Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-148-22.05.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին»  2003 թվականի դեկտեմբերի  17-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «55000 դրամ» բառերը փոխարինել «63000 դրամ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 2  Գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`

1) աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 375 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 420 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 630 դրամ:»:

Հոդված 3. Սույն Oրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական մեծաթիվ հանդիպումների ընթացքում, որոնք տեղի էին ունենում համայնքային կազմակերպությունների՝ նախադպրոցական հաստատությունների, գրադարանների, սոցիալական ծառայություններ մատուցող ՀՈԱԿ-ների եւ ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների հետ, բազմիցս արծարծվել է ցածր աշխատավարձի խնդիրը: Նրանցից շատերը՝ ՀՈԱԿ-ների, գրադարանների, նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները չեն օգտվում  սոցիալական փաթեթից:

Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, կենսամակարդակը եւ կյանքի որակը երկրի գլխավոր նկարագրերից են: Նշված չափանիշները մեծապես կախված են երկրում առկա աշխատավարձերի մակարդակից:

Տնտեսական ցնցումներից առավել անպաշտպան է աշխատողների այն հատվածը, որը վարձատրվում է պետության կողմից սահմանված նվազագույն աշխատավարձի չափով` մեր պարագայում 55000 դրամ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Ներկայումս առկա նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական բոլոր խնդիրները: Այն շատ դեպքերում համարժեք չէ աշխատողի կողմից ներդրված ջանքերին: Հարկ է նշել, որ ներկայիս նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում նաեւ Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին եւ սպառողական գների ինդեքսի աճին:

Այսպիսով, ստանալով 55000 դրամ աշխատավարձ, քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատեւելու խնդիրը:

Հայաստանի աշխատուժի շուկայում եւ սոցիալ-տնտեսական ոլորտում առհասարակ կա եւս մի դժվար բացատրելի խնդիր. աշխատանք ունեցողների շուրջ 20 տոկոսն աղքատ է: Խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է փոփոխությունների ենթարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը:

Մասնավորապես`

1.Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնել մինչեւ 63000 դրամ:

2. Աշխատաժամանակի նորմալ՝ 40 ժամ շաբաթում,  եւ կրճատ՝ 36 եւ 24 ժամ տեւողության դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել համապատասխանաբար 375 դրամ, 420 դրամ եւ 630 դրամ:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկանքի, օրինակ, 2019 թվականի մարտ ամսվա դրությամբ հանրապետությունում մինչեւ 81820 դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ ստացող լրիվ աշխատաժամանակով աշխատակիցների թիվը չի գերազանցում 45000, որից պետական ապարատում աշխատողներինը՝ 8400, ՀՈԱԿ-ներում՝ 6000: Նախագծի ընդունման արդյունքում նշված մարդկանց աշխատավարձը կբարձրանա միջինը 6270 դրամով, փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից կպահանջվի  տարեկան շուրջ 840 մլն դրամ հավելյալ ծախս, իսկ համայնքների բյուջեից 392 մլն դրամ: Ընդհանուր առմամբ աշխատավարձին հատկացվող միջոցները մասնավոր եւ պետական հատվածներում կկազմեն շուրջ 3.46 մլրդ դրամ:

Ինչպես եւ ցանկացած տնտեսական բարեփոխում, սույն փոփոխությունները հղի են մի շարք հնարավոր վտանգներով. չձեւակերպված զբաղվածություն, սպառողական գների, բյուջետային ծախսերի, բիզնեսի վրա հարկային բեռի աճ:Սակայն փոփոխությունների արդյունքում ծագած հնարավոր վտանգները մեծ ազդեցություն  չեն ունենա տնտեսության վրա, քանզի ակնկալվող դրական տեղաշարժն ավելի էական է:

Մասնավորապես`

1. Նվազագույն աշխատավարձը կգերազանցի սպառողական զամբյուղի արժեքը` լուծելով սոցիալական կարեւորագույն խնդիր:

2. Նվազագույն աշխատավարձի աճով կբարձրանա նաեւ միջին աշխատավարձը:

3. Նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներն ավելի գնողունակ կդառնան, ինչը կհանգեցնի պահանջարկի աճին, որն էլ իր հերթին կբերի առաջարկի աճին:

4. Կկրճատվի աշխատավարձերի ոլորտում մասնավոր եւ պետական հատվածների տարբերությունը:

5. Ավելին վճարելու պատրաստակամության պարագայում գործատուն հնարավորություն կունենա աշխատանքի ընդունել ավելի բարձր որակավորմամբ մասնագետների:

6. Կձեւավորվի մրցակցություն նաեւ գործատուների միջեւ, որոնք կպայքարեն հմուտ կադրերի համար, այդ մրցակցության արդյունքում կաճեն աշխատավարձերը:

7. Լուծվելու է ներդրված ջանքի եւ ստացված աշխատավարձի համարժեքության խնդիրը:

Մի քանի էական հարցեր կան ՝ կապված այս օրինագծի հետ.

- Արդյո՞ք ներկայում 55.000 դրամ վարձատրվող մարդկանց աշխատավարձը համարժեք չէ կատարած աշխատանքին:

Հիմա անգամ ֆիզիկական աշխատանքով զբաղված մարդկանց աշխատավարձը հաշվվում է միջինը 5000 դրամ օրական: Սա յուրօրինակ ցուցիչ է Հայաստանում ձեւավորվող աշխատանք-վարձատրություն համակարգում: Կարծում ենք, որ նվազագույն աշխատավարձը աստիճանաբար պետք է բարձրանա մինչեւ ամսական 150.000 դրամ մի քանի տարվա ընթացքում: Սա նաեւ կխթանի աշխատելու շարժառիթը եւ պատասխանատվությունը:

- Արդյո՞ք մասնավոր հատվածի մրցունակությունը չի նվազի, եթե օրենքի ուժով ձեռնարկությունները ստիպված լինեն բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը 8.000 դրամով:

Մասնավոր հատվածում նման ցածր աշխատավարձ վճարում են հիմնականում առեւտրի ոլորտում կամ այլ ոլորտների տեխնիկական աշխատողներին: Մասամբ այս 55000 թվի տակ ներկայացվում է փաստաթղթերում ցածր ցույց տված աշխատավարձ: Իրականում   աշխատավարձի մի մասը տրվում է ստվերով՝ կանխիկ ձեւով: Նաեւ չեն վճարվում հարկերը: Կարծում ենք,  օրինագիծը կնպաստի, որ ստվերից դուրս բերվի ավելի քան 30000 մարդու իրական աշխատավարձ: Այն ձեռնարկությունների    համար, որոնք իրականում վճարում են 55000 դրամ աշխատավարձ, սա հնարավորություն է ավելի որակյալ անձնակազմ  կամ ավելի որակյալ աշխատանք պահանջելու:

- Արդյո՞ք պետական բյուջեի կամ համայնքային բյուջեների վրա չի դրվում լրացուցիչ ծանրություն:

Ինչպես ասվեց վերեւում, նախագծի ընդունման արդյունքում պետական եւ մասնավոր հատվածում աշխատավարձի բարձրացումը կկազմի շուրջ 3.46 մլրդ դրամ, որից որպես եկամտային հարկ պետական գանձարան կվերադառնա 0.8 մլրդ դրամ` ճիշտ այնքան գումար, որքան կկազմի պետական հատկացումը: Համայնքային բյուջեների հատկացումը կկազմի 392  մլն դրամ: Սա, իհարկե, լրացուցիչ ծախս է ՏԻՄ-երի համար, սակայն այս ծախսի միջոցով կբարձրանա ավելի քան 6000 մարդու աշխատանքի մոտիվացիան եւ մատուցվող ծառայությունների որակը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

21.05.2019թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Վարազդատ Կարապետյան )

բ) նախագծի ընդունման հիմնավորումը

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել  շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ ենք:
 
 
Ազգային ժողովի պատգամավորներ՝ Վարազդատ Կարապետյան
Բաբկեն Թունյան