Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-136-16.05.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածից հետո ավելացնել նոր՝ 165.1 հոդված՝ հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 165.1. Տասնվեց տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը

1. Տասնվեց տարին չլրացած անձանց ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը, որը դրսեւորվել է ոչ ավանդական սեռական  հարաբերությունների վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով, կամ ավանդական եւ ոչ ավանդական սեռական կողմնորոշումների սոցիալական հավասարությունը խեղաթյուրված ներկայացնելով, ինչպես նաեւ համացանցի եւ զանգվածային տեղեկատվության ընդհանուր միջոցներով ցանկացած եղանակով ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ՝

1) պաշտոնատար անձի կողմից.

2) տասնվեց տարին չլրացած երեխայի ծնողի, որդեգրողի, խնամակալի, այլ օրինական ներկայացուցչի կամ դաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի կողմից.

3) մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ.

4) ուսումնադաստիարակչական, հանգստի, մշակութային, սպորտային եւ մանկապատանեկան հաստատություններում (ճամբարներ).

5) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

6) շահադիտական դրդումներով,

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»

Հոդված 2.  Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են: Ավանդական ընտանիքի գաղափարը փոխանցվել է սերնդեսերունդ՝ պահպանելով մեր պատմամշակութային արժեքները եւ ազգային դիմագիծը: Պետությունը Սահմանադրության վերոնշյալ հոդվածի ուժով  ընտանիքը, մայրությունը եւ մանկությունը  վերցնում է իր հատուկ պաշտպանության ներքո, ինչից բխում է, որ յուրաքանչյուր գործողություն, որը կարող է վնաս հասցնել նրանց շահերին, պետք է առաջացնի պետական միջամտություն՝ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման ձեւով:

ՄԱԿ-ի 1989 թվականի  նոյեմբերի 20-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) նախաբանում նշվում է, որ «ընտանիքին՝ որպես հասարակության հիմնարար խմբային միավորի, եւ նրա բոլոր անդամների ու հատկապես երեխաների աճի ու բարեկեցության բնական միջավայրի, պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն եւ աջակցություն, որպեսզի կարողանա լիարժեք կերպով ստանձնել իր պարտականությունները հասարակության շրջանակներում»:

Ինչպես երեւում է՝ Կոնվենցիայի այս դրույթը հատուկ ուշադրության է արժանացնում երեխաների աճը եւ բնական միջավայրում նրանց զարգացումը: Պետությունը հնարավոր առավելագույն չափով ապահովում է երեխաների գոյատեւումը եւ առողջ զարգացումը (Կոնվենցիայի 6-րդ հոդված): Վերջինս ներառում է ինչպես ֆիզիկական, մտավոր, այնպես էլ հոգեկան առողջությունը:

Կոնվենցիան սահմանում է երեխաների մի շարք իրավունքներ, ինչպես նաեւ այդ իրավունքների իրականացման ու չչարաշահման համար չափանիշներ, ինչպես օրինակ՝ կարծիքի ազատության իրավունքի սահմանափակում (Կոնվենցիայի 13-րդ հոդված)՝ հետեւյալ դեպքերում՝

ա) այլ անձանց իրավունքները եւ հեղինակությունը հարգելու, կամ

բ) պետական անվտանգությունը կամ հասարակական կարգը (ordre pսblic), կամ բնակչության առողջությունը, կամ բարոյականությունը պաշտպանելու համար:

Ապրելով տեղեկատվության ազատության ժամանակաշրջանում՝ պետությունները խրախուսում են լրատվամիջոցների եւ համացանցի կարեւոր դերը երեխայի զարգացման համար, ինչին անդրադարձել է նաեւ ՄԱԿ-ը Կոնվենցիայի 17-րդ հոդվածում, որով սահմանվում է, որ «մասնակից պետություններն ընդունում են զանգվածային լրատվության միջոցների կարեւոր դերը եւ երեխայի համար ապահովում են ներպետական եւ միջազգային զանազան աղբյուրների տեղեկատվության ու նյութերի մատչելիությունը, հատկապես՝ այնպիսի տեղեկատվության ու նյութերի, որոնք միտված են երեխայի սոցիալական, հոգեւոր եւ բարոյական բարեկեցությանը, ինչպես նաեւ նրա ֆիզիկական ու հոգեկան առողջ զարգացմանն աջակցելուն: Այդ նպատակով մասնակից պետությունները.

(ա) խրախուսում են զանգվածային լրատվության միջոցների կողմից այնպիսի տեղեկատվության ու նյութերի տարածումը, որոնք սոցիալական ու մշակութային առումով օգտակար են երեխային եւ համապատասխանում են 29-րդ հոդվածի ոգուն,

(բ) խրախուսում են միջազգային համագործակցությունը զանազան մշակութային, ներպետական եւ միջազգային աղբյուրներից այդպիսի տեղեկատվության ու նյութերի նախապատրաստման, փոխանակման ու տարածման գործում,

(գ) խրախուսում են մանկական գրականության լույսընծայումն ու տարածումը,

(դ) խրախուսում են զանգվածային լրատվության միջոցներին՝ հատուկ ուշադրություն դարձնելու՝ ազգային փոքրամասնություններին կամ բնիկ ազգաբնակչության այս կամ այն խմբին պատկանող երեխաների լեզվական պահանջմունքներին,

(ե) հաշվի առնելով 13 եւ 18-րդ հոդվածների դրույթները՝ խրախուսում են երեխայի բարեկեցությանը վնասող տեղեկատվությունից եւ նյութերից երեխային պաշտպանելու համապատասխան ուղենիշների զարգացումը:»

Տեղեկատվության ազատությունը խրախուսելու հետ միաժամանակ, Կոնվենցիան խրախուսում է նաեւ պետության կողմից երեխայի բարեկեցությանը վնասող տեղեկատվության եւ նյութերի սահմանափակումը հատուկ ուղենիշներով՝ հնարավորություն տալով պետությունների ներպետական օրենքներով կարգավորել այդ հարաբերութունները եւ սահմանել ուղենիշներ:

Երեխայի իրավունքները սահմանվում են ոչ միայն միջազգային ակտերով, այլ նաեւ ներպետական օրենքներով: «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների եւ քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաեւ երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները եւ կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները: Հիշյալ օրենքով, ինչպես Կոնվենցիայով, խրախուսվում է երեխայի առողջ զարգացումը եւ «արգելվում է երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության եւ դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող , իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության եւ գրականության տարածումը:» («Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված):

Ավանդաբար մեզ է հասել ընտանիք եզրույթի միայն մեկ մոդել, որը տղամարդու եւ կնոջ կողմից ստեղծված միությունն է: Ավանդական ընտանիքի գաղափարը մեծ ազդեցություն ունի պետության ժողովրդագրական եւ սոցիալական բնութագրի վրա: Հայաստանի Հանրապետությունը, որպես պատերազմող երկիր, դեռեւս անորոշ ժամկետով շարունակում է մնալ անկանխատեսելի գործողությունների վտանգի տակ, ուստի բոլոր միջոցներով, այդ թվում նաեւ ներպետական օրենսդրության շնորհիվ պետք է աջակցի բանակաշինության գործին, ինչի համար մեծ վտանգ է ներկայացնում համասեռամոլության տարածումը:

Հայաստանի Հանրապետության ինքնավարությունն ու մեր ազգային ինքնությունը պահպանելու համար, ավանդական ընտանիքի գաղափարի այլասերումը սպառնում է նաեւ ազգային վերարտադրողականությանը, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել ծնելիության մակարդակը:

Կոնվենցիայի 34-րդ հոդվածով սահմանվում է, որ մասնակից պետությունները պարտավորվում են երեխային պաշտպանել սեռական շահագործման բոլոր ձեւերից եւ սեռական չարաշահումից: Այդ նպատակով մասնակից պետությունները, մասնավորապես, ներպետական, երկկողմ եւ բազմակողմ մակարդակներով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելեն.

ա) երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը,

բ) շահագործման նպատակով երեխաներին պոռնկության մեջ կամ այլ ապօրինի սեռական պրակտիկայում օգտագործելը,

գ) շահագործման նպատակով երեխաներին պոռնոգրաֆիայի եւ պոռնոգրաֆիկ նյութերի մեջ օգտագործելը:

Նշված հոդվածով Կոնվենցիան հնարավորություն է տալիս պետություններին պաշտպանել երեխային սեռական չարաշահումներից եւ կանխարգելել՝ երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը, ինչը հիմնականում կատարվում է քարոզի միջոցով: Քարոզը կարծիքներ, փաստեր, փաստարկներ եւ այլ տեղեկություններ հրապարակելն է՝ հասարակական կարծիքը փոխելու կամ  քարոզչություն իրականացնողի կողմից այլ նպատակներ իրականացնելու համար: Ռուս գիտնականների եւ բժիշկների մի շարք հետազոտություններ ապացույց են այն բանի, որ անչափահասների մոտ սխալ սեռական կողմնորոշում ձեւավորելը ծանր հետեւանքներ է թողնում նրանց հետագա զարգացման վրա:

Առաջարկվող իրավակարգավորման վերաբերյալ առկա է նաեւ միջազգային փորձ. մասնավորապես՝ ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ինչը հնարավորություն է տվել ՌԴ-ին ապահովել իր երկրում մանկության պաշտպանությունը:

Նախագծի նպատակն է՝ պաշտպանել երեխային այն ինֆորմացիայի ազդեցությունից, որը նրան կարող է մղել ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ սեռական հարաբերությունների: