Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1164-25.04.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

1. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է տասը միլիոն եւ ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի՝ Կազմակերպության ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից:

2. Անկախ աուդիտորի եզրակացությունը՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված տարեկան ֆինանսական հաշվետվությունների հետ միասին, կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաեւ հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից: Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունավետ համակարգ ձեւավորելու նպատակով անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական կարգավորման որոշակի գործառույթներ պատվիրակել մասնագիտական կազմակերպություններին՝ ներդնելով նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը:

Փաթեթը ներառում է նաեւ լրացուցիչ թվով 5 օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն, որոնցով կամբողջականացվեն բարեփոխումներին վերաբերող իրավակարգավորումները:

Միաժամանակ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը հրապարակվում է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն ՀՀ դրամը: Սակայն, ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի հաշվարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 20-ը: Քանի որ շահութահարկի հաշվարկով ներկայացվող շահութահարկի գծով ծախսը հանդիսանում է կազմակերպության կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա հոդված, հետեւաբար, ֆինանսական հաշվետվությունների հրապարակման՝ շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետից ավելի վաղ ժամկետ սահմանելը հիմնադրամների մոտ խնդիրներ է առաջացնում:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն  հասարակական կազմակերպությունները իրենց ֆինանսական հաշվետվությունները աուդիտի են ենթարկում միայն հանրային միջոցներից ֆինանսավորման մասով: Հաշվի առնելով, որ գործնականում անհնար է տարանջատել հանրային միջոցներից ֆինանսավորված գործառնություններն ու միայն դրանք ենթարկել աուդիտի, անհրաժեշտություն է առաջացել խմբագրել օրենքի համապատասխան պահանջը, միաժամանակ առավել հասցեական դարձնելով հասարակական կազմակերպությունների համար տարեկան պարտադիր աուդիտի ենթարկվելու պահանջը:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման ոլորտի կարգավորումն իրականացվում է պետության կողմից` պետական կառավարման լիազոր մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարության) միջոցով, ինչը նշանակում է, որ հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտներում պետությունն է մշակում կարգավորման քաղաքականությունը, ինչպես նաեւ այդ քաղաքականության իրականացման մեխանիզմները:

Նախագծերով նախատեսվում է նաեւ ճշգրտել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը, ներկայումս գործող օրենսդրական ձեւական պահանջից անցում կատարելով իրապես աուդիտի ենթարկվելու հանրային պահանջ ունեցող ընկերություններ ներգրավելուն: Ներկայումս տարբեր օրենքներով պարտադիր աուդիտի ենթակա է շուրջ 1174 կազմակերպություն, որոնց գերակշիռ մասը (շուրջ 54%-ը) որեւէ գործունեություն չիրականացնող բաց բաժնետիրական ընկերություններն են: Բարեփոխումների նպատակն է նաեւ հստակեցնել նշված կազմակերպությունների շրջանակը՝ աուդիտի պահանջը տարածելու իրապես հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների, այլ ոչ թե ֆորմալ առումով օրենքի պահանջին բավարարող կազմակերպությունների նկատմամբ:

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Բարեփոխումների արդյունքում ՀՀ-ում կներդրվի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը:

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է հետեւյալ հիմնական արդյունքերի ստացումը.

1) հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ, մասնավորապես՝ մասնագետների որակավորման եւ շարունակական զարգացման, ՖՀՄՍ-ների եւ Աուդիտի միջազգային ստանդարտների ժամանակին թարգմանության, աուդիտի որակի ապահովման համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը մասնագիտացված կառույցների միջոցով.

2) ՀՀ ֆինանսների նախարարությանը կից ստեղծել Հանրային վերահսկողության խորհուրդ, որը պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար.

3) ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը՝ փոփոխված չափանիշներով խոշոր համարվող կազմակերպությունների համար, որոնց սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին,

4) վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական կազմակերպությունների ռեեստր):

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է որպես ֆինանսական հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ի փոխարեն սահմանել հուլիսի 1-ը, ինչպես նաեւ աուդիտորական եզրակացության հետ միասին սահմանել ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջ:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը կհամապատասխանի ԵՄ աուդիտի եւ հաշվապահական հաշվառման համապատասխան դիրեկտիվների պահանջներին: Դա նշանակում է, որ աուդիտի ենթակա կլինեն ոչ թե, օրինակ, կազմակերպա-իրավական տեսանկյունից բաց բաժնետիրական հանդիսացող ընկերությունները, այլ նրանք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձ կամ հաշվետու թողարկող կամ կբավարարեն օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշների (օրինակ՝ գործունեությունից հասույթ, ակտիվների հաշվեկշռային արժեք, աշխատողների թվաքանակ):

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է մեղմացնել հասարակական կազմակերպությունների ֆինանսակական հաշվետվությունների աուդիտի ենթարկման եւ հրապարակման պահանջը՝ որպես չափանիշ սահմանելով սահմանելով հաշվետու տարում հանրային միջոցներից տասը միլիոն դրամը գերազանցող ֆինանսավորում ունենալու հանգամանքը, միաժամանակ հստակեցնելով, որ աուդիտ ենթակա են ամբողջական ֆինանսական հաշվետվությունները:

4.Կարգավորման առարկան.

Նախագծերի կարգավորման առարկան է Հայաստանի Հանրապետությանում հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:

Եզրակացություն

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացման կամ եկամուտների էական նվազեցման վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

14  սեպտեմբերի  2018  թվականի  N  1009 - Ա
 

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ  ՀԱՇՎԱՌՄԱՆ   ՄԱՍԻՆ»,  «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ   ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաս-

տանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. սեպտեմբերի  20
            Երեւան

 

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում  «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1009-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
 
Հարգանքով`
 ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ