Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-536-16.03.2005-ԳԿ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության որակի, ուսուցման, գնահատման, ինչպես նաեւ կրթության կազմակերպման կանոնադրական պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպման ու իրականացման հետ կապված հարաբերությունները հանրակրթության եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության բնագավառում, սահմանում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) խնդիրները եւ լիազորությունների շրջանակը:

Հոդված 2. Տեսչության մասին օրենսդրությունը

Կրթության պետական տեսչության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Կրթության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, սույն օրենքից, այլ իրավական ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

- պետական կրթակարգ` հանրակրթության բնագավառում քաղաքականության միասնականությունը, կրթության որակի բարելավումը, նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր եւ հատուկ ընդհանուր կրթության առարկայական չափորոշիչների մշակման ընդհանուր սկզբունքները, ուսուցիչներին ներկայացվող հիմնական պահանջներն ապահովող նորմատիվ փաստաթուղթ.

- կրթական ծրագրերի տեսչավորում` հանրակրթական եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման որակի ապահովման եւ վերահսկողության գործընթաց.

Հոդված 4. Տեսչության գործունեության հիմնական սկզբունքները

Տեսչության գործունեության հիմնական սկզբունքներն են՝

1) մարդու եւ քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության առաջնահերթությունը.

2) գործունեության օրինականությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը.

3) կրթության բնագավառի օրենսդրության միատեսակ եւ անկողմնակալ կիրառման ապահովումը.

4) ծրագրային գործողությունների իրականացումը ըստ գերակա ուղղությունների եւ առաջնայնությունների:

5) կրթության որակի ապահովումը տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ ուսումնական հաստատությունների հետ համագործակցելու եւ օժանդակելու միջոցով:

ԳԼՈՒԽ 2

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5.  Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացն իրականացնող պետական կառավարման մարմինները

Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացն իրականացնող պետական կառավարման մարմիններն են Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

Հոդված 6. Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացումՀայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1. Կրթության բնագավառի օրենսդրության եւ այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միասնական քաղաքականության իրականացման ուղղությունների սահմանումը:

2. Տեսչության կանոնադրության եւ կառուցվածքի հաստատումը:

3.Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման եւ հրապարակային հաշվետվությունների մշակման ու ներկայացման, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների կրթական գործունեության գնահատման կարգերի հաստատումը:

4. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավասություններ:

Հոդված 7. Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի  իրավասությունները

Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի  իրավասություններն են՝

1. Կրթության բնագավառի օրենսդրության պահպանման միասնական քաղաքականության մշակումը եւ իրականացումը:

2. Կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը:

3. Տեսչության գործունեության առաջնահերթ ուղղությունների որոշումը:

4. Տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունը, գնահատումը եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը:

5. Տեսչության աշխատանքների համակարգումը եւ կրթական հաստատությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը կանոնակարգող իրավական ակտերի մշակման ապահովումը,  իր իրավասության սահմաններում  դրանց հաստատումը:

6. Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ իրավասություններ:


ԳԼՈՒԽ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Տեսչության նպատակներն ու խնդիրները

1. Տեսչության նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման ապահովմանը նպաստելը.

բ) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության որակի բարձրացման, կրթական ծրագրերի յուրացման, պետական կրթական չափորոշիչների պահանջների ապահովմանը աջակցելը:

2. Տեսչության խնդիրներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում պետական կրթական քաղաքականության իրականացման եւ կրթության զարգացման պետական ծրագրի կատարման վերահսկողության եւ մշտադիտարկման իրականացման ապահովումը,

բ) կրթակարգերի եւ կրթական չափորոշիչների կիրառման վերահսկողության եւ մշտադիտարկման իրականացման ապահովումը,

գ) կրթական հաստատությունների կողմից կրթական ծառայությունների մատուցման ուղղությամբ հաշվետվությունների ներկայացման ապահովումը,

դ) ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով կրթական քաղաքականության իրականացման եւ կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման ու հետադարձ կապի ապահովումը,

ե) կրթության որակի եւ չափորոշիչների բարելավման օրինակելի փորձի բացահայտման եւ դրա տարածման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման ապահովումը:

զ) կրթական հաստատություններին կրթության կազմակերպման եւ որակի բարելավման ուղղությամբ նորմատիվ իրավական ակտերի, մեթոդական նյութերի հատկացումը:

է) կրթական հաստատություններում կրթական ծառայությունների մատուցման ուղղությամբ ստուգումների եւ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված խախտումների, սխալների, թերությունների վերացման աշխատանքներում մեթոդական օգնության կազմակերպումը:

ը) կրթության բնագավառի օրենսդրության կիրարկման ուղղությամբ մեթոդական օգնության կազմակերպումը:

Հոդված 9. Տեսչության լիազորությունները

Տեսչությունն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իրականացնում է հետեւյալ լիազորությունները`

1. ստուգում եւ ուսումնասիրում է նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հատուկ ընդհանուր, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կրթական գործունեությունը, անկախ կազմակերպաիրավական ձեւից եւ ենթակայությունից, այդ թվում՝

ա) կրթության բովանդակությանը համապատասխան՝ կրթական գործընթացի կազմակերպումը, ուսումնական պլանների եւ աոարկայական ծրագրերի կատարումը, տարեկան ուսումնական ժամանակացույցերի, դասացուցակների պահպանումը,

բ) սովորողների եւ շրջանավարտների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման, քննակարգերի, աշխատակարգերի պահպանումը,

գ) ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտման կարգերին համապատասխան՝ սովորողների շարժը,

դ) ավարտական պետական փաստաթղթերի ստացումը, պահպանությունը եւ բաշխումը, գործավարությունը, հաշվետվությունների իսկությունը,

ե) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածությունը,

զ) լիազորված մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարումը,

է) կրթական հաստատությունների ղեկավար եւ մանկավարժական կադրերի ընտրության, նշանակման, ինչպես նաեւ վերապատրաստման, որակավորման բարձրացման եւ վերաորակավորման գործընթացի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,

ը) կրթության որակի նկատմամբ հաստատությունների կանոնադրական պահանջների կատարումը, հաստատությունների կառավարման մարմինների լիազորությունների իրականացումն ու պահպանումը,

թ) հանրակրթական եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների գործունեության ամենամյա ինքնավերլուծության գնահատումը եւ հրապարակման ապահովումը:

2. Գնահատում է կրթական հաստատությունների կրթական ծառայությունների արդյունավետությունը (այդ թվում` սովորողների կողմից հանրակրթական եւ նախնական մասնագիտական ծրագրերի յուրացումը), վերլուծում այդ հաստատությունների գործունեությունը, ներկայացնում զարգացմանը նպաստող առաջարկություններ, ինչպես նաեւ վերահսկում է դրանց իրականացումը:

3 Լիազորված մարմնին ներկայացնում է հաշվետվություն կրթության բնագավառում առկա վիճակի, դրա առանձին բնութագրիչների, կրթության ցուցանիշների մասին (ընդհանուր եւ ըստ մարզերի):

4. Լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում տեսչության տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը:

5. Համապատասխան հանձնարարականի դեպքում ուսումնասիրում եւ ստուգում է քաղաքացիների դիմումներն ու բողոքները:

6. Տեսչավորման (ստուգումների, ուսումնասիրությունների) արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություններ, ակտեր, տեղեկանքներ, զեկուցագրեր, զեկույցներ, վերլուծություններ, ամփոփագրեր եւ այլն:

7. Տեսչությունը վերահսկում եւ ուսումնասիրում է տարածքային կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կրթության հարցերով ստորաբաժանումների գործունեության համապատասխանությունը կրթության բնագավառի օրենսդրությանը եւ համագործակցում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

8. Իր իրավասության շրջանակներում համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, այդ թվում` տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

9. Կազմում է հաշվետվություններ տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին:

10. Տեսչավորման աշխատանքներին մասնակից է դարձնում կրթական համակարգի լավագույն մասնագետներին, կրթության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Հոդված 10. Տեսչության գործունեության մասին հրապարակային հաշվետվությունը

1. Տեսչությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո իր տարեկան գործունեության մասին երեք ամսվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում պետական լիազորված մարմին, որն այն հրապարակում է:

Գործունեության ամենամյա հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն՝

1) տեսչության գործունեության,

2) տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների,

3) բացահայտված խախտումների եւ կիրառված վարչական տույժերի,

4) կատարված աշխատանքների գնահատման,

5) առաջարկված ծրագրերի,

6) տեսչավորման արդյունքում բացահայտված առաջավոր, օրինակելի փորձի:

2. Տեսչության կողմից իրականացված յուրաքանչյուր տեսչավորման արդյունք ենթակա է հրապարակման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
 

ԳԼՈՒԽ 4

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. Տեսչության կառուցվածքը

1. Տեսչությունը լիազորված մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է:

2. Կրթության պետական տեսչությունը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից եւ կարող է ունենալ տարածքային մարմիններ:

Հոդված 12. Տեսուչների պաշտոնների դասակարգումը

1. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսուչներ են՝

1) Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչ` համաձայն քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, հավասարազոր է քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբին.

2) Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության պետի տեղակալ, ավագ պետական տեսուչ` հավասարազոր է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի առաջին ենթախմբին.

3) Հայաստանի Հանրապետության կրթության ավագ պետական տեսուչ` հավասարազոր է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբին.

4) Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության պետական տեսուչ` հավասարազոր է քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբին.

5) Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության տարածքային մարմինների պետական տեսուչ` հավասարազոր է քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության պետն է:

3. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության կրթության ավագ պետական տեսուչներ են:

4. Սույն հոդվածի 1-ին մասով դասակարգված անձանց պաշտոնները եւ դասային  աստիճանները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնի անձնագրով:

Հոդված 13. Կրթության պետական տեսուչի իրավունքները եւ իրավասությունները

1. Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը`

ա) ղեկավարում է կրթության պետական տեսչության գործունեությունը.

բ) իր իրավասությունների սահմաններում ստուգվող սուբյեկտներին տալիս է կատարման համար պարտադիր հանձնարարականներ.

գ) տեսչության աշխատանքային ծրագրի հիման վրա հաստատում է ստուգումների ժամանակացույցը.

դ) տալիս է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագրեր.

ե) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսուչն իրավունք ունի՝

ա) կրթության մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգվող սուբյեկտների մոտ իրականացնելու ստուգումներ.

բ) ստուգման անցկացման համար իր իրավասության շրջանակներում ստուգվող սուբյեկտներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից կարող է ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ, վերցնել փաստաթղթերի կրկնօրինակներ, այլ անհրաժեշտ նյութեր եւ կազմել համապատասխան ակտ.

գ) անհրաժեշտության դեպքում վերահսկողական աշխատանքներին ներգրավել անկախ փորձագետների եւ մասնագետների.

դ) արձանագրել խախտումները, օրենքով սահմանված կարգով ստուգվող սուբյեկտներին տալ պարտադիր կատարման համար հանձնարարականներ:

3. Կրթության պետական տեսուչն ունի միասնական նմուշի վկայական, ինչպես նաեւ անձնական կնիք իր անվան նշումով եւ կրթության պետական տեսչության համապատասխան տարածքային մարմնի անվանումով:

Հոդված 14. Կրթության պետական տեսուչի պարտականությունները

1. Կրթության պետական տեսուչն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է՝

ա) օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ապահովել կրթության բնագավառի օրենսդրության պահանջների կատարումը.

բ) օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ապահովել ստուգվող սուբյեկտի եւ քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի  պաշտպանումը.

գ) կրթության բնագավառի օրենսդրության եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ.

դ) արձանագրել կրթության բնագավառի օրենսդրության խախտման դեպքերը եւ իր իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք.

ե) պահպանել պաշտոնեական պարտականությունները կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած պետական, ծառայողական եւ առեւտրային գաղտնիքները.

զ) չխոչընդոտել կազմակերպության բնականոն աշխատանքին:

2. Կրթության պետական տեսուչն իր պարտականությունների կատարման ընթացքում առաջնորդվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով:

Հոդված 15. Կրթության պետական տեսուչի պատասխանատվությունը եւ գործողությունների բողոքարկումը

1. Կրթության պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան պատասխանատվություն է կրում իր անօրինական գործունեության կամ անգործության համար:

2. Կրթության պետական տեսուչի որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել կրթության գլխավոր պետական տեսուչին եւ (կամ) դատարան:

3. Կրթության գլխավոր պետական տեսուչի որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել լիազորված մարմնին եւ (կամ) դատական կարգով:

4. Կրթության պետական տեսուչի անօրինական գործողության հետեւանքով կրթական հաստատությանը պատճառած վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 16. Կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության ձեւերը

Կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով` սույն օրենքի եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հ այաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգերին եւ ժամկետներին համապատասխան:

Հոդված 17.   Թեմատիկ ստուգումների իրականացման կարգը

1.  Թեմատիկ ստուգումների համար հիմք է հանդիսանում լիազորված մարմնի ղեկավարի կողմից հաստատված տարեկան աշխատանքային ծրագիրը:

2. Հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի հիման վրա կրթության գլխավոր պետական տեսուչը հաստատում է ստուգումների ժամանակացույցը:

3. Ստուգում իրականացնելու մասին լիազորված մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա եւ հաստատված տարեկան աշխատանքային ծրագրին համապատասխան կրթության գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ տեսչության տարածքային մարմնի ղեկավարը տալիս է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագրեր:

4. Թեմատիկ ստուգումների ընթացքի եւ ժամկետների համար նախատեսված սահմանափակումները չեն տարածվում  թեմատիկ ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ լիազորված մարմնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ստուգման ընթացքի եւ ժամկետի վրա:

Հոդված 18. Ուսումնասիրությունների միջոցով վերահսկողության իրականացման կարգը

1. Ուսումնասիրության ընթացքում կրթության բնագավառի օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ  տեսչության տարածքային մարմնի ղեկավարը պատշաճ ձեւով նախազգուշացնում է համապատասխան ուսումնասիրվող սուբյեկտին կրթության բնագավառի օրենսդրության պահանջի խախտման մասին` նշելով խախտման հետեւանքները վերացնելու միջոցառումները, այդ թվում` դրանց կատարման ժամկետը:

2. Ուսումնասիրվող սուբյեկտը նախազգուշացման հետ կապված միջոցառումների կատարման մասին պարտավոր է պատշաճ ձեւով տեղյակ պահել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնատար անձանց:

3. Նախազգուշացումից հետո ստուգվող սուբյեկտի կողմից սահմանված ժամկետում խախտման հետեւանքները չվերացնելը եւ (կամ) դրա վերաբերյալ պատշաճ ձեւով չտեղեկացնելը հիմք է հանդիսանում նոր ստուգումների իրականացման համար:

Հոդված 19. Կրթության պետական տեսչության ֆինանսատնտեսական գործունեությունը

Կրթության պետական տեսչության ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: