Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-128-02.05.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 01-ի քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին՝ վերաքննիչ դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը:»:

2) Նույն հոդվածը լրացնել նոր 21 -ին մասով.

«21 . Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե՝

1) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.

2) վերաքննիչ բողոքը ներկայացրել է անձ, որը վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.

3) բողոքարկվել է դատական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով.

4) վերաքննիչ բողոք ներկայացրած անձը մինչեւ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վերաքննիչ բողոքը հետ վերցնելու մասին.

5) բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.

6) բողոքը բերվել է սույն օրենսգրքի 3754 -րդ հոդվածի պահանջի խախտմամբ:»:

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգմանաքներով՝

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը (այսուհետ՝ Սահմանադրական դատարան) նախորդ տարվա հունիսի 19-ին կայացված ՍԴՈ-1420 որոշմամբ (դիմող՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69-րդ, 75-րդ եւ 78-րդ հոդվածներին հակասող է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ քրեական դատավարության օրենսգիրք) 381-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, ..., վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձեւական եւ իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող պահանջներին անհամապասխանության դեպքում բողոք ներկայացրած անձի կողմից այն շտկելու եւ կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու իրավական հնարավորություն:

Սահմանադրական դատարանն ընդգծել է հետեւյալը.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասը, ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 19-րդ մասի պահանջներից, հաշվի առնելով, որ սույն որոշման եզրափակիչ մասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչելը քրեական վարույթի շրջանակներում դատական ակտերը վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրենց իրավունքն իրացնող անձանց համար անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի հետեւանքներ, որոնք կխաթարեն վերոհիշյալ դրույթի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2018 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին վիճարկվող իրավակարգավորումը համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին՝ հաշվի առնելով նաեւ սույն որոշման հրապարակման դրությամբ եւ մինչեւ համապատասխան օրենսդրական կարգավորումն ընկած ժամանակահատվածում անձանց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկման իրենց իրավունքի իրացման երաշխավորման անհրաժեշտությունը»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչ օրս խորհրդարան չի ներկայացրել Սահմանադրական դատարանի նշյալ որոշման հիման վրա՝ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների/լրացումների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն:

Մյուս կողմից, քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի գործող կարգավորումների պարագայում առկա է նորմի որոշակիության խնդիր՝ այն առումով, որ դատավարության մասնակիցները վերաքննիչ բողոք ներկայացնելիս չեն կարող կանխորոշել, թե բողոքում ձեւական սխալներ թույլ տալու դեպքում վերաքննիչ դատարանի կողմից ինչ որոշում կկայացվի:

Ուստի անհրաժեշտ ենք համարում կատարել քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխություն եւ լրացում՝ շտկելով խնդրո առարկա բացերը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


30 ապրիլի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ   65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը եւ լրացումը:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ____ թերթ:
 
 

Հարգանքով՝                                                  ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ
 
 

ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության

սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի ապրիլի 30-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: