Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-185-11.06.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք, համարը` ՀՕ-248 ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 209.1 հոդվածով`

«Հոդված 209.1 Տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության առանձնահատկությունները

1. Տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննությունը կարող է կատարվել հետեւյալ դեպքերում.

1) եթե վկան առողջական վիճակի կամ այլ հարգելի պատճառներով չի կարող մասնակցել գործով վարույթին,

2) վարույթին մասնակցող վկայի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով,

3) անչափահաս վկայի հարցաքննության կատարման համար,

4) տարեց կամ զառամյալ վկայի հարցաքննության կատարման համար,

5) նախաքննության արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

2. Տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննությունը կատարվում է քննիչի հանձնարարության հիման վրա, որն ուղարկվում է հարցաքննության ենթակա վկայի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմնին` սույն օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

3. Հանձնարարության հիման վրա վկայի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը կատարում է անհրաժեշտ դատավարական գործողություններ` տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:

4. Տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի հարցաքննության դեպքում`  հաշվի առնելով նաեւ սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները: Հարցաքննությունից առաջ վկայի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը ստուգում եւ հաստատում է վկայի ինքնությունը, իսկ գործով վարույթն իրականացնող քննիչը կատարում է հարցաքննությունը: Հարցաքննության կատարման ընթացքում վկայի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի ներկայությունը պարտադիր է:

 5. Տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության ընթացքը եւ արդյունքները ձայնագրվում եւ (կամ) տեսագրվում են տեխնիկական միջոցներով սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան, իսկ եթե վկան չի առարկում, ապա հաշվի առնելով նաեւ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասով շարադրված առանձնահատկությունները:

6. Տեխնիկական միջոցների կիրառմամբ տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության ընթացքում պետք է ապահովվի պատկերի եւ ձայնի պատշաճ որակը, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգությունը:

7. Տեսակոնֆերանսի միջոցով հարցաքննության արձանագրությունը կազմվում է սույն հոդվածով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն օրենսգրքի 29-րդ եւ 209-րդ հոդվածներով շարադրված առանձնահատկությունները: Հարցաքննության արձանագրությունը կազմում է վկայի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը` նշում կատարելով այդ մասին եւ ստորագրելով:

8. Հարցաքննության արձանագրությունը, վկայի ներկայացրած նյութերը, փաստաբանի արտոնագիրը, եթե վկան հարցաքննության է ներկայացել փաստաբանի հետ, վկայի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինն ուղարկում է գործով վարույթն իրականացնող քննիչին:

9. Գործով վարույթն իրականացնող քննիչը, ստանալով տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության արձանագրությունը` կից նյութերով, եւ ստուգելով դրանք, ստորագրում է հարցաքննության արձանագրությունը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ
ՊԱՐՈՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) եւ

Խնդրում եմ

Ներկայացված Նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման 25-րդ կետի համաձայն` գրությանը կից ներկայացվում են`

Նախագիծը (հիմնական զեկուցող` Նիկոլայ Բաղդասարյան),

Նախագծի ընդունման հիմնավորումը,

Փոփոխվող օրենքի հոդվածների մասին տեղեկանքը:
 

Հարգանքներով`
Նիկոլայ Բաղդասարյան
Արուսյակ Ջուլհակյան

10.06.2019թ.
ք. Երեւան