Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-177-05.06.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի (այսուհետ՝ Ծառայություն) քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչեւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումը: Անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո Ծառայության քաղաքացիական ծառայողներն օրենքով սահմանված կարգով  վերանշանակվում են՝ առանց մրցույթի եւ ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, բացառությամբ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների: Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողները կարող են օրենքով սահմանված կարգով վերանշանակվել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում` հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններում: Պաշտոններում չնշանակված քաղաքացիական ծառայողները սահմանված կարգով գրանցվում են կադրերի ռեզերվում?»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Անհրաժեշտությունը.

Նախագծի մշակումը պայմանավորված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործունեությանն առընչվող իրավական կարգավորումների համապատասխանեցմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ  խնդիրները.

«Պետական կառավարման համակարգի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնատար անձինք, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողները, շարունակում են պաշտոնավարել մինչեւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրության, աշխատողների քանակի հաստատումը եւ գործունեությունը կանոնակարգող օրենսդրության վերանայումը, բայց ոչ ավելի, քան մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Չնայած նշված ժամկետը ավարտվել է, սակայն քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել, քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ վերջիններիս ազատումը ժամկետի ավարտման հիմքով:

Բացի այդ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոլորտում անհրաժեշտ է ապահովել պատշաճ վերահսկողություն, այդ թվում՝ անընդմեջ սահմանային:

Հաշվի առնելով սննդամթերքի ոլորտում անվտանգության ապահովման շարունակականության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայողների իրավունքների պաշտպանվածության հարցը՝ վերջիններս շարունակում են պաշտոնավարել, սակայն առկա է գործող իրավական կարգավորումների համապատասխանեցման խնդիր:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել իրավական կարգավորումները՝ ապահովելով  քաղաքացիական ծառայողների պաշտոնավարման շարունակականությունը,  վերջիններիս վերանշանակումները եւ/կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցումը՝ միաժամանակ ապահովելով սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության անխափան եւ բնականոն գործունեությունը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կհամապատասխանեցվեն գործող իրավական կարգավորումները, որի արդյունքում կապահովվի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի շարունակական եւ անխափան գործունեությունը՝ միաժամանակ չխախտելով  քաղաքացիական ծառայողների իրավունքները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 651-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը:
 
 
Հարգանքով`
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ