Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-120-26.04.2019-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն (այսուհետ՝ Օրենսգիրք)  159-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով.

«5. Անկախ սեփականության ձեւից՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող (ուսանող) վարձու աշխատողի (այդ թվում՝ ծառայություններ մատուցող) ուսման վարձը փոխհատուցվում է սույն օրենսգրքի 1601 հոդվածով»:

Հոդված 2.  Օրենսգիրքը լրացնել 1601 հոդվածով.

«Հոդված 1601 Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող (այդ թվում՝ ծառայություններ մատուցող)   ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձը

1.Վարձու աշխատող հանդիսացող (այդ թվում՝ ծառայություններ մատուցող)  ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է՝ անկախ սեփականության ձեւից ՀՀ-ում հավտարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում  սովորող վարձու աշխատողի (այդ թվում՝ ծառայություններ մատուցող)   ուսման վարձի գումարի չափով:

2. Սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձվում են ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:

3. Սույն հոդվածի նկատմամբ կիրառելի են Օրենսգրիքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը, ինչպես նաեւ նույն հոդվածի 5-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը:

4. Սույն հոդվածով սահմանված՝ վարձու աշխատող հանդիսացող (այդ թվում՝ ծառայություններ մատուցող)   ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը կառավարությունը սահմանում է մինչեւ 2019թ.-ի օգոստոսի 1-ը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

2019թ.-ի փետրվարի 14-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից հաստատվեց ՀՀ կառավարության ծրագիրը, համաձայն որի՝ առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն եւ այդ նպատակին հասնելու համար, ի թիվս այլ հանգամանքների, կարեւորվեց աշխատանքի եւ կրթության քաջալերումն ու աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի եւ կրթության միջոցով:

Ելնելով կառավարության ծրագրի հիմնարար ուղենիշներից եւ խնդիրներից, ինչպես նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին»  օրենքների՝ մարդու եւ քաղաքացու բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովման եւ պաշտպանության, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մատչելիութան սկզբունքներից եւ հադնես գալով հիշյալ օրենսդրական նախաձեռնությամբ նպատակ ենք հետապնդում խրախուսել ուսանողներին երիտասարդ տարիքից աշխատելու եւ օգտվելու եկամտային հարկը որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու հնարավորությունից:

Այս օրենսդրական նախաձեռնությունը նաեւ կխրախուսի երիտասարդ աշխատողներին հրաժարվելու առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու առաջարկներից, կբերի նրանց օրինական դաշտ, ինչպես նաեւ աշխատող երիտասարդների  մեջ կդաստիարակի աշխատելու եւ միաժամանակ հարկ վճարելու  մշակույթ:

Ավելացնենք նաեւ, որ նմանատիպ օրենսդրական կարգավորումներ՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման վերաբերյալ, առկա են մի շարք երկրներում, որոնցից կարելի է առանձնացնել Ռուսաստանի Դաշնությունը եւ Բելառուսի Հանրապետությունը: Ու թեեւ դրանք որոշ առումներով տարբերվում են մեր կողմից առաջարկվող օրենքի նախագծի կարգավորումներից, այսուհանդերձ հիմնական գաղափարով նույնանում են:
 

Տեղեկանք գործող օրենսգրքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

23  ապրիլ 2019թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում "Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Կից ներկայացվում են՝

-նախագիծը,

-նախագծի ընդունման հիմնավորումը,

-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Սիսակ Գաբրիելյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝  (5) էջ:
 

Հարգանքով՝     Սիսակ Գաբրիելյան

                             Լիլիթ Մակունց