Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1333-08.05.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում.

1)  1-ին մասում «համարվում են քաղաքացիական  պաշտոններ» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոններ են» բառերով,

2)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով  նշանակում է Ազգային ժողովը՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման, ինչպես նաեւ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերի: Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ պաշտոնավարման ամբողջ՝ հինգ տարի ժամկետով նշանակվել  հանձնաժողովի նախագահ կամ անդամ:»,

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.

«2.1. Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը եւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:

2.2. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում թեկնածուն առաջադրվում է հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարելու մասին սույն օրենքի 7.2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարեցվելուց, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:

2.3. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»,

4)  3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում հանձնաժողովի նախագահին փոխարինում է հանձնաժողովի այն անդամը, որը պաշտոնում նշանակվելիս ստացել է առավել շատ ձայներ, իսկ ձայների հավասարության դեպքում` տարիքով ավագը:»:

Հոդված 3. Օրենքի 7.2-րդ հոդվածում՝

1)  1-ին մասն ուժը կորցրած ճանաչել,

2)  2-րդ մասի «ա» կետից «առավելագույն» բառը հանել,

3)  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ «ա.1» կետով.

«ա.1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.»,

4)  2-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.»,

5)  3-րդ մասում «կարող են  դադարեցվել» բառերը փոխարինել « «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են» բառերով,

6)  4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս  հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, իսկ վարչապետի կամ Կառավարության առաջարկությամբ նշանակված հանձնաժողովի անդամը՝ նաեւ վարչապետին: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում հանձնաժողովի անդամի  լիազորությունները դադարելուց, ինչպես նաեւ սույն հոդված 3-րդ մասով նախատեսված որեւէ հիմք ի հայտ գալուց հետո՝ եռօրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 7.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամն  այդ մասին տեղեկացնում է համապատասխանաբար վարչապետին եւ Ազգային ժողովի նախագահին՝ միաժամանակ ներկայացնելով տվյալ պաշտոնում թեկնածուի համար անհրաժեշտ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասում «մասի համաձայն՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնեական պարտականությունները կատարող հանձնաժողովի անդամը» բառերը փոխարինել «մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամը» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
 

Առկա խնդիրները

Սահմանադրության 122-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաեւ Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքով կարող են ստեղծվել ինքնավար մարմիններ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-249-Ն օրենքի ուժով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ինքնավար մարմինը, որի նախագահին եւ մյուս վեց անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ:

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-115-Ն օրենքի ուժով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որի նախագահին եւ մյուս չորս անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ:

Կարեւորելով, օրենքով ստեղծված ինքնավար մարմինների անդամների նշանակման հարցում Ազգային ժողովի խմբակցությունների դերի բարձրացումը, խորհրդարանական կառավարման համակարգին համահունչ՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին լրացուցիչ գործունեության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը, կարծում ենք, որ նշված հանձնաժողովների անդամների, բացառությամբ այդ հանձնաժողովների առաջին կազմերի անդամների, մի մասի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը նպատակահարմար է վերապահել Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններին: Միաժամանակ, նպատակահարմար ենք համարում, այդ հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը, բացառությամբ այդ հանձնաժողովների առաջին կազմերի նախագահների, վարչապետի փոխարեն՝ վերապահել Կառավարությանը:

Առաջարկվող կարգավորումները

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է՝

1)  վերը նշված հանձնաժողովների առաջին կազմի նախագահների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելու հետո հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել Կառավարությանը.

2)   վերը նշված հանձնաժողովների առաջին կազմի անդամների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուներին հաջորդաբար առաջադրում են Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները: Եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավել են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված՝ մեկ միասնական թեկնածու: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը.

3)   վերը նշված հանձնաժողովների նախագահների եւ մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածուների առաջադրման կարգի սկզբունքային փոփոխությամբ պայմանավորված՝ համապատասխան օրենքներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ.

4)  շտկել օրենքներում առկա որոշ բացթողումներ:

Ակնկալվող արդյունքը

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող օրենքների ընդունման դեպքում բարձրանում է վերը նշված հանձնաժողովների անդամների նշանակման հարցում  Ազգային ժողովի խմբակցությունների դերը, լրացվում են Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների գործունեության երաշխիքները, ստեղծվում է այդ  ինքնավար մարմինների անդամների նշանակման հավասարակշռված համակարգ, որն էլ իր հերթին կոչված է նպաստելու այդ մարմինների ինքնավար գործունեության ապահովմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ