Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» (1 նոյեմբերի 1994 թվականի, ՀՕ-121) օրենքում (այսուհետ` Օրենք) «ավտոմեքենաներ» բառը փոխարինել «ավտոտրանսպորտային միջոցներ» բառերով:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել 18-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը:
Հոդված 3. Օրենքը լրացնել 181 հոդվածով` հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 181 . Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների պահպանման կարգը
1. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում են տրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ:
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող չափիչ կետերի միջոցով (այսուհետ` չափիչ կետեր):
2. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձը:
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինող իրավաբանական ու ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողներ) միջոցների հաշվին:
3. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են տարեկան մեկ անգամ, իսկ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցները տարեկան երկու անգամ` ավտոտրանսպորտային միջոցները տեխնիկական զննման ներկայացնելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում:
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների համար սահմանված նորմատիվների համապատասխանության դեպքում ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողներին տրվում է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոն:
Տարվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների մեկից ավելի չափումներ կարող են իրականացվել ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողների հայեցողությամբ:
4. Ավտոտրանսպորտային միջոցների հերթական տեխնիկական զննությունն իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոնի առկայության դեպքում:
5. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Չափիչ կետերում ավտոտրանսպորտային միջոցներից չափման ենթակա աղտոտող նյութերի արտանետումների ցանկը եւ չափման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոնի ձեւը հաստատում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված պետական մարմինը»:
Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանաբար ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում առնվազն մեկ, իսկ Երեւան քաղաքում առնվազն հինգ չափիչ կետերի առկայության դեպքում: