Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-139-17.05.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 10.1 կետով.

««10.1)  Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ բարերարների կողմից՝  բացառապես ռազմական նշանակության շրջանակներում՝ ռազմական տեխնիկայի, զենքերի վրա տեղադրելու համար նախատեսված հեռադիտակային նշանոցների, տեսահսկման եւ այլ ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, մատակարարումը, աշխատանքների կատարումը եւ (կամ) ծառայությունների մատուցումը:»»

Սույն կետով սահմանված, բացառապես ռազմական նշանակության՝ ԱԱՀ-ից ազատվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների շրջանակները որոշում է Կառավարության լիազոր մարմինը»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով, ինչպես նաեւ նմանատիպ՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի գծով արտոնություններ սահմանված են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության  17.11.2017  ՀՕ-194-Ն օրենքի: Սակայն առ այսօր՝ առանձին բարերարների կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար, բացառապես ռազմական նշանակության ապրանքների ներմուծման եւ այդ նպատակների հետ ուղղակիորեն կապված այլ գործարքների նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնության տրամադրման համար՝ օրենքի ուժով իրավական կարգավորում բացակայում է:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ինչպես նաեւ ռազմարդյունաբերության զարգացման համար ռազմական նշանակության ապրանքների ներմուծման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը՝ խնդիր է առաջանում վերոնշյալ գործարքների համար ավելացված արժեքի հարկի գծով արտոնության տրամադրման համար համապատասխան իրավական դաշտ ապահովել:

Առկա իրավիճակը եւ խնդիրները

Հարկ է նշել, որ 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ՝ առանձին բարերարների կողմից բացառապես ռազմական նշանակության տեխնիկայի եւ այլ ապրանքների ներմուծման համար, հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ներմուծելիս գանձվում էր ԱԱՀ: Հետագայում եւ առ այսօր նման գործարքներ իրականացնելիս՝ միայն ՀՀ կառավարության որոշմամբ կարող է ԱԱՀ-ից ազատելու արտոնություն տրամադրվել: Բոլոր դեպքերում բացառապես ռազմական նշանակության գործարքները ՀՀ կառավարության կողմից չեն մերժվի, ուղղակի այս գործընթացի պարզեցման, ժամանակային առումով կրճատման եւ մատչելիության նպատակով է առաջարկվում օրենսդրական փոփոխությունը՝ հիմք ընդունելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է բարենպաստ պայմաններ ստեղծել ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման համար:

Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի ավելի մատչելի եւ դյուրին գործողություններով իրականացնել առանձին բարերարների կողմից՝ բացառապես ռազմական նշանակության տեխնիկայի, զենքերի վրա տեղադրելու համար նախատեսված հեռադիտակային նշանոցների, տեսահսկման եւ այլ ապրանքների ներմուծման գործարքները: Ինչպես նաեւ, բացառապես այդպիսի գործարքների, օրենքի ուժով կարգավորման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կողմից ԱԱՀ-ի մասով արտոնություն տրամադրելը կընդունվի փոխադարձ հարգանք եւ վստահություն այդ անձանց նկատմամբ:

Եզրակացություն

Օրենքով նախատեսվում է սահմանել դրույթ, համաձայն որի՝ առանձին բարերարների կողմից՝ բացառապես ռազմական նշանակության տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ այլ ապրանքների ներմուծման գործարքները ավելացված արժեքի հարկից կազատվեն:

Օրենքի նախագծի  (այսուհետ՝ Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների՝  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

Օրենքի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

Օրենքը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Օրենքը չի պարունակում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն:

Օրենքով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ օրենքի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցությունը բացակայում է:

Օրենքի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ առաջարկվող՝ Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման ազդեցությունը պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

 ____ Մայիս  2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Միրզոյան,
 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Աբովյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ եմ:
 
 
Հարգանքով՝
Արման Աբովյան
Դավիթ Մանուկյան
 
Ջանիբեկ Հայրապետյան