Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-127-02.05.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 07-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետից հանել «եւ ոչ առեւտրային կազմակերպությունների» բառերը:

Հոդված 2.

1. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի առաջին նախադասությունը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ղեկավարների» բառերով:

2. Նույն կետից հանել «: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ» բառերը:

Հոդված 3.

Օրենքը լրացնել նոր 351 -ին հոդվածով.

«Հոդված 351 . Համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով:

2. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար համապատասխան համայնքի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ նույն հայտարարությունը փակցնում է համայնքապետարանի հայտարարությունների համար նախատեսված վայրում:

3. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է աշխատակազմը:

4. Մրցութային հանձնաժողովը անձին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե անձը չի բավարարում հետեւյալ պահանջներին՝

- առնվազն 26 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ,

- ունի համապատասխան ոլորտի միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,

- ունի համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,

- չունի դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն:

5. Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում թեկնածուն ներկայացնում է նաեւ իր աշխատանքային ծրագիրը:

7. Երեւան, Գյումրի եւ Վանաձոր համայնքներում մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքի ղեկավարը, ավագանու խմբակցություններից 5-ական անդամներ, ինչպես նաեւ համայնքապետարանի համապատասխան վարչության կամ բաժնի ներկայացուցիչը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

Մյուս համայնքներում մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքի ղեկավարը եւ ավագանու 5 անդամ՝ վիճակահանությամբ, ինչպես նաեւ համայնքապետարանի համապատասխան վարչության կամ բաժնի ներկայացուցիչը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

8. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հարցազրույցի միջոցով յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները գնահատում է 5-բալանոց համակարգով:

Մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, ում ստացած բալերի հանրագումարն առավելագույնն է:

Եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար հանրագումար, ապա հաղթողը որոշվում է ավագանու բաց քվեարկության միջոցով:

9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են դրանք պարզ դառնալուց անմիջապես հետո:

10. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մրցույթի անցկացման կարգի խախտումների վերաբերյալ մասնակցի կողմից կարող է բողոք ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

11. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված` մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունն ստանալուց հետո 3 աշխատանքային oրվա ընթացքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնում:

12. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված խոչընդոտներից առնվազն մեկը, ինչպես նաեւ եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ:

13. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված կարգով ներկայացված բողոքի հիման վրա՝ մրցույթը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով:»:

Հոդված 4.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Նախագծով առաջարկվող փոփոխությունների արյդունքում՝ համայնքի ավագանուն «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության» օրենքով հնարավորություն կտրվի ընտրել համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի լավագույն թեկնածուին՝ ի տարբերություն գործող կարգավորման, որի համաձայն՝ համայնքի ղեկավարն ունի բացառիկ իրավունք առաջադրելու համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թեկնածու, իսկ ավագանին կա՛մ հաստատում է նրա թեկնածությունը, կա՛մ մերժում:

Ներկայացված նախագծով նաեւ հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում մասնագետ-թեկնածուների համար:

Միաժամանակ սահմանվում են հետեւյալ մասնագիտական եւ այլ չափանիշները՝

- առնվազն 26 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ,

- ունի համապատասխան ոլորտի միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,

- ունի համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,

- չունի դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն:


Ո Ր Ո Շ Ու Մ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի ապրիլի 30-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ____ թերթ:

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ