Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-122-30.04.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի 93-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով.

«3. Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյանին, որպես խրախուսանքի միջոց, սույն օրենսգքրի 81-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվում է սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդված 2-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաեւ կանխել հանցագործությունները: ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 16-րդ հոդվածը  սահմանում է, որ «Դատապարտյալի ուղղումը մարդու, հասարակության, համակեցության կանոնների եւ ավանդույթների նկատմամբ դատապարտյալի հարգալից վերաբերմունքի ձեւավորումն է, ինչպես նաեւ վերջիններիս օրինապահ վարքագծի խթանումը՝ դատապարտյալի մոտ առողջ կենսակերպի ամրապնդման եւ զարգացման նպատակով», իսկ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 17-րդ հոդվածը  սահմանում է պատժի կարեւորագույն նպատակներից մեկի՝ պատժի ենթարկված անձի վերասոցիալականացման եւ իրավահպատակ վարքագծի ձեւավորման ապահովման հիմնական միջոցները:

Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման կարեւորությանը եւ դրանում քրեակատարողական համակարգի դերին անդրադարձ է կատարվել նաեւ ՄԱԿ-ի Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին դաշնագրում: Մասնավորապես, դրա 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության համաձայն՝ քրեակատարողական համակարգը պետք է սահմանի ազատությունից զրկված անձանց հանդեպ այնպիսի վերաբերմունք, որի հիմնական նպատակը լինի նրանց ուղղումը եւ վերասոցիալականացումը:

Ազատությունից զրկված անձանց կողմից գրքեր կարդալու կարեւորության եւ դրա շրջանակներում նրա վերասոցիալականացումն ընդգծվում է նաեւ ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններում (Նելսոն Մանդելայի կանոններ), որի 40-րդ՝ «Գրքեր» վերտառությամբ կանոնի համաձայն՝  «Յուրաքանչյուր հիմնարկ պետք է գրադարան ունենա, որը հասանելի լինի բոլոր կատեգորիաների բանտարկյալների համար եւ պարունակի ինչպես զվարճալի, այնպես էլ կրթական բովանդակությամբ գրքեր: Պետք է խրախուսել բոլոր բանտարկյալների գրադարանից օգտվելը:»

Դատապարտյալների վերասոցիալականացման հարցում կարեւոր նշանակություն ունի ՀՀ ՔԿՕ-ով նախատեսված դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցների համակարգը, որը վերջին հաշվով նպատակ ունի նպաստելու դատապարտյալի իրավահպատակ վարքագծի ձեւավորմանը: Ուստի անհրաժեշտ է օրենքով նախատեսել քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների ընթերցանությունը խրախուսող գործուն երաշխիքներ:

Հաշվի առնելով վերոգրյալը, սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցների համակարգում նախատեսել սոցիալական վերականգման նպատակով կարճաժամկետ մեկնման տրամադրումը ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգով սահմանված կարգով գրքեր կարդալու դեպքում:

Այս առումով անհրաժեշտ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունից բխում է, որ մի շարք պետություններում գոյություն ունեն քրեակատարողական հիմնարկներում ընթերցանությունը խրախուսող մեխանիզմներ: Մասնավորապես, Բրազիլիայում 2011թ. ընդունվել է օրենք, որի համաձայն յուրաքանչյուր ընթերցված գրքի դիմաց ազատազրկման դատապարտված անձի ազատազրկման ժամկետը կրճատվում է 4 օրով, բայց ոչ ավելի, քան տարվա մեջ 48 օր: Մեկ գիրք կարդալու համար նրանց տրամադրվում  է 21-30 օր, որից հետո նրանք պետք է գրեն գրքի բովանդակությունը ամփոփող շարադրություն կամ էսսե: Ընդ որում՝ շարադրանքը պետք է ունենա քերականական ու տրամաբանական ճիշտ կառուցվածք եւ արտահայտի  գրքում արծարծվող հիմախնդիրները եւ կարեւոր շեշտադրումները դատապարտյալի կողմից ըմբռնելու փաստը: Իտալիայի Կալաբրիի տարածաշրջանային կոմիտեն եւս ընդունել է նախագիծը, որով նախատեսվում է գրքեր կարդալու դիմաց կրճատել պատժի  ժամկետը յուրաքանչյուր գրքի դիմաց 3 օրով: Մեկ տարում այս եղանակով կարելի է կրճատել մինչեւ 48 օր, որից բխում է, որ բանտարկյալը կարող է 1 տարվա  ընթացքում 16 գիրք կարդալ:

Կարդացած գրքերի դիմաց կարճաժամկետ մեկնման տրամադրումը՝ որպես խրախուսանքի միջոց նախատեսումը հնարավորություն կտա քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց արդյունավետորեն օգտագործել իրենց ազատ ժամանակը, իսկ ընթերցանության արդյունքում ձեռք բերված գիտելիքները հնարավորություն կտան ավելի հեշտ եւ արագ վերաինտեգրվել հասարակությանը: Ի լրումն ասվածի, առաջարկվող խրախուսանքի միջոցի նախատեսումը կընդգծի քրեակատարողական օրենսդրության մարդասիրական ուղղվածությունը՝ նպաստելով դատապարտյալի իրավահպատակ վարքագծի ձեւավորմանը, սեփական անձը եւ շրջապատողներին հարգելու ունակության ձեւավորմանը, ինչպես նաեւ կօգնի ընթերցանության միջոցով չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել դատապարտյալների միջավայրին ներհատուկ սոցիալ-հոգեբանական բացասական երեւույթները:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

017                                                                                                                                                                                                                «29» ապրիլի 2019թ. 
  

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը?

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են

1. օրենքի նախագիծը

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել լրացում:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 5 թերթ:
 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝                                                             ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ