցական կրթություն համայնքային ուսումնական հաստատություններում,

գ) ապահովում է երեխայի կյանքի, առողջության պահպանման եւ ամրապնդման, ներդաշնակ ու համակողմանի զարգացման, ուսուցման ու դաստիարակության, ինչպես նաեւ ֆիզիկական եւ հոգեկան զարգացման շեղումների շտկման աշխատանքների իրականացումը,

դ) օժանդակում է նախադպրոցական համակարգի զարգացմանը եւ պահպանմանը:

Հոդված 6. Նախադպրոցական տարիքը

1. Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական կայացման ժամանակաշրջանն է` 0-6 տարեկան հասակը:

2. Նախադպրոցական տարիքային փուլերն են.

ա) վաղ տարիք` 0-3 տարեկան,

բ) կրտսեր նախադպրոցական` 3-5 տարեկան,

գ) ավագ նախադպրոցական` 5-6 տարեկան:

Նախադպրոցական կրթության համակարգը

Նախադպրոցական կրթության համակարգի ներառում է`

ա) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները, հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը,

բ) նախադպրոցական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ այն հանրակրթական ուսումնական հաստատությունները (կրթահամալիրները), որոնք իրականացնում են նաեւ նախադպրոցական ծրագրեր,

գ) նախադպրոցական կրթության կառավարման մարմինները, ինչպես նաեւ դրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները,

դ) կրթությունը եւ դաստիարակությունն ընտանիքում/ընտանիքը:

Հոդված 7. Նախադպրոցական կրթության սկզբունքները

Նախադպրոցական կրթության սկզբունքներն են.

ա) յուրաքանչյուր քաղաքացու համար նախադպրոցական կրթության համակարգի կողմից իրականացվող կրթական ծառայությունների մատչելիությունը,

բ) յուրաքանչյուր երեխայի բազմակողմանի զարգացման, ունակությունների, հակումների, կարողությունների, ընդունակությունների, ձիրքերի դրսեւորման համար պայմանների հավասարությունը,

գ) գենդերային, միասնական մոտեցման ապահովումը երեխաների զարգացման, դաստիարակության, ուսուցման եւ առողջարարական, վերականգնողական խնդիրներին,

դ) ընտանիքի եւ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնա- դաստիարակչական աշխատանքների համադասվածությունը,

ե) նախադպրոցական եւ տարրական ընդհանուր կրթության հաջորդայնությունն ու անընդհատությունը,

զ) նախադպրոցական կրթության աշխարհիկ բնույթը,

է) երեխայի անձնային զարգացման նպատակով անհատական մոտեցման ապահովումը,

ը) մանկավարժական գործընթացի ժողովրդավարացումն ու մարդասիրությունը,

թ) նախադպրոցական կրթության բովանդակության, մակարդակի եւ ծավալի համապատասխանությունը նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման առանձնահատկություններին եւ առողջական վիճակին:

Հոդված 8. Նախադպրոցական կրթության խնդիրները

Նախադպրոցական կրթության խնդիրներն են.

ա) երեխայի ֆիզիկական եւ հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը, խնամքը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը

բ) նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, մայրենի լեզվով հաղորդակցվելու եւ այդ հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալների ապահովումը, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը,

գ) վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության եւ բնապահպանության, պատմության եւ ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական ու ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, աշխատանքային տարրական հմտությունների եւ կարողությունների ձեւավորումը,

դ) դպրոցական ուսուցմանը նախապատրաստելը,

ե) հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի նկատմամբ հարգալի վերաբերմունքի ձեւավորումը, ազգային ավանդույթների, մայրենի լեզվի, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի, շրջապատի եւ շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքի արմատավորումը,

զ) երեխայի անհատականության ձեւավորումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը, հասարակական փորձի ձեռքբերումը,

է) նախադպրոցական կրթական չափորոշիչներին համապատասխան հասարակական միջավայրի հարմարման եւ կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը,

ը) ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը:

Հոդված 9. Ընտանիքի դերը նախադպրոցական կրթության ոլորտում

1. Ընտանիքը օժանդակում է նախադպրոցական եւ այլ ուսումնական հաստատություններում երեխայի ուսումնառությանը եւ ապահովում է նախադպրոցական կրթությունն ընտանիքում:

2. Երեխայի հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություն ընտանիքին չի ազատում նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու եւ կրթելու պարտավորությունից:

3. Ծնողները (այլ օրինական ներկայացուցիչները) հասարակության եւ պետության առջեւ պատասխանատվություն են կրում երեխայի զարգացման, դաստիարակության եւ ուսուցման, ինչպես նաեւ նրանց կյանքի, առողջության եւ արժանապատվության պաշպանության համար:

ԳԼՈՒԽ 2

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՏԻՊԵՐԸ, ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը եւ նրա լիազորությունները

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը նախադպրոցական կրթություն ստանալու, ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր զարգացման, հասարակական հարմարման եւ կրթությունը շարունակելու պատրաստվածության երեխայի իրավունքների իրականացումն ապահովող ուսումնական հաստատություն է:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը.

ա) բավարարում է նախադպրոցական կրթություն ստանալու քաղաքացիների պահանջմունքները,

բ) ապահովում է նախադպրոցական կրթության մակարդակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին,

գ) երեխաների զարգացման, դաստիարակության, ուսուցման եւ առողջության ամրապնդման համար ապահովում է սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան պայմաններ,

դ) երեխաների մոտ ձեւավորում է անձնական հիգիենայի, առողջ կենսակերպի եւ անվտանգ վարքագծի կանոններ,

ե) օժանդակում է երեխաների առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական զարգացմանը,

զ) իրականացնում է սոցիալ-հոգեբանական աջակցություն, ծնողների շրջանում տարածում հոգեբանական եւ մանկավարժական գիտելիքներ, ընտանիքի հետ համագործակցություն,

է) իրականացնում է նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատության (անկախ սեփականության ձեւից) գործունեության հիքմը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող լիցենզիան է:

4. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի ռեժիմը, երեխաներին պահելու տեւողությունը, անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից, տիպերից եւ սեփականության ձեւից, սահմանում է նրա հիմնադիրը (սեփականատերը)` կրթության եւ առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինների իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

5. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել մանկավարժական նորարարական/այլընտրանքային ծրագիր, իրականացնել փորձարարական գործունեություն: Նման գործունեության կարգավիճակ նախադպրոցական ուսումնական հաստատությանը տրվում է կրթության կառավարման լիազորված պետական մարմնի կողմից: Փորձարարական գործունեությանը թույլատվությունը նախադպրոցական ուսումնական հաստատությանը տրվում է անկախ նրա ենթակայությունից, տիպից եւ սեփականության ձեւից:

Հոդված 11. Նախադպրոցական ուսումնական հաստատության տիպերը

1. Հայաստանի Հանրապետությունում կարող են ստեղծվել հետեւյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունները.

ա) մսուր-մանկապարտեզ` նախատեսված երկու ամսականից մինչեւ վեց տարեկան երեխաների խնամքի, զարգացման, դաստիարակության եւ ուսուցման համար,

բ) մանկապարտեզ` նախատեսված երեք տարեկանից մինչեւ վեց տարեկան երեխաների զարգացման, դաստիարակության եւ ուսուցման համար,

գ) նախակրթարան նախատեսված 5-6 տարեկան երեխաների համար:

դ) համալիր մանկապարտեզ, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական հաստատությունների մի քանի տեսակներ կամ խմբեր,

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է ներառվել կրթահամալիրի կազմում:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց նախադպրոցական կրթությունն իրականցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:

Հոդված 12. Նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությունը

Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի կանոնադրության հիման վրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:

Հոդված 13. Նախադպրոցական ուսումնական հաստատության խմբերի համալրումը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների խմբերի համալրումը, որպես կանոն, իրականացվում է տարիքային, ընտանեկան եւ ազգակցական հատկանիշներով:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի համալրումն իրականացվում է հետեւյալ կարգով.

ա) մինչեւ 10 երեխա` մինչեւ մեկ տարեկան երեխաների խմբերի համար,

բ) մինչեւ 15 երեխա` մեկ տարեկանից մինչեւ երեք տարեկան երեխաների խմբերի համար,

գ) մինչեւ 20 երեխա` երեք տարեկանից մինչեւ վեց տարեկան երեխաների խմբերի համար,

դ) մինչեւ 15 երեխա` տարբեր տարիքի երեխաներով համալրված խմբերի համար:

Հիմնադիրը (հիմնադիրները) կարող են սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատության խմբերի առավել նվազ համալրվածություն:

Հոդված 14. Նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել համայնքային, գերատեսչական ենթակայության եւ սեփականության մասնավոր ձեւի:

2. Համայնքային եւ գերատեսչական ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները հիմնարկի կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություններ են:

3. Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ:

Հոդված 15. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադրումը, վերակազմակերպումը եւ լուծարումը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը եւ լուծարումը իրականացվում է օրենքով սահմաված կարգով:

ԳԼՈՒԽ 3

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 16. Նախադպրոցական կրթության համակարգի կառավարման մարմինները

Նախադպրոցական կրթության համակարգի կառավարումն իրականացնում են.

ա) կրթության պետական կառավարման լիազորված պետական մարմինը,

բ) տարածքային պետական կառավարման մարմինները,

գ) տեղական ինքնակառավարման մարմինները,

դ) հիմնադիրները:

Հոդված 17. Նախադպրոցական կրթության համակարգի կառավարման մարմինների հիմնական խնդիրները

Նախադպրոցական կրթության համակարգի կառավարման մարմինների հիմնական խնդիրներն են.

ա) երեխաների նախադպրոցական կրթության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,

բ) քաղաքացիների կրթական պահանջմունքներին համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատության կամ դրանց ցանցի զարգացման ապահովումը անկախ դրանց տիպերից եւ սեփականության ձեւից,

գ) նախադպրոցական ուսումնական հաստատությունների (անկախ սեփականության ձեւից)` կրթական ծառայություններ մատուցելու իրավունքի լիցենզավորումը,

դ) նախադպրոցական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցների իրավունքների պաշպանությունը, նրանց կյանքի, անվտանգության եւ առողջության պահպանումը,

ե) նախադպրոցական կրթության պետական չափորոշիչների պահանջների եւ ուսումնամեթոդական աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը,

զ) նախադպրոցական կրթության գիտամեթոդական ապահովման կազմակերպումը, գիտության նվաճումների, առաջավոր փորձի, նորագույն մանկավարժական տեխնոլոգիաների ներդրումը,

է) փորձարարական եւ նորարարական գործունեության կազմակերպումը,

ը) նախադպրոցական կրթության համակարգը մանկավարժական կադրերով ապահովելը, նրանց վերապատրաստմանը, որակավորման բարձրարացմանը եւ ատեստավորմանը աջակցելը:

Հոդված 18. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները նախադպրոցական կրթության ոլորտում

1. Կրթության կառավարման լիազորված պետական մարմինը.

ա) իրականացնում է նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականությունը,

բ) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է նախադպրոցական կրթության համակարգի հարաբերությունների նորմատիվ-իրավական կարգավորումը,

գ) մշակում եւ հաստատում է երեխաների ֆինանսական եւ նյութական ապահովման, ինչպես նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները,

դ) սահմանում է նախադպրոցական կրթության համակարգի զարգացման հեռանկարները եւ գերակա ուղղությունները,

ե) մշակում, ներդնում է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչները եւ վերահսկում դրանց պահանջների կատարումը,

զ) վերահսկում է կրթության կառավարման մարմինների եւ նախադպրոցական կրթության համակարգի ուսումնական հաստատությունների գործունեությունը,

է) կազմակերպում է նախադպրոցական կրթության նորմատիվ, գիտական, ծրագրամեթոդական, կադրային եւ տեղեկատվական ապահովումը,

ը) սահմանում է նախադպրոցական կրթության համակարգի մանկավարժ աշխատակիցների ատեստավորման կարգը,

թ) ընդունում է որոշումներ նախադպրոցական կրթության համակարգի նորարարական գործունեության կազմակերպման վերաբերյալ, համակարգում եւ վերահսկում է դրանց իրականացումը,

ժ) հաստատում է ուսումնադիդակտիկ պարագաների, ծրագրամեթոդական, ուսումնական ձեռնարկների, գեղարվեստական գրականության տիպային ցանկերը,

ժա) ՀՀ օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթության համակարգում իրականացնում է միջազգային համագործակցություն:

Իր լիազորությունների սահմաններում կրթության ոլորտի լիազորված պետական մարմնի ընդունած իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման նախադպրոցական կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

2. Կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները նախադպրոցական կրթության համակարգում իրենց լիազորությունների սահմաններում.

ա) ապահովում են համապատասխան տարածքում նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը,

բ) վարում են նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառում,

գ) իրականացնում են նախադպրոցական կրթության ոլորտի օրենքների եւ այլ նորմատիվ-իրավական ակտերի պահանջների կատարման, նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պետական կրթական չափորոշիչների պահպանման նկատմամբ հսկողություն,

դ) մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքներին,

ե) ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար,

զ) իրականացնում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը եւ պաշտոնից ազատումը` համաձայն գործող կարգերի,

է) կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական եւ նորարարական գործունեության իրականացումը,

ը) ապահովում են նախադպրոցական տարիքի երեխաների առողջա-պահական խնդիրների իրականացումը,

թ) իրականացնում են ՀՀ օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 19. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական հսկողությունը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական հսկողությունն իրականացվում է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացվում է կրթության բնագավառում լիազորություններ ունեցող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ պետական հսկողության հիմնական ձեւերն են ատեստավորումը, տեսչավորումը, որոնք իրականացվում են կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի սահմանած կարգերին համապատասխան:

ԳԼՈՒԽ 4

Ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում

Հոդված 20. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը

1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը նախադպրոցական տարիքի երեխայի զարգացվածության, դաստիարակության աստիճանը սահմանող, համապատասխան նորմեր եւ դրույթներ պարունակող պետական նորմատիվ է:

2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի ապահովումը, նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է:

3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

4. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ծրագրամեթոդական ապահովումը իրականացվում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից:

Հոդված 21. Նախադպրոցական կրթությանը եւ նրա իրականացմանը ներկայացվող պահանջները

1. Նախադպրոցական կրթության բովանդակությունը սահմանվում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով:

2. Նախադպրոցական կրթությունն իրականացվում է կրթության բնագավառի լիզորված պետական մարմնի կողմից հաստատած պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ծրագրերով:

3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով չնախատեսված լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցումն իրականցվում է ծնողների (նրանց ներկայացուցիչների) համաձայնությամբ:

Հոդված 22. Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը իրականացվում է ուսումնական տարվա հաշվարկով իր կողմից կազմված աշխատանքային պլանով:

2. Համայնքային եւ գերատեսչական նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքային պլանը կազմվում է հիմք ընդունելով նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, պետական չափորոշիչները, «Նախադպրոցական կրթության համալիր ծրագիրը», պետական լիազոր մարմնի նորմատիվ ակտերի պահանջները եւ հաստատվում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:

3. Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային պլանը հաստատվում է տվյալ ուսումնական հաստատության հիմնադրի (հիմնադիրների) կողմից:

ԳԼՈՒԽ 5

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 23. Նախադպրոցական կրթության համակարգի գիտամեթոդական ապահովումը

Նախադպրոցական կրթության համակարգի գիտամեթոդական ապահովումն իրականացնում են.

ա) կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը, նրան ենթակա գիտամեթոդական հաստատությունները, բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունները,

բ) հետբուհական մանկավարժական կրթության ուսումնական հաստատությունները,

գ) կրթության պետական կառավարման բնագավառի ենթակայության գիտամեթոդական հաստատությունները:

ԳԼՈՒԽ 6.

ՈւՍՈւՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ ՈԼՈՐՏՈւՄ

Ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցները

Նախադպրոցական կրթության ոլորտի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են.

ա) նախադպրոցական տարիքի երեխաները (սաները),

բ) նախադպրոցական կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները,

գ) տնօրենները, ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տնօրենների տեղակալները, դաստիարակ-մեթոդիստները, դաստիարակները, ավագ դաստիարակները, ուսուցիչները, լոգոպեդ-ուսուցիչները, հոգեբանները, սոցիալական մանկավարժները, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչները, երաժշտական ղեկավարները, օղակների, ստուդիաների, խմբակների ղեկավարները եւ այլ մասնագետները,

դ) մսուրներում եւ մսուր-մանկապարտեզներում դաստիարակների օգնականները եւ դայակները,

ե) բուժաշխատողները,

զ) ծնողները եւ նրանց ներկայացուցիչները,

է) նախադպրոցական կրթության ոլորտում համապատասխան կրթական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք:

Հոդված 24. Երեխայի իրավունքները նախաադպրոցական կրթության ոլորտում

Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի`

ա) նախադպրոցական կրթություն ստանալու պետական, համայնքային եւ սեփականության մասնավոր ձեւի ուսումնական հաստատություններում` խնամքի, զարգացման, դաստիարակության եւ ուսուցման անվտանգ եւ առողջության համար անվնաս պայմանների առկայությամբ,

բ) առողջությանը, մտավոր եւ հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից եւ քարոզչությունից պաշտպանվածության,

գ) բժշկական օգնության եւ սպասարկման,

դ) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից եւ ազդեցությունից, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության:

Հոդված 25. Աշխատանքային հարաբերությունները նախադպրոցական կրթության ոլորտում

1. Նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 26. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների ատեստավորումը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների (այդ թվում ղեկավարների) ատեստավորումը պարտադիր է եւ իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան, ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ:

Հոդված 27. Երեխաների բժշկական սպասարկումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում

1. Նախադպրոցական կրթության համակարգում բժշկական սպասարկման կազմակերպումն ապահովում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության սաներն ապահովվում են անվճար հիմունքներով անընդհատ բժշկական սպասարկմամբ, որն իրականացնում են տվյալ ուսումնական հաստատության հաստիքային բուժաշխատողները:

3. Հսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատությունում բժշկական սպասարկման նկատմամբ իրականացնում է առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը:

Հոդված 28. Երեխաների սննդի կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում

1. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպում եւ դրա համար պատասխանատվություն են կրում հիմնադիրները եւ ուսումնական հաստատությունների տնօրենները` սահմանված նորմատիվներին համապատասխան:

Հոդված 29. Ծնողների կամ նրանց ներկայացուցիչների իրավունքները եւ պարտականությունները

1. Ծնողները կամ նրանց ներկայացուցիչները իրավունք ունեն.

ա) ընտրել նախադպրոցական ուսումնական հաստատությունը եւ երեխայի կրթություն ստանալու ձեւը.

բ) երեխաների զարգացման, դաստիարակության եւ ուսուցման հարցերով դիմել կրթության կառավարման բնագավառի համապատասխան մարմիններ.

գ) համապատասխան պետական մարմիններում պաշտպանել իրենց երեխաների օրինական շահերը:

2. Ծնողները կամ նրանց ներկայացուցիչները պարտավոր են.

ա) երեխաների մոտ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, սեփական ժողովրդի ազգային, պատմական, մշակութային արժեքների նկատմամբ.

բ) ապահովել անհրաժեշտ պայմաններ նախադպրոցական տարիքի երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու համար.

գ) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների եւ ընդունակությունների զարգացման համար.

դ) հարգել երեխայի արժանապատվությունը,

ե) երեխայի մոտ դաստիարակել աշխատասիրություն, հարգալից վերաբերմունք ավագների, մայրենի լեզվի, ազգային ավանդույթների եւ սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ:


ԳԼՈւԽ 7

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈՒԹՅՈւՆԸ ԵՎ ՆՅՈւԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ

Հոդված 30. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է ՀՀ օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրներն են.

ա) հիմնադիրների (սեփականատերերի) հատկացումները,

բ) ծնողների կամ նրանց ներկայացուցիչների, այլ ֆիզիկական, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կամավոր հանգանակությունները եւ նվիրատվությունները,

գ) լրացուցիչ վճարովի կրթական եւ մարզաառողջարարական ծառայություններից ստացված միջոցները,

դ) զարգացման շեղումներով երեխաների համար հագեբանական, շտկողական ծառայությունների կազմակերպման փոխհատուցումները,

ե) ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

Հոդված 31. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի կազմավորումն ու զարգացումն իրականացվում է հիմնադրի (սեփականատիրոջ) միջոցների հաշվին:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան ներառում է շենքեր, շինություններ, հողամասեր, հաղորդակցության միջոցներ, գույք, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ եւ այլն:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային ներկայացվող պահանջները սահմանում են լիցենզավորման կարգերով:

Հոդված 32. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները

1. Անկախ ենթակայությունից եւ տիպից, համայնքային եւ գերատեսչական ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակները հաստատում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը՝ ֆինանսների կառավարման բնագավառի լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:

2. Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները սահմանում են սեփականատերերը (հիմնադիրները)՝ կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից հաստատած նորմատիվների հիման վրա:

ԳԼՈւԽ 8.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 33. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 


ԳԼՈւԽ 9.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 34. Հոդված 3-ի 2բ) կետի պահանջը 5 տարեկանների վերաբերյալ ուժի մեջ է մտնում 2006 թվականի սեպտեմբերի 1-ից: