Հոդված 1.
««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 06-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` «Օրենք») 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաները գործում են մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախկինում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:»:
Հոդված 2.
1. Օրենքի 3-րդ հոդվածում «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով:
2. Նույն հոդվածը լրացնել նոր նախադասությամբ.
«Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված լիցենզիաների համար մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը պետական տուրքի գծով լրացուցիչ պարտավորություն չի առաջանում:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքով նախատեսված ժամկետային սահմանափակման հետ կապված ծանուցումներն ապահովում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորող մարմինը` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում 2017 թվականի դեկտեմբերի 06-ի ՀՕ-236 օրենքով փոփոխություններ են կատարվել քաղաքաշինության բնագավառում տրվող լիցենզիաների մասով: Անցումային դրույթներով նախատեսվել է հետեւյալը. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաները շարունակում են մնալ ուժի մեջ մինչեւ «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող ոչ առեւտրային կազմակերպության պետական գրանցման օրվան հաջորդող վեցերորդ ամիսը լրանալը: Նախկինում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի` օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 27-ին, սակայն դրանով նախատեսված ժամկետային սահմանափակման մասին լիազոր մարմինը (Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն) պատշաճ ծանուցումներ չի ապահովել:
Մինչդեռ, նույն 2017 թվականի դեկտեմբերի 06-ին ընդունվել է «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 24-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, ապահովում է քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահանջներին:
Այսպիսով, մի կողմից նախկին օրենքի հիման վրա տրված լիցենզիաներով աշխատող անձիք կատարել են de jure իրավախախտում, քանի որ իրականացրել են լիցենզավորման ենթակա գործունեություն` առանց համապատասխան լիցենզիայի (լիցենզիայի ժամկետն ավարտվել է քննարկման առարկա օրենքով սահմանված ժամկետում` 2018 թվականի նոյեմբերի 16-ին, երբ լրացել է «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող ոչ առեւտրային կազմակերպության պետական գրանցման օրվան (2018 թվականի մայիսի 16) հաջորդող վեցերորդ ամիսը):
Ծանուցված չլինելով` նրանք նաեւ կատարել են համապատասխան վճարներ, շատերը` նախապես, մի քանի ամիս առաջ, որոնք առեւտրային բանկերն ընդունել են` եւս ծանուցված չլինելու պատճառով: Փոխանցված գումարներն այժմ չեն վերադարձվում, ոչ էլ հաշվանցվում են որեւէ այլ նպատակային վճարի համար:
Տեղեկացում չի ապահովվել նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասով:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Մինչդեռ, 2017 թվականի ՀՕ-236 թվակիր օրենքով անժամկետ տրված լիցենզիաների գործողությունը փաստորեն դադարեցվել է, ինչը նշանակում է, որ հետադարձ ուժ է տրվել անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին: Այսինքն, ՀՕ-236 օրենքը հետադարձ ուժի մասով հակասում է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:
Ներկայացված նախագծով առաջարկվող կարգավորմամբ հնարավորություն կտրվի երկարացնել խնդրո առարկա օրենքով սահմանված ժամկետը, ինչն իր հերթին թույլ կտա, որպեսզի`
- նախկին կարգով լիցենզավորված անձանց կողմից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի համար վճարված գումարները ծառայեն իրենց նպատակին,
- ապահովվի նոր կարգավորման ժամկետային սահմանափակման վերաբերյալ պատշաճ ծանուցումը բոլոր պատկան մարմիններին եւ շահագրգիռ կազմակերպություններին,
- ՀՕ-236 օրենքով ուժը կորցրած ճանաչված լիցենզիաների հիման վրա իրականացված լիցենզավորման ենթակա գործունեությունը չի համարվի իրավախախտում,
- նախկին կարգով լիցենզավորված անձիք հնարավորություն եւ բավարար ժամկետ կունենան դիմելու եւ ստանալու նոր արտոնագրեր:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ