Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-117-25.04.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Աշխարհագրական նշումների մասին» 2010 թվականի մայիսի 22-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «բնական եւ հանքային ջրերի» բառերից առաջ «բացառությամբ» բառը փոխարինել «այդ  թվում» բառերով.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարումը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդրական առկա լուծումների պայմաններում աշխարագրական տեղանուն որպես ապրանքային նշան գրանցած տնտեսվարող սուբյեկտը հնարավորություն է ստանում արգելելու տվյալ աշխարհագրական տեղանքում արտադրված ապրանքներ իրացնող տնտեսվարող սուբյեկտին իր ապրանքային նշանում կամ անհատականացման այլ միջոցներում օգտագործել տվյալ աշխարհագրական վայրի անվանում, ինչ բացասական ազդեցություն է ունենում բնական եւ հանքային ջրերի իրացման ոլորտում մրցակցային իրավիճակի վրա՝ հանգեցնելով տվյալ ապրանքային շուկայում կենտրոնացվածության բարձրացմանը:

2.Առաջարկվող կարգավորուման բնույթը.

«Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքով առաջարկվող փոփոխությունների պատճառն է.

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չէ այն նիշը, որը բաղկացած կամ պարունակում է աշխարհագրական նշում եւ գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, եթե այդ ապրանքային նշանի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում մոլորության մեջ է գցում հանրությանն ապրանքների իրական ծագման վայրի հարցում: Նշված դրույթը կիրառվում է նաեւ աշխարհագրական նշման նկատմամբ, որը չնայած նշում է ապրանքների իրական ծագումը, սակայն մոլորեցնում է հանրությանը՝ իբր ապրանքները ծագել են մեկ այլ տարածքից:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ աշխարհագրական նշումները եւ ծագման տեղանունները, որոնք պահպանվում են Հայաստանի Հանրապետությունում, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ միայն այն դեպքում, երբ հայտատուն օրենքով սահմանված կարգով ստացել է դրանց օգտագործման իրավունքը:  Այլ երկրների աշխարհագրական նշումները եւ ծագման տեղանունները թույլատրվում ՝է օգտագործել գրանցվող ապրանքային նշանում, եթե դա չի հակասում սույն օրենքի պահանջներին, գրանցված է ծագման երկրում, եւ հայտատուն ունի դրա օգտագործման իրավունք: Ապրանքային նշանում ներառված գրանցված աշխարհագրական նշումները եւ ծագման տեղանունները ապրանքային նշանի չպահպանվող տարրեր են:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չէ այն նիշը, որը նույնական կամ նման է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող աշխարհագրական նշմանը կամ ծագման տեղանվանը, բացառությամբ այն դեպքի, երբ գրանցման ներկայացված ապրանքային նշանում դրանք ներառված են որպես չպահպանվող տարրեր, եւ հայտը ներկայացված է աշխարհագրական նշման կամ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից:

Այսպիսով վերը նշված դրույթների ուսումնասիրությունից հետեւում է, որ Օրենքով սահմանված են աշխարհագրական նշումները ?ծագման տեղանունները? ապրանքային նշաններում օգտագործելու որոշակի սահմանափակումներ:

Միարժամանակ, «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվում են աշխարհագրական նշումների ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես նշված օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ որպես աշխարհագրական նշում պահպանվում է տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի անվանումը, որը ծառայում է հետեւյալ պայմանները բավարարող արտադրանքը նշելու համար՝

1. ծագել է տվյալ տարածքից, բնակավայրից, որոշակի տեղանքից կամ երկրից.

2. յուրահատուկ որակը, համբավ կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ.

3. արտադրվել եւ (կամ) վերամշակվել  եւ  (կամ) պատրաստվել է տվյալ  աշխարհագրական  վայրում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես ծագման տեղանուն՝ պահպանվում է տարածքի կամ բնակավայրի, որոակի տեղանքի կամ բացառիկ դեպքերւմ՝ երկրի աշխարհագրական անվանում, որը ծառայում է հետեւյալ պայմաններ բավարարող արտադրանք նշելու համար՝

1. ծագել է տվյալ տարածքից, բնակավայրից, որոշակի տեղանքից կամ երկրից.

2. յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ՝ բնական եւ մարդկային գոեւծոնները.

3. արտադրվել, վերամշակվել եւ պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում

Հարկ է նշել, որ «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված է բացառություն բնական եւ հանքային ջրերի ոլորտի համար. մասնավորապես, համաձայն այդ դրույթի՝ օրենքով նախատեսված իրավական պահպանության իրավունքը տարածվում է միայն գյուղատնտեսական արտադրանքի եւ սննդամթերքի նկատմամբ, բացառությամբ բնական եւ հանքային ջրերի:

Այսպիսով, օրենսդրական վերը ներկայացված կարգավորման արդյունքում ստեղծված իրավիճակը ոչ միայն բացասական ազդեցություն ունի բնական եւ հանքային ջրերի իրացման ոլորտում մրցակցային իրավիճակի վրա ու կհանգեցնի տվյալ ապրանքային շուկայում կենտրոնացվածության բարձրացմանը, այլեւ հակասում է այն գաղափարախոսությանը, որը կառավարությունը որդեգրել է իր ծրագրում եւ գործողություններում՝ այն է խրախուսել աշխատանքը, մարդուն եւ փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը:

Այսինքն գործող օրենսդրությամբ մի քանի տնտեսվարող սուբյեկտ ունեն առավելություն իրենց մրցակիցների համեմատ, ինչը հակասում է «ՀՀ Սահմանադրությանն» ու «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով երաշխավորված ազատ եւ հավասար տնտեսական մրցակցության սկզբունքին: Բացի այդ նման կանոնակարգման արդյունքում ՀՀ-ում տասնյակ ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, որի հետեւանքով հարյուրավոր մարդիկ դարձել են գործազուրկ

Առաջարկվող կարգավորումը

Առաջարկվում է «Աշխարհագրական նշումների մասին» օրենքով սահմանված իրավական պահպանության իրավունքը տարածել նաեւ բնական եւ հանքային ջրերի վրա:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որ այս շուկայում գործող եւ ապագայում բացվելիք բազմաթիվ մրցակից ընկերություններ, որոնք կհամապատասխանեն օրենքի մյուս պայմաններին, կկարողանան օգտագործել աշխարհագրական անվանումը իրենց կողմից արտադրվող ապրանքի վրա, ինչը կհանգեցնի շուկայի կենտրոնացվածության իջեցման, փոքր ընկերությունների զարգացման համար ստեղծված այս արհեստական խոչընդոտը կվերանա:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

23 ապրիլ 2019թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

-նախագծի ընդունման հիմնավորումը,

-օրենքներիի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր`  (7) էջ:

Հարգանքով`  Բաբկեն Թունյան /034/

                      Գեւորգ Պապոյան  /057/

                      Հայկ Գեւորգյան /012/

                      Արգիշտի Մեխակյան /065/

                      Տիգրան Կարապետյան /084/

                      Կարեն Համբարձումյան /085/