Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-040-06.03.2019,27.05.2019-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բռնադատվածների մասին» 1994 թվականի մայիսի 25-ի ՀՕ-106 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ  հոդվածով.

«Հոդված 14. Բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կողմից օրենքով նախատեսված իրավունքների իրականացման եւ արտոնություններից օգտվելու հիմք է համապատասխանաբար բռնադատվածին կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգին տրված վկայականը:

Բռնադատվածի առաջին հերթի ժառանգին վկայական տրվում է այն դեպքում, երբ բռնադատվածը դատապարտված է եղել մահապատժի, մահացել է ազատազրկման ձեւով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո:

Վկայականը տրվում է բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայական տալու մասին դիմումի հիման վրա, որին կցվում են.

ա) արդարացման վերաբերյալ որոշումը կամ բռնադատման փաստը հաստատող այլ փաստաթղթեր.

բ) բռնադատվածի մահվան վկայականը, եթե այն տրվում է նրա առաջին հերթի ժառանգին.

գ) բռնադատվածի առաջին հերթի ժառանգ լինելը հաստատող փաստաթուղթ, եթե այն տրվում է նրա առաջին հերթի ժառանգին.

դ) անձը հաստատող փաստաթուղթ.

ե) լուսանկար՝ 35 x 45 մմ չափսի:

Բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին համապատասխան վկայական տալու կամ վկայական տալը մերժելու մասին որոշումը ընդունում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարը՝ հաշվի առնելով բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) եզրակացությունը, որի կազմում ընդգրկվում են արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարությունների, Դատախազության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության եւ Դատական դեպարտամենտի մեկական ներկայացուցիչ:

Հանձնաժողովի անհատական կազմը, աշխատակարգը, ինչպես նաեւ բռնադատվածին եւ նրա առաջին հերթի ժառանգին տրվող վկայականների ձեւերը եւ վկայականների հաշվառման կարգը հաստատվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարի կողմից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը բռնադատվածներին եւ բռնադատվածների առաջին հերթի ժառանգներին տրված վկայականները պահպանում են իրենց ուժը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգներին բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայականը (այսուհետ՝ վկայական) տրվում է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կողմից, մինչդեռ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով այդ ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է Արդարադատության նախարարությունը:

Բացի այդ, բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժանագին վկայականի տրամադրումը, ըստ էության, վարչարարություն է, որը, Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կարող է իրականացվել բացառապես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից: Այս առումով բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կողմից վկայականի տրամադրումը խնդրահարույց է:

Վերոշարադրյալը վկայում է «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են՝

1) վկայական տալու դեպքերը,

2) վկայական տալու լիազոր մարմինը,

3) վկայական տալու գործընթացը եւ վկայական ստանալու  մասին դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

4) վկայականը տալու համար խորհրդատվական եզրակացություն տվող հանձնաժողովի կազմում ընդգրկված մարմինների շրջանակը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում «Բռնադատվածների մասին» օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի պահանջներին:
 
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
 

Ամփոփաթերթ