Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-188-14.06.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «արժեթղթավորման հիմնադրամների» բառերը:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4.  Սնանկության գործերի ենթակայությունը

1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ` դատարան): Սնանկության գործը վարվում է դատավորի կողմից միանձնյա:

2. Վերաբաշխման արդյունքում սնանկության գործն այլ դատավորի հանձնվելու դեպքում սնանկության գործի վարումը շարունակվում է ընդհատման պահից:

 3. Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի եւ իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի եւ պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ՝ պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած եւ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության  վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը,  բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննվում են սնանկության գործը վարող դատավորի կողմից նույն սնանկության գործի շրջանակում՝ որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ՝ առանձին քաղաքացիական գործեր):

4. Առանձին քաղաքացիական գործերը հարուցվում, քննվում եւ լուծվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված կանոնների խախտմամբ դատարանի կողմից վարույթ ընդունված գործերը դատարանն իր որոշմամբ հանձնում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` ընդհանուր իրավասության դատարան) քննությանը:

6. Ընդհանուր իրավասության դատարանից քաղաքացիական գործ ստանալու դեպքում դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Վճռաբեկ դատարանի նախագահը հնգօրյա ժամկետում որոշում է գործի ենթակայությունը: Վճռաբեկ դատարանի նախագահի որոշած դատարանը համարվում է իրավասու դատարան:

7. Սնանկության գործն ավարտելու դեպքում առանձին քաղաքացիական գործերի քննությունը շարունակվում է, եթե առկա չեն այդ գործերի քննությունն ավարտելու հիմքեր:

8. Սնանկության գործը վարող դատավորի` առանձին քաղաքացիական գործով ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում առանձին քաղաքացիական գործը քննվում է դատարանի այլ դատավորի կողմից:»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ կամ 2.1-ին կետերով» բառերով:

Հոդված 5. Օրենքում «դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում «հայց» բառը փոխարինել «դիմում» բառով:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կամավոր սնանկության դիմումը կարող է հետ վերցվել դիմումը դատարան մուտքագրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում: Հարկադրված սնանկության դիմումը կարող է հետ վերցվել դիմումը դատարան մուտքագրվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ դիմումի քննությունը դատական նիստում իրականացվելու դեպքում այն կարող է հետ վերցվել մինչեւ դատաքննության ավարտը:».

2) 4-րդ մասում «գործը» բառը փոխարինել «գործի վարույթը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասեր.

«7. Հարկադրված սնանկության դիմում ներկայացնելիս դիմումին կցվում են դիմումի օրինակը եւ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի պատճենները` պարտապանների թվին համապատասխան: Մինչեւ հարկադրված սնանկության դիմում ներկայացնելը դիմումը եւ կից փաստաթղթերը դիմողի կողմից չեն ուղարկվում պարտապանին:

8. Հարկադրված սնանկության դիմում ներկայացնելիս պարտատերը կարող է միջնորդել դատարանին` պարտապանին սնանկ ճանաչելուց հետո դիմումը դիտարկել նաեւ որպես պահանջ, եթե դիմումը համապատասխանում է նաեւ սույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին: Նման միջնորդություն ներկայացվելու դեպքում ներկայացվում է դիմումի եւ կից փաստաթղթերի եւս մեկ օրինակ: Միջնորդություն ներկայացնելը չի սահմանափակում դիմողի՝ սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջ ներկայացնելու իրավունքը:»:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «սնանկության վտանգի մասին» բառերից առաջ լրացնել «կամավոր սնանկության կամ» բառերը:

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածի`

1) 1-ին մասից հանել «եւ ենթակա է կարճման, եթե նախորդ վարույթի գործով պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ է օրինական ուժի մեջ մտնում» բառերը.

2) 2-րդ մասում 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատարանը սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ:».

3) 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. Դատարանը հարկադրված սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտատիրոջ (մի քանի պարտատերերի դեպքում` բոլոր պարտատերերի), իսկ կամավոր սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտապանի ներկայացրած ժամանակավոր կառավարչի թեկնածուին դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ նշանակում է որպես ժամանակավոր կառավարիչ՝ ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Եթե թեկնածու ներկայացված չէ կամ չի համապատասխանում սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, եւ նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Դատարանի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու սնանկության կառավարչի միջեւ փաստաթղթաշրջանառությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի

1) 1-ին մասի «ա» կետում «անվճարունակ» բառը փոխարինել «սնանկ» բառով.

2) 4-րդ մասում «հայցվորի» բառը փոխարինել «դիմողի» բառով:

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում «հայցվորի» բառը փոխարինել «դիմողի» բառով:

Հոդված 13. Օրենքի 15.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դիմումը վարույթ ընդունելու եւ դատական նիստ հրավիրելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կառավարիչ է նշանակում պարտապանի ներկայացրած թեկնածուին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Ներկայացված կառավարչի թեկնածուի՝ սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, եւ նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված կարգով:»:

Հոդված 14. Օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «կամ առանձին գերատեսչությունների հետ համաձայնեցված կարգով, այդ թվում` էլեկտրոնային հաղորդակցության միջոցների» բառերը փոխարինել «, իսկ առկայության դեպքում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի» բառերով:

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) վերնագրում «եւ հարկադրված սնանկության դիմումների» բառերը փոխարինել «սնանկության դիմումի» բառով.

2) 1-ին մասում «պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել « օրվան հաջորդող եռօրյա ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում» բառերով.

3) 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1)  վերնագրում «պարտատիրոջ (պարտատերերի)» բառերը փոխարինել «հարկադրված սնանկության» բառերով.

2)  1-ին մասում`

ա.  1-ին պարբերությունում «պատճենը» բառը փոխարինել «եւ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները» բառերով.

բ. 3-րդ պարբերությունում «16-րդ օրը» բառերը փոխարինել «մեկշաբաթյա ժամկետում» բառերով.

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-7-րդ մասեր.

«5. Սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի եւ ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

6. Դատական ծախսերի եւ ժամանակավոր կառավարչի (կառավարչի)  վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե՝

 1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.

2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետեւանքով պարտապանը դադարել  է անվճարունակ լինելուց կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են եւ դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.

3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:

7. Սնանկության գործի վարույթը կարճվելու դեպքում ժամանակավոր կառավարչի (կառավարչի) դիմումի հիման վրա ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության մասով կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման:»:

Հոդված 17. Օրենքի 17.1-ին հոդվածում՝

1) վերնագրում «գործն ըստ էության լուծող» բառերը փոխարինել «գործով կայացված» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատարանի` սնանկության գործով կայացված վճիռներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ սնանկության գործն ավարտելու մասին վճռի, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասեր.

«2. Դատարանի՝ սնանկության գործով առանձին ակտի ձեւով կայացված որոշումներն ուժի մեջ են մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու պահից:

3. Դատարանի՝ սնանկության գործով առանձին ակտի ձեւով կայացված դատական ակտերն ուղարկվում են նաեւ համապատասխանաբար ժամանակավոր կառավարչին կամ կառավարչին:»:

Հոդված 18. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կողմերը սնանկության դիմումը հետ վերցնելու համար սահմանված ժամկետում կարող են կնքել հաշտության համաձայնություն: Կողմերի միջնորդությամբ նշված ժամկետը դատարանի որոշմամբ կարող է երկարաձգվել մինչեւ երկշաբաթյա ժամկետով: Եթե դատարանը երկարաձգել է կողմերի միջեւ հաշտության համաձայնություն կնքելու ժամկետը, եւ այդ ժամկետում հաշտության համաձայնություն չի կնքվել, ապա դատարանի սահմանած ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է վճիռ:».:

Հոդված 19. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1)  1-ին մասում՝

ա. «բ» կետի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշմամբ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը եւ վայրը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կայացնելու օրվանից ոչ ուշ, քան 40 օրվա եւ ոչ շուտ, քան 30 օրվա ընթացքում:».

բ. «գ» կետի 1-ին պարբերությունում «թողնելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ գործի վարույթը կարճելու» բառերը, իսկ 2-րդ պարբերությունում «կամ առանձին գերատեսչությունների հետ համաձայնեցված կարգով, այդ թվում` էլեկտրոնային հաղորդակցության միջոցների» բառերը փոխարինել «, իսկ առկայության դեպքում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի» բառերով.

գ. «թ» կետն ուժը կորցրած ճանաչել.

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» կետ.

«ժ) պարտապանին գրավոր պարզաբանում է սույն օրենքով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականության եւ դրա խախտման հետեւանքների մասին` միաժամանակ պարզաբանումը հրապարակելով դատական իշխանության պաշտոնական կայքում:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին վճիռ կայացնելու դեպքում նույն պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով այլ դիմումներով դատարանի վարույթում առկա գործերի վարույթը կարճվում է վճռի բողոքարկման ժամկետը լրանալուց, իսկ վճռի բողոքարկված լինելու դեպքում՝ օրինական ուժի մեջ մնալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:».

3) 5-րդ մասում «պարտատերերը կարող են» բառերը փոխարինել «յուրաքանչյուր պարտատեր կարող է» բառով, իսկ «նյութերին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կառավարչից պահանջելու տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ՝ գույքագրված ակտիվների եւ պարտավորությունների վերաբերյալ» բառերով.

4) 6-րդ մասում «վճիռը» բառը փոխարինել «դատական ակտը» բառերով:

Հոդված 20. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը

1. Դատարանի` սնանկության գործով վճիռները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել վճռի հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն պարտապանը, պարտատերը (պարտատերերը):

3. Սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ սնանկության գործի վարույթը կարճելու մասին դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի նաեւ սնանկության ժամանակավոր կառավարիչը (կառավարիչը)՝ իր վարձատրության մասով:

4. Դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաեւ դատարանի նշանակած կառավարչի գործողությունները, եթե վերաքննիչ դատարանը չի կասեցրել դատական ակտի կատարումը:

5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվելու եւ նոր քննության ուղարկվելու դեպքերում սնանկության վարույթի ընթացքում բոլոր գործողությունները եւ ժամկետները կասեցվում են եւ շարունակվում են պարտապանին սնանկ ճանաչելու պահից: Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվելու եւ փոփոխվելու կամ նոր քննության ուղարկվելու  եւ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում սնանկության գործի քննության ընթացքում մինչ այդ կայացված դատական ակտերը կորցնում են իրենց ուժը:

6. Սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում,  բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: Որոշումների բողոքարկումը չի կասեցնում այդ որոշումներից բխող գործողությունների կատարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի, կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ վերաքննիչ դատարանը իր որոշմամբ կասեցնում է այդ գործողությունների կատարումը, եթե այդ միջնորդությամբ հիմնավորվում է, որ դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետեւանքներ պարտապանի կամ պարտատիրոջ համար:

7. Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, ինչպես նաեւ առանձին պահանջները հաստատելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների կամ դրանց մի մասով: Որոշումը մասնակիորեն բողոքարկվելու դեպքում պահանջների վերջնական ցուցակը, ինչպես նաեւ առանձին պահանջները հաստատելու մասին դատարանի որոշումը չբողոքարկված պահանջների կամ առանձին պահանջի չբողոքարկված մասով մնում է ուժի մեջ:

8. Սնանկության գործի ընթացքում կայացվող որոշման դեմ բերված բողոքը քննվում եւ որոշում է կայացվում միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:

9. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված որոշման դեմ բերված բողոքը վերաքննիչ դատարանը քննում եւ որոշում է կայացնում կոլեգիալ` երեք դատավորի կազմով, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»:

Հոդված 21. Օրենքի 21-րդ հոդվածի՝

1)  1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2)  3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ նախադասություններ.

 «Ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են սնանկության գործի վարույթը կարճվելու եւ սնանկության դիմումը մերժվելու դեպքերում: Ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է սնանկ ճանաչված պարտապանի հաշվին:»:

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «4.  Սնանկության գործի վարույթը կարճվելու, սնանկության դիմումը մերժվելու, ինչպես նաեւ ժամանակավոր կառավարչի՝ կառավարիչ չնշանակվելու դեպքերում ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի՝ վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում՝  «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:»:

Հոդված 22. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Կառավարչի ընտրությունը եւ նշանակումը

1. Կառավարիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես  կառավարիչ հաշվառված  եւ գործունեությունը չկասեցված անձը:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո` մեկշաբաթյա ժամկետում գործին որպես դիմող մասնակցած պարտատերը (եթե պարտատերերը մի քանիսն են, ապա բոլոր պարտատերերը միասին), իսկ կամավոր սնանկության դեպքում՝ պարտապանը, ժամանակավոր կառավարչին տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակելու դեմ կարող են ներկայացնել առարկություններ՝ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքերի առնչությամբ: Առարկություններ ներկայացնելու հետ միաժամանակ համապատասխանաբար պարտատերը կամ պարտապանը կարող է ներկայացնել կառավարչի իր թեկնածուին:

3. Ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով չառարկելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում ժամանակավոր կառավարչին կառավարիչ նշանակելու մասին, եթե նա համապատասխանում է սույն հոդվածով սահմանված պահանջներին:

4. Ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով առարկելու եւ կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ ներկայացվելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում կառավարիչ նշանակելու մասին՝ ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն հոդվածով սահմանված պահանջներին:

5. Ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով առարկելու եւ կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու կամ ներկայացված թեկնածուի՝ սույն հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պահանջագիրն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում հատուկ համակարգչային ծրագրի միջոցով տարածքային սկզբունքով ընտրում է կառավարչի թեկնածուին՝ այդ մասին անհապաղ տեղյակ պահելով կառավարչին, եւ դատարան է ներկայացնում նրա թեկնածությունը: Կառավարչի կողմից սպասարկման որեւէ տարածք ընտրելու դեպքում վերջինս որպես ժամանակավոր կառավարիչ (կառավարիչ) կարող է նշանակվել միայն այդ տարածքում: Կառավարչի ընտրությունը տարածքային սկզբունքով չի կատարվում, եթե տվյալ տարածք սպասարկող կառավարիչ ընտրել հնարավոր չէ:

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից  կառավարչի թեկնածությունը ստանալուց հետո դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում կառավարիչ նշանակելու մասին՝ ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն հոդվածով սահմանված պահանջներին: Թեկնածուի համար սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքեր հայտնաբերվելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, եւ նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում է սույն հոդվածի 6-րդ եւ սույն մասերով սահմանված կարգով:

8. Կառավարիչը կարող է առարկել իր թեկնածությունը դատարան ներկայացնելու դեմ միայն այն դեպքում, երբ նրա գործունեությանը խոչընդոտում են անհաղթահարելի ուժի (ֆորսմաժորային) հանգամանքները կամ առկա են սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքերը: Կառավարչի առարկությունը հիմնավոր համարելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, եւ նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում է սույն հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված կարգով:

9. Կառավարչի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, իսկ նշանակված լինելու դեպքում վաղաժամկետ դադարեցվում են այն կառավարչի լիազորությունները, որը`

1) փոխկապակցված է պարտատերերի կամ պարտապանի հետ.

2) պարտապանի նկատմամբ ունի պահանջ կամ պարտավորություն:

10. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, եւ նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում է սույն հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված կարգով:

11. Դատարանը կառավարիչ նշանակելու դեպքում այդ որոշումն ուղարկում է նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

12. Կառավարչի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

13. Կառավարիչը յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սպասարկման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:»:

Հոդված 23. Օրենքի 23-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Կառավարչի որակավորումը

1.  Որպես կառավարիչ կարող է որակավորվել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով անցել է համապատասխան ուսուցում:

2. Անձը որպես կառավարիչ չի կարող որակավորվել, եթե՝

1) հանրային ծառայող է.

2)  դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, եւ դատվածությունը մարված կամ հանված չէ.

3) դիմելու օրվան նախորդող վերջին հինգ տարիների ընթացքում ճանաչվել է սնանկ.

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

3. Որակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Որակավորումն իրականացվում է որակավորման ստուգման միջոցով, որն անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից խորհրդակցական մարմին հանդիսացող որակավորման հանձնաժողովը:

4. Որակավորման ստուգում անկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է որակավորման ստուգումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

5. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմումը եւ պահանջվող փաստաթղթերը, ներառյալ՝ որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ներկայացվում որակավորման ստուգում անցկացնելու մասին հրապարակված հայտարարության մեջ նշված ժամկետում:

6. Դիմումի մեջ կամ դրան կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում որակավորման ստուգման անցկացման օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ դիմողը տեղեկացվում է այդ մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկելու դրանք:

7. Որակավորման ստուգմանը դիմողի մասնակցության դիմումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մերժվում է, եթե`

 1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) դիմողի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 1-ին մասի պահանջները.

3) դիմողը հայտարարության մեջ նշված ժամկետում կամ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում՝ նույն մասով սահմանված ժամկետում չի ներկայացրել  պահանջվող բոլոր փաստաթղթերը:

8. Որակավորման հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման եւ որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

Հոդված 24.  Օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «ժամկետներում» բառից հետո լրացնել «եւ նվազագույն ծախսերի կատարմամբ՝ առանց սնանկության վարույթին, պարտապանի եւ պարտատիրոջ շահերին վնասելու» բառերով:

Հոդված 25.  Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.

«Հոդված 24.1. Կառավարչի հաշվառումը եւ նրան հաշվառումից հանելը

1. Անձը որպես կառավարիչ հաշվառման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում սնանկության գործով կառավարչի որակավորման վկայականի եւ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը ներառող դիմում, որին կից ներկայացվում են կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը հավաստող փաստաթուղթը, սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովագրական պոլիսի պատճենը եւ հաշվառման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը: Անձը չի կարող հաշվառվել որպես կառավարիչ, եթե լրացել է նրա 63 տարին:

2. Որպես կառավարիչ հաշվառվելիս անձը կարող է նշել այն սպասարկման տարածքը (մարզը, Երեւան քաղաքը) կամ տարածքները, որոնցում ցանկանում է գործունեություն ծավալել, իսկ սպասարկման տարածք չնշելու դեպքում կառավարչի սպասարկման տարածք է համարվում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հաշվառված կառավարիչների ցանկը, կառավարիչների սպասարկման տարածքների վերաբերյալ տեղեկությունները եւ յուրաքանչյուր կառավարչի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պոլիսը հրապարակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

4. Կառավարչի` սահմանված կարգով հաշվառված լինելու պահանջը դատարանի կողմից ստուգվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքի միջոցով:

5. Կառավարիչը հանվում է հաշվառումից իր դիմումի համաձայն, ինչպես նաեւ որակավորումը կասեցվելու կամ դադարեցվելու դեպքերում:

6. Կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշումն ուղարկվում է կառավարչին՝ այն կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

7. Կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

8. Կառավարչին հաշվառելու եւ հաշվառումից հանելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

Հոդված 26. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Կառավարչի գույքային պատասխանատվությունը

1. Կառավարիչը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում պարտապանին եւ պարտատիրոջը իր մեղքով պատճառված վնասի համար:

2. Կառավարիչը պարտավոր է առնվազն նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով ապահովագրական գումարով ապահովագրել սնանկության գործերին մասնակցող անձանց պատճառված վնասի համար իր քաղաքացիական պատասխանատվությունը: Կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր նոր ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում ապահովագրական պոլիսի պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարչի գործունեությունը սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել է:

3. Առաջին ապահովագրության պայմանագիրը կնքվում է որպես կառավարիչ հաշվառման համար դիմում ներկայացնելուց առնվազն 5 օր առաջ, իսկ հաջորդ յուրաքանչյուր նոր պայմանագիրը`  նախորդ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ:

4. Կառավարչի մեղքով վնաս կրած պարտապանը եւ պարտատերը համարվում են ապահովագրական գումարի շահառու:

5. Կառավարչի մեղքով շահառուներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է կառավարչի ապահովագրական գումարից, իսկ դրա անբավարարության դեպքում` կառավարչի գույքից: Եթե ապահովագրական գումարի՝ օրենքով սահմանված չափը բավարար չէ վնաս կրած բոլոր շահառուների` վնասով պայմանավորված պահանջները բավարարելու համար, ապա պահանջների բավարարումն իրականացվում է հետեւյալ կարգով՝

1) առաջին փուլում վնասների հատուցումն իրականացվում է ապահովագրական գումարից` տվյալ գումարը վնաս կրած բոլոր շահառուների միջեւ` իրենց կրած վնասով պայմանավորված պահանջներին համամասնորեն բաշխելու միջոցով,

 2) երկրորդ փուլում վնասների փոխհատուցումն իրականացվում է կառավարչի կողմից` վնաս կրած բոլոր շահառուների միջեւ իրենց կրած վնասով պայմանավորված պահանջի ապահովագրական գումարով չծածկված մասով` իրենց պահանջներին համամասնորեն ապահովագրական հատուցման վճարման օրվանից եռամսյա ժամկետում:»:

Հոդված 27. Օրենքի 26-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի համաձայն` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում ոչ առեւտրային իրավաբանական անձը, որի հիմնադիր են հանդիսանում ոչ պակաս, քան 20 կառավարիչներ: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետք է մշտապես ունենա կառավարիչ հանդիսացող ոչ պակաս, քան 20 անդամներ: Կառավարիչը կարող է լինել միայն մեկ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ:».

2) 3-րդ մասում «դատարան» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն» բառերով եւ դրանց հոլովաձեւերով.

3) 5-րդ մասից հանել «նրանց գործունեության վերահսկողությունը,» բառերը եւ 2-րդ նախադասությունը.

4) 6-րդ մասի՝

ա.  «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) ներկայացնելու եւ պաշտպանելու կառավարիչների շահերը.».

բ. «բ» կետից հանել «՝ իր անդամների որակավորումը,» բառերը, իսկ «ապահովելու» բառից հետո լրացնել «, կառավարչի դիմումով խորհրդատվական պարզաբանում տալու կառավարիչների վարքագծի կանոնների կիրառման վերաբերյալ» բառերը.

գ. «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) օրենքով սահմանված կարգով իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ տույժեր կիրառելու.»:

Հոդված 28. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.

«Հոդված 26.1. Կառավարիչների վերապատրաստումը

1. Կառավարիչների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կազմակերպում եւ իրականացնում է կառավարչի որակավորում ունեցող անձանց ամենամյա պարտադիր վերապատրաստումներ՝ նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տեւողությամբ:

2. Անձը կարող է համարվել  սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր վերապատրաստումներն անցած, եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով նախատեսված դեպքերում մասնակցել է այլ համարժեք դասընթացների, կուրսերի կամ վերապատրաստումների:

3. Ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

Հոդված 29. Օրենքի 27-րդ հոդվածի`

1) 1-ին մասում՝

ա. hանել «, որի չափը որոշվում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովում» բառերը.

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ նախադասություններ.

«Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն անդամավճարի կամ իր անդամներից գանձվող ցանկացած այլ վճարի չափը, եթե միանվագ վճարի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը, իսկ պարբերական վճարի դեպքում՝ ամսական վճարի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը, սահմանում է՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ եւ ներկայացնելով վճարի չափի սահմանումը հիմնավորող համապատասխան հաշվարկներ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մերժում է այն, եթե հիմնավորված չէ առաջարկվող չափով վճարի սահմանումը:».

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.  Կարգապահական հանձնաժողովը սույն օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայության դեպքում կառավարչի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ եւ կիրառում կարգապահական տույժեր: Կարգապահական հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի անդամ, գործադիր տնօրեն կամ վարչության անդամ կամ գործադիր մարմնի աշխատակից:»:

Հոդված 30. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.

«Հոդված 27.1. Կառավարիչների եւ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության վերահսկողությունը

1. Կառավարիչների եւ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի, իրավական այլ ակտերի եւ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

2. Կառավարիչը եւ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրենց գործունեության վերաբերյալ վիճակագրական բնույթի տարեկան հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ մինչեւ հաշվետու  տարվան հաջորդող մարտի 1-ը:

3. Կառավարչի կողմից ներկայացվող վիճակագրական հաշվետվությունը ներառում է տեղեկություններ կառավարչի կողմից վարվող գործերի, դրանց քանակի, այդ թվում՝ ֆինանսական առողջացման դեպքերի, ֆինանսական վերլուծությամբ իր կողմից հայտնաբերված կեղծ եւ կանխամտածված սնանկության հատկանիշների,  իր աշխատավայրի եւ աշխատակիցների վերաբերյալ եւ այլ վիճակագրական տեղեկատվություն:

4. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է տեղեկություններ կազմակերպության կողմից հարուցված կարգապահական վարույթների, անցկացվող վերապատրաստումների, անդամների թվի եւ անդամների տվյալների վերաբերյալ:

5. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունների ձեւերը եւ ներկայացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

Հոդված 31. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.2-րդ հոդվածով.

«Հոդված 27.2. Կառավարչի կարգապահական պատասխանատվությունը

1. Կառավարչի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման հիմքերն են`

1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների ակնհայտ խախտում թույլ տալը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) կառավարիչների մասնագիտական վարքագծի կանոնները խախտելը:

2. Սույն հոդվածի իմաստով՝

1) ակնհայտ է կառավարչի կողմից իր գործունեությունն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որեւէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով.

2) խախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե կառավարիչը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը.

3) խախտումը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե կառավարիչը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեեւ տվյալ իրադրությունում կարող էր եւ պարտավոր էր դա անել:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը:

5. Կառավարչին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը եւ հակառակը:»:

Հոդված 32. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.3-րդ հոդվածով.

«Հոդված 27.3. Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցու մը

1. Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

1)  վարույթ հարուցող անձանց կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտման հայտնաբերումը.

2)  կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիմումը.

3) անձի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը:

2. Անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն:

3. Կարգապահական վարույթը կարող է հարուցվել՝

1) կառավարչի՝ իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների ակնհայտ խախտում թույլ տալու հիմքով՝ ենթադրյալ խախտման մասին վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում: Եթե ենթադրյալ խախտումը հայտնաբերվել է մինչեւ սնանկության գործի ավարտը, ապա սույն կետով նախատեսված եռամսյա ժամկետը հաշվարկվում է սնանկության գործն ավարտվելու պահից.

2) մասնագիտական վարքագծի կանոնները խախտելու հիմքով՝ ենթադրյալ խախտման մասին վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո:

4.  Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ենթադրյալ խախտման, իսկ եթե խախտումը տեղի է ունեցել մինչեւ սնանկության գործի ավարտը՝ սնանկության գործն ավարտվելու պահից անցել է մեկ տարի:

5. Մինչեւ կարգապահական վարույթի ավարտը կառավարիչը, ում նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի ծանոթանալու վարույթի նյութերին, ներկայացնելու բացատրություններ, հարուցելու միջնորդություն լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար:

6.  Հարուցված վարույթի ընթացքում կարգապահական վարույթ հարուցողը կառավարչից պահանջում է կարգապահական վարույթի համար անհրաժեշտ նյութեր, որոնք պետք է տրամադրվեն մեկ շաբաթվա ընթացքում: Կառավարչի միջնորդությամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել եւս մեկ շաբաթով:

7. Կարգապահական վարույթն իրականացվում է երկամսյա ժամկետում:

8. Բացառիկ դեպքերում կարգապահական վարույթի ժամկետը կարգապահական վարույթ հարուցած մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:

9. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում վարույթի հարուցման, ինչպես նաեւ դրա արդյունքների մասին կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:»:

Հոդված 33. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.4-րդ հոդվածով.

«Հոդված 27.4. Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթը բացառող հանգամանքները

1. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը չի հարուցում կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ, իսկ հարուցված վարույթը կարճում է, եթե՝

1)  բացակայում են կարգապահական խախտման հիմքերը եւ հատկանիշները.

2) լրացել են սույն օրենքի 27.3-րդ հոդվածով սահմանված ժամկետները, եթե կառավարիչը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով.

3) կառավարչի որակավորումը դադարեցվել է.

4)    սնանկության գործը դեռեւս ավարտված չէ, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է սույն օրենքի 27.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են.

5) դատարանը սնանկության գործի շրջանակում, անդրադառնալով կարգապահական պատասխանատվության կիրառման հիմք հանդիսացող հանգամանքին, հաստատել է դրա առկայությունը կամ բացակայությունը.

6) առկա է նույն անձի դեմ նույն հիմքով հարուցված կարգապահական վարույթ կամ կարգապահական վարույթ չհարուցելու, կարճելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ սնանկության գործն ավարտված չլինելու պատճառով կարգապահական վարույթ չի հարուցվել կամ հարուցված վարույթը կարճվել է.

7) մինչեւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելը կառավարիչը վերացրել է կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսացած հանգամանքները:

2. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելու հիմքերին վերաբերող համապատասխան նյութերը փոխանցում է կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմնին, եթե գտնում է, որ առկա են այդ մարմնի իրավասությանը վերաբերող հիմքեր:

3. Եթե կարգապահական վարույթ չի հարուցվում կամ կարգապահական վարույթը կարճվում է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, ապա կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելու հիմքերին վերաբերող համապատասխան նյութերը փոխանցում է դատարանին:

4. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցող մարմինն իր պատասխանում նշում է վարույթ չհարուցելու հիմքերը:»:

Հոդված 34. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.5-րդ հոդվածով.

«Հոդված 27.5. Կառավարչի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Սույն օրենքի 27.2-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կառավարչի նկատմամբ կարող է կիրառվել հետեւյալ կարգապահական տույժերից մեկը՝

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) որակավորման դադարեցում:

2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է կիրառել միայն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կարող է կիրառվել երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող կառավարչի կողմից կարգապահական խախտում կատարելու դեպքում:

4. Կառավարչի նկատմամբ նախազգուշացում, նկատողություն եւ խիստ նկատողություն կիրառվելուց հետո համապատասխանաբար 3 ամսվա, 6 ամսվա եւ 1 տարվա ընթացքում կարգապահական պատասխանատվության չենթարկվելու դեպքում կառավարիչը համարվում է կարգապահական տույժ չունեցող:

5. Կառավարչի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս հաշվի են առնվում խախտման հետեւանքները, կառավարչի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը եւ կառավարչին բնութագրող՝ ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

6. Կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն ուղարկվում է կառավարչին՝ այն կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

7. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:»:

Հոդված 35. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից կառավարչին հեռացնելը

1. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը հեռացնում է կառավարչին կազմակերպությունից, եթե կառավարչի նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ որպես կարգապահական տույժի տեսակ կիրառվել է խիստ նկատողություն:

2. Կառավարչին ինքնակարգավորվող կազմակերպությունից հեռացնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո՝ եռօրյա ժամետում ուղարկվում է կառավարչին եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

3. Կառավարչին ինքնակարգավորվող կազմակերպությունից հեռացնելուց հետո կարգապահական տույժ չունենալու դեպքում կառավարիչը կարող է դառնալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ:»:

Հոդված 36. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի`

ա.  «դ» կետում «ներգրավում է» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական ակտով սահմանված չափանիշներին համապատասխանող պարտապանի դեպքում պարտատերերի  ժողովի որոշմամբ պարտավոր է ներգրավել» բառերը, իսկ «վարձատրում է» բառերը փոխարինել «վարձատրել» բառով.

բ. «թ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«թ) Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկում (եթե սնանկության հատուկ հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկերի կողմից սահմանված են տարբեր տոկոսադրույքներ՝ առավել բարձր տոկոսներ վճարող բանկերից մեկում) պարտապանի անունով բացում է սնանկության հատուկ հաշիվ եւ դրան է հաշվեգրում պարտապանի անունով ստացվող բոլոր դրամական միջոցները.».

գ. «ժա.2» կետում «պարտապանի կամ պարտատերերի» բառերից առաջ լրացնել «պատասխանում է պարտապանի կամ պարտատիրոջ դիմումներին եւ հարցումներին դիմումը կամ հարցումը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ, ինչպես նաեւ» բառերը.

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա.3»եւ «ժա.4» կետեր.

«ժա.3) յուրաքանչյուր եռամսյակ մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հաշվետվություն է ներկայացնում դատարանին սնանկության գործով իր կողմից նախորդ ժամանակահատվածում ձեռնարկված գործողությունների եւ սնանկության գործի ընթացքի վերաբերյալ՝ անհրաժեշտության դեպքում կցելով համապատասխան փաստաթղթերը.

ժա.4) պարտատիրոջ պահանջով վերջինիս տրամադրում է տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ՝ գույքագրված ակտիվների եւ պարտավորությունների վերաբերյալ.».

2)  3-րդ մասում «սահմանված» բառը փոխարինել «այլ բան սահմանված չլինելու դեպքում իր» բառերով.

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասեր.

«5. Կառավարիչը սնանկության գործը, այդ թվում՝ պարտատերերի պահանջների գրանցամատյանը, վարում է նաեւ էլեկտրոնային եղանակով՝ ապահովելով սնանկության գործի նյութերի հասանելիությունը պարտապանին, պարտատերերին եւ դատարանին:

6. Սնանկության գործը կառավարչի կողմից վարելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:».

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասեր.

«7. Կառավարիչն իր լիազորություններն իրականացնելիս միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է տեղեկատվություն ձեռք բերել այլ մարմիններից կամ անձանցից:

8. Միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 37. Օրենքի 29.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 29.1. Կառավարչի գործունեության կասեցումը

1. Կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե կառավարիչը`

1) անցել է հանրային ծառայության` հանրային ծառայության մեջ գտնվելու ժամկետով, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.

2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչեւ ծառայության ժամկետի լրանալը.

3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.

4) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ.

6) սահմանված ժամկետում չի կնքել ապահովագրության պայմանագիրը.

7) իր դիմումի համաձայն դուրս է եկել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից եւ մեկամսյա ժամկետում չի դարձել կառավարիչների որեւէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.

8) կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից.

9) որպես անհատ ձեռնարկատեր հանվել է հաշվառումից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ եւ 5-9-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին կառավարիչը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը եւ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը՝ կցելով կասեցման հիմքերը հավաստող համապատասխան փաստաթղթերը:

3. Կառավարչի գործունեությունը կասեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան կառավարչին, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը, ինչպես նաեւ Դատական դեպարտամենտին՝ դատարաններին ծանուցելու համար, եւ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

4. Կառավարչի գործունեությունը կասեցնելու դեպքում կառավարչի որակավորման վկայականի գործողությունը համարվում է կասեցված:

5. Կառավարչի գործունեության կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո կառավարիչը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն իր գործունեությունը վերականգնելու համար՝ կցելով համապատասխան փաստաթղթերը: Կառավարչի գործունեությունը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից՝ դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:»:

Հոդված 38. Օրենքի 29.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 29.2. Կառավարչի որակավորումը դադարեցնելը

1. Կառավարչի որակավորումը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից, եթե`

1)  կառավարիչը դիմել է այդ մասին.

2)  լրացել է կառավարչի 65 տարին, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում՝ նաեւ կառավարչի գործունեությունը շարունակելու համար տրամադրված լրացուցիչ ժամկետը.

3)  կառավարիչը մահացել է, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ մահացած.

4)  օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ մեղադրական դատավճիռը.

5)  կառավարիչը թույլ է տվել կարգապահական խախտում՝ երեք անգամ կարգապահական տույժ ունենալու պարագայում.

6)  երեք ամսվա ընթացքում չի փոխհատուցել կառավարչի պարտականությունների կատարման հետեւանքով պարտատիրոջը կամ պարտապանին պատճառված վնասները.

7)  վերջին մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կարգով դատարանի կողմից առնվազն երեք անգամ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ սույն օրենքով սահմանված իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով.

8)  վերջին մեկ տարվա ընթացքում կառավարիչ ընտրվելու դեպքում առնվազն երեք անգամ սույն օրենքով չնախատեսված հիմքով հրաժարվել է իր պարտականությունները կատարելուց.

9)  սնանկության գործով կառավարչի որակավորումն ստացել է օրենքի պահանջների խախտմամբ.

10) որակավորվելուց հետո երեք տարի անընդմեջ չի հանդիսացել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.

11) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո սահմանված ժամկետում կասեցման հիմքերը չեն վերացել.

12) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո՝  5 տարվա ընթացքում կառավարչին անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը չի վերացվել.

13) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո՝ 3 տարվա ընթացքում սնանկության վարույթը չի ավարտվել.

14) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո՝ 1 տարվա ընթացքում կառավարիչը չի կնքել ապահովագրության պայմանագիր.

15) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 7-8-րդ կետերով նախատեսված հիմքերով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո՝ 1 տարվա ընթացքում կառավարիչը չի դարձել կառավարիչների որեւէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.

16) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո՝ 1 տարվա ընթացքում կառավարիչը չի հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր:

2. Կառավարչի որակավորումը դադարեցվում է՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-16-րդ կետերով նախատեսված դեպքերում` որակավորումը դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից,

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ համապատասխանաբար կառավարչի 65 տարին կամ իր գործունեությունը շարունակելու համար տրամադրված լրացուցիչ ժամկետը լրանալու օրվանից,

3) սույն հոդվածի 1-ին մասի 3-4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխանաբար կառավարչի մահվան կամ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ կառավարչի ներկայացրած դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը թույլատրում է կառավարչին մինչեւ հինգ տարի ժամկետով շարունակել զբաղվել կառավարչի գործունեությամբ, եթե կառավարիչը մասնակցում է դեռեւս չավարտված սնանկության վարույթի: Սույն մասով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի թույլտվությամբ կառավարչի գործունեությունը շարունակելու իրավունք ունեցող անձը նշված թույլտվությունը ստանալուց հետո չի կարող մասնակցել կառավարչի ընտրությանը եւ նշանակվել որպես սնանկության ժամանակավոր կառավարիչ կամ կառավարիչ:

4. Կառավարչի որակավորումը դադարեցնելու դեպքում ուժը կորցրած է ճանաչվում նրան տրամադրված որակավորման վկայականը:

5. Որակավորումը դադարեցված կառավարիչը պարտավոր է տվյալ սնանկության գործով նոր կառավարիչ նշանակվելուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում իր մոտ պահպանվող՝ ընթացիկ սնանկության գործերով փաստաթղթերը հանձնել նոր կառավարչին:

6. Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին որոշումն ուղարկվում է կառավարչին՝ այն կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

7. Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:»:

Հոդված 39. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 30. Կառավարչի վարձատրությունը

1. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ միջոցներից` չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:

2. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում կառավարչի վարձատրության այլ չափ նախատեսված չէ, կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատական ակտով` պարտատերերի պահանջների բավարարման չափի հետեւյալ տոկոսադրույքներով`

1) մինչեւ 25 միլիոն դրամ` 10 տոկոս.

2) 25-50 միլիոն դրամ`  2 500 000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը.

3) 50-100 միլիոն դրամ`  4 500 000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը.

4) 100-500 միլիոն դրամ`  6 000 000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 2 տոկոսը.

5) 500 միլիոն դրամից ավելին`  14 000 000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 1 տոկոսը:

3. Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման չափի հինգից տասը տոկոսի չափով, իսկ ֆինանսական առողջացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու եւ պարտապանի առողջացման դեպքում կառավարչին վճարվում է մինչեւ տասը տոկոսի չափով պարգեւավճար՝ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով:

4. Սնանկության գործով վարույթի տեւողությունը պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելուց պահից մինչեւ վեց ամիս, իսկ ֆիզիկական անձի սնանկության դեպքում՝ սնանկության մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչեւ մեկ տարի տեւելու դեպքում, չհաշված ֆինանսական առողջացման ծրագրի ժամանակահատվածը, կառավարիչը ստանում է պարգեւավճար՝

1) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետով սահմանված բավարարման չափի դեպքում՝ հաշվարկվող վարձատրության 20 տոկոսի չափով.

2) սույն հոդվածի 2-րդ մասի 3-ից 5-րդ կետերով սահմանված բավարարման չափի դեպքում՝ հաշվարկվող վարձատրության 50 տոկոսի չափով:

5. Վարույթի տեւողությունը սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում նախատեսված պարգեւավճարի տոկոսադրույքը յուրաքանչյուր հաջորդ վեց ամսվա համար նվազում է 5 տոկոսի, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նախատեսված պարգեւավճարի տոկոսադրույքը` 10 տոկոսի չափով:

6. Եթե սնանկության գործն ավարտվում է պարտատերերի պահանջների բավարարմամբ, եւ կառավարչի կողմից հավաքվել են պարտատերերի պահանջների չափը գերազանցող ակտիվներ, ապա կառավարիչն ստանում է նաեւ պարգեւավճար հավաքված ակտիվների` պարտատերերի գրանցված պահանջների չափը գերազանցող մասի 5 տոկոսի չափով:

7. Սույն օրենքով սահմանված կարգով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու, սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու, պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու, դրանց կատարման ժամկետը երկարաձգելու, ինչպես նաեւ պահանջներ չներկայացելու դեպքում, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից եւ առկա չէ որեւէ պարտավորության գծով 60 օրից ավելի կետանց,  կառավարչի աշխատած ժամանակաշրջանին համապատասխան վարձատրության տրամադրման եւ վարձատրության չափին վերաբերող հարցերը որոշում է դատարանը` աշխատաժամանակին եւ կատարած աշխատանքին համապատասխան` աշխատանքային օրենսդրության սկզբունքներից ելնելով:

8. Եթե պարտապանը չունի գույք կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, ապա սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:

9. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում նրա վարձատրությունը եւ վարչական ծախսերի փոխհատուցումը կատարվում է, եթե սնանկության վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը հանձնման-ընդունման ակտի հիման վրա հանձնվել են նոր կառավարչին:»:

Հոդված 40. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Բողոքարկողը բողոքը դատարանին ներկայացնելիս ներկայացնում է նաեւ բողոքի պատճենը կառավարչին ուղարկած լինելու փաստը հավաստող ապացույցը: Կառավարիչը բողոքի պատճենը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում կարող է բողոքի կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարանին:  Բողոքն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, դատարանը քննում է այն եւ կայացնում է որոշում՝ բողոքը մերժելու կամ բողոքը լրիվ կամ մասնակի բավարարելու եւ կառավարչի գործողությունը (անգործությունը) լրիվ կամ մասնակի ոչ իրավաչափ ճանաչելու մասին: Դատարանը կայացրած որոշման մասին տեղեկացնում է բողոքարկողին եւ կառավարչին: Դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման բողոքարկողի կամ կառավարչի կողմից:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասեր.

«5. Կառավարչի գործողությունների (անգործության) վիճարկման շրջանակներում չի կարող անդրադարձ կատարվել այդ գործողությունների (անգործության) հետեւանքների վերացմանը:».

6. Կառավարչի գործողությունների (անգործության) հետեւանքների վերացման պահանջը կարող է ներկայացվել շահագրգիռ անձի կողմից` առանձին հայցի շրջանակներում:»:

Հոդված 41. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 32. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը

1. Դատարանն իր նախաձեռնությամբ, պարտատերերի խորհրդի, պարտատերերի ժողովի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները, նրա որակավորումն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է կամ նրա գործունեությունը կասեցվել է, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Կառավարչի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ  կատարելու հիմքով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի մասին որոշում կայացնելուց առաջ դատարանը այդ մասին ծանուցում է կառավարչին` առաջարկելով ծանուցումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում ներկայացնել իր դիրքորոշումը եւ միաժամանակ այդ խախտումները վերացնելու համար որոշմամբ սահմանված ողջամիտ ժամկետ տրամադրելով, եթե հնարավոր է վերացնել այդ խախտումները: Սահմանված ժամկետում կառավարչի կողմից խախտումները վերացվելու եւ դրա վերաբերյալ դատարանին համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում:

3. Դատարանի կողմից կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում համապատասխան որոշումն անհապաղ ուղարկվում է տվյալ կառավարչին, պարտապանին եւ պարտատերերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:»:

Հոդված 42. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ մասերով.

«9. Կառավարչի եւ պարտատերերի համաձայնությամբ ժողովը կարող է անցկացվել նաեւ հեռակա կարգով՝ տեսակապի կամ էլեկտրոնային այլ միջոցների օգտագործմամբ: Նշված դեպքում ժողովի արձանագրությունը եւ դրանց կից ներկայացվող փաստաթղթերը կարող են կազմվել եւ ներկայացվել էլեկտրոնային տարբերակով: Ժողովի մասնակիցների կողմից ստորագրման ենթակա փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային ստորագրության առկայությամբ, իսկ այլ փաստաթղթերը` սկանավորված տարբերակով:

10. Ժողովի անցկացման ժամանակի եւ վայրի վերաբերյալ պատշաճ ծանուցված պարտատիրոջ կողմից, ով կառավարչի կողմից առձեռն կամ փոստի միջոցով ստացել է նաեւ ժողովի օրակարգը, ժողովի անկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ ժողովի մասնակիցների կողմից քննարկման ենթակա բոլոր նյութերը, եւ առկա է պատշաճ ծանուցված լինելու մասին համապատասխան ապացույց, ժողովին անհարգելի պատճառներով չներկայանալու եւ ժողովի անցկացման մասին ծանուցումը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում կառավարչին դիրքորոշում չներկայացնելու դեպքերում ժողովի օրակարգում ներառված բոլոր հարցերի շուրջ համարվում է «կողմ» քվեարկած:»:

Հոդված 43. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետ.

«զ) պարզաբանում սույն օրենքի 33-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված հետեւանքների մասին:»:

Հոդված 44. Օրենքի 39-րդ հոդվածի՝

1)  2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) դադարում է պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաեւ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների եւ տուգանքների հաշվեգրումը.».

2) 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» եւ «է» կետեր.

«զ) սույն օրենքի 40-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում պարտապանի կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ.».

«է) պարտապանի  կողմից իր հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցի կնքման գործընթացի նկատմամբ, եթե սնանկության վարույթի միակ պարտատերը հարկային մարմինն է:»:

Հոդված 45. Օրենքի 39.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասում «մինչեւ պարտատերերի պահանջների ցուցակը դատարանի կողմից հաստատվելը» բառերը փոխարինել «սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ նախադասությամբ.

«Ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը մերժվելու դեպքում դիմումն ընդունվում է որպես սույն օրենքի 46-րդ հոդվածով ներկայացված պահանջ:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Սույն հոդվածով սահմանված իրավունքից օգտվում է նաեւ այն անձը, ում նկատմամբ պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու:»:

Հոդված 46. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 39.3-րդ հոդվածով.

«Հոդված 39.3. Ապահովված իրավունքի առարկայի իրացումը

1. Ապահովված պարտատերը կարող է արտադատական կարգով իրացնել ապահովված իրավունքի առարկան, եթե առկա է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու եւ ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը:

2. Ապահովված իրավունքի առարկան արտադատական կարգով իրացնելու իրավունք ունեցող ապահովված պարտատերը երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկան իրացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, իսկ պարտապանին պատկանող ապահովված իրավունքի առարկան կարող է իրացնել բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով ուղարկելուց անմիջապես հետո: Ապահովված պարտատերը բռնագանձման ծանուցման օրինակներն ուղարկում է նաեւ դատարանին եւ կառավարչին:

3. Ապահովված իրավունքի առարկայի իրացումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ապահովված պարտատերը պատշաճ ձեւով ծանուցում է կառավարչին ապահովված իրավունքի առարկայի իրացման օրվա եւ գնի, ապահովված պարտավորության մարման չափի, ինչպես նաեւ առկայության դեպքում՝ ապահովված իրավունքի առարկայի իրացման արժեքի եւ ապահովված պահանջի տարբերության չափի, իսկ պարտավորությունը լրիվ մարված չլինելու դեպքում` պարտքի մնացորդի մասին:

4. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացման արժեքը ավելի մեծ է ապահովված պարտատիրոջ պահանջից, ապահովված պարտատերը ապահովված իրավունքի առարկան իրացնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում պարտավոր է իրացման արժեքի եւ ապահովված պահանջի տարբերության չափով գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվին, իսկ երրորդ անձ գրավատուին պատկանող ապահովված իրավունքի առարկայի իրացման դեպքում՝ երրորդ անձ գրավատուին:

5.  Սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանի կողմից ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու եւ ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում կայացնելուց հետո արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք չունեցող ապահովված պարտատիրոջ կողմից դատական կարգով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջը քննվում է առանձին քաղաքացիական գործի շրջանակում:»:

Հոդված 47. Օրենքի 40-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) հաշվանցի արդյունքում կխախտվի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությունը եւ համամասնությունը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Մինչեւ պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումը կառավարչի, պարտատիրոջ կամ պարտապանի դիմումով դատարանը կարող է թույլատրել պարտապանին ստանձնելու նոր ֆինանսական պարտավորություններ: Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելուց հետո դատարանը կարող է թույլատրել պարտապանին ստանձնելու նոր ֆինանսական պարտավորություններ պարտատիրոջ (պարտատերերի ժողովի) համաձայնությամբ:»:

Հոդված 48. Օրենքի 42-րդ հոդվածում «կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով» բառերով:

Հոդված  49. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1)  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ նախադասությամբ.

«Ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման հաշվին ապահովված պարտատիրոջ բավարարված պահանջը չի հաշվարկվում կառավարչի վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բավարարման չափի մեջ:»:

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները  բավարարվում են երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների եւ վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող բավարարվել  երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում ապահովված պարտատերը սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում եւ իր պահանջների բավարարումն ստանում է սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:».

3)  6-րդ մասի՝

ա. 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչեւ ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի ընթացիկ արժեքը (գնահատված արժեքը կամ ընթացող աճուրդների մեկնարկային գինը) ավելի է ապահովված պարտատիրոջ պահանջից կամ հավասար է դրան՝ բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի:».

բ. 2-րդ նախադասությունում «ապահովված իրավունքի առարկայի արժեքի նվազած չափով» բառերը փոխարինել «ապահովված պահանջի չափի եւ գույքի արժեքի տարբերության չափով» բառերով.

4)  9-րդ մասում «գրավի» բառերը փոխարինել «ապահովված իրավունքի» բառերով, «գույքի» բառը փոխարինել «ապահովված իրավունքի առարկայի» բառերով,   «գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով» բառերը փոխարինել «ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գնի երեք տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի 10 000-պատիկի չափով» բառերով.

5)  10-րդ մասի՝

ա. 1-ին կետում «փոխանցման հետ կապված» բառերը փոխարինել «իրացման համար հաշվարկված» բառերով.

բ. 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն մասով նախատեսված դեպքում սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցված գումարը կառավարչի վարձատրության համար բավարարման չափի մեջ չի հաշվարկվում:»:

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին, 10.2-րդ եւ 10.3-րդ մասեր.

«10.1. Եթե պարտապանը եւ երրորդ անձ գրավատուն ճանաչվել են սնանկ, ապա սույն հոդվածի 10-րդ մասում նշված գույքի իրացումը կատարվում է պարտապանի սնանկության վարույթում, իսկ եթե գույքը ծանրաբեռնված է տարբեր պարտապանների սնանկության վարույթներով ապահովված պահանջներով, ապա այն իրացվում է սնանկության այն վարույթում, որտեղ այդ գույքով ապահովված իրավունքը առաջնային է: Սնանկության որեւէ վարույթում գույքի իրացվելուց եւ ապահովված պահանջները բավարարելուց հետո պահանջների չափի եւ գույքի իրացման արժեքի տարբերությունը փոխանցվում է երրորդ անձի սնանկության վարույթի հատուկ հաշվին:

10.2. Եթե պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու, ապա կառավարիչը այդ մասին տեղեկանալու օրվանից՝ 5-օրյա ժամկետում ծանուցում է այդ գրավով գրավառուին՝ պարտապանի չմարված պարտավորությունների մասին: Գրավառուի կողմից գրավի առարկան իրացնելու իրավունքից չօգտվելու եւ գրավի առարկան սնանկության վարույթում իրացվելու դեպքում գրավի առարկան համարվում է գրավառուի պարտավորություններով ծանրաբեռնված նույն պայմաններով, ինչ առկա էին մինչեւ այդ առարկայի իրացումը:

10.3. Երրորդ անձ գրավատուն, երաշխավորը կամ երաշխիք տվող անձը համապատասխան պահանջի մասով ունեն պարտապանի համար սահմանված բոլոր իրավունքները եւ պարտականությունները:»:

Հոդված 50. Օրենքի 44-րդ հոդվածում «Գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված» բառերը փոխարինել «Ապահովված իրավունքով չծանրաբեռնված» բառերով:

Հոդված 51. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը «չեն կատարվել» բառերից հետո լրացնել «, ներառյալ` պարտապանի գույքի եւ ակտիվների վրա էականորեն ազդող այն պայմանագրերը, որոնք պարտաապանը ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը» բառերը:

Հոդված 52. Օրենքի 46-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված միջնորդության առկայության եւ պարտատիրոջ կողմից սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով պահանջ ներկայացվելու դեպքում դատարանը դիտարկում է միայն այդ պահանջը:».

3) 2-րդ մասի 2-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ նախադասությամբ.

«Պահանջը ներկայացնելու ժամկետից հետո դրանք հիմնավորող փաստաթղթեր կարող են ներկայացվել, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում նման փաստաթղթի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:».

4)  7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 8-րդ մասում «Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը» բառերը փոխարինել «Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը եւ պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որեւէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում» բառերով.

6) 10-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը եւ ապահովվածությունը:»:

Հոդված 53. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում

1) 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պարտապանի գույքի կազմում ներառվում են պարտապանին պատկանող ցանկացած գույքը, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ կամ այլ գույքային իրավունքներ, ինչպես նաեւ երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները:».

2) 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ապահովված իրավունքի այն առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող), որի վերաբերյալ դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու եւ ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում, չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում ընդգրկվում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:».

Հոդված 54. Օրենքի 49-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 49. Պարտապանի կոմունալ ծառայությունների դիմաց վճարումը եւ պարտապանի համար կենսական ապրանքների եւ ծառայությունների մատուցման պայմանագրերի գործողությունը»

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասեր.

«3. Կառավարչի պահանջով եւ դատարանի որոշմամբ պարտապանի գործունեությունը շարունակելու համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների եւ ծառայությունների մատուցմանն ուղղված պայմանագրերը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով չեն ընդգրկվում սույն օրենքի 15.5-րդ եւ 39-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ներքո եւ դրանցից բխող վճարումները կատարվում են կառավարչի կողմից՝ որպես վարչական ծախսեր:

4. Կառավարիչը պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության մեջ ներառում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող պայմանագրերի մասին տեղեկություններ՝ հիմնավորելով այդ պայմանագրերի՝ պարտապանի համար կենսական նշանակություն ունենալու հանգամանքը եւ պայմանագրերի օրինակների հետ միասին ներկայացնում է դատարանի հաստատմանը: Դատարանը իր որոշմամբ կարող է հաստատել յուրաքանչյուր պայմանագրի՝ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանությունը: Դատարանի որոշումը հիմք է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի գործողությունը շարունակելու համար:»:

Հոդված 55. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասում 4-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 56. Օրենքի 54-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 54. Երրորդ անձանց կատարված փոխանցումները եւ գույքի օտարումը, երրորդ անձանց կողմից կատարվող վճարումները».

2) 1-ին մասում՝

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կառավարիչը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո վեց ամսվա ընթացքում դիմում է դատարան դատական կարգով հետ ստանալու՝».

բ. «բ» կետում «փոխանցումները» բառից հետո լրացնել «(այդ թվում` ոչ դրամային)» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Կառավարիչը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջով դիմում է դատարան, եթե առկա չէ կոնկրետ պահանջով դատարան դիմելուց ձեռնպահ մնալու մասին պարտատերերի ժողովի որոշումը: Նման որոշում կարող է կայացվել, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջով դատարան դիմելու արդյունքում կառավարչի կողմից կատարվելիք ծախսերը ողջամտորեն կարող են գերազանցել հետ ստացվող փոխանցման արժեքը (գինը):».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Պարտապանի պարտավորությունների մարմանն ուղղված վճարումները կարող են կատարել նաեւ երրորդ անձինք, բացառությամբ պարտապանի պարտապանների: Երրորդ անձանց կողմից կատարված վճարումներից կառավարիչը վարձատրվում է այդ գումարների երկու տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի 5000-պատիկի չափով:»:

Հոդված 57. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 54.1-ին հոդվածով.

«Հոդված 54.1. Պարտապանի գույքի հայտարարագրումը

1.Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից 20 օրվա ընթացքում պարտապանը պարտավոր է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքի, կազմի, քանակի եւ գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնել կառավարչին: Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաեւ իր դեբիտորական պարտավորությունների, դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի եւ գույքային իրավունքների, ինչպես նաեւ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքների մասին:

2.Պարտապանի կողմից ներկայացվող՝ գույքի եւ գույքային իրավունքների կազմի,  քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Գույքի եւ գույքային իրավունքների կազմի,  քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագրի ձեւը եւ ներկայացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

Հոդված 58. Օրենքի 56-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 56. Պարտապանի գույքի գույքագրումը

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Գույքի մեծ ծավալների կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել գույքագրման ժամկետը ողջամիտ ժամկետով: Կառավարչի պահանջով պարտապանը (պարտապանի ներկայացուցիչը) պարտավոր է ներկա լինել եւ աջակցել գույքագրմանը:

2. Գույքագրումը պետք է ընդգրկի պարտապանին պատկանող ամբողջ գույքը, ներառյալ` երրորդ անձանց համար կատարված, սակայն չվճարված աշխատանքները եւ ծառայությունները, ինչպես նաեւ պարտապանի տիրապետման ներքո գտնվող իրերը: Վերջիններս չեն կարող օտարվել մինչեւ դրանց սեփականության իրավունքի հարցի պարզումը: Գույքագրման փաստաթղթերում նշվում է գույքագրման պահին գույքի հաշվեկշռային արժեքը (հայտնի լինելու դեպքում):

3. Պարտապանի գույքի գույքագրման ժամանակի եւ վայրի մասին կառավարիչը ծանուցում է պահանջներ ներկայացրած` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին, բացառությամբ այն պարտատերերի, որոնց դիմումով դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու եւ ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին որոշում: Ծանուցված պարտատերերը կարող են ներկա գտնվել գույքագրման աշխատանքներին, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ գույքագրումն իրականացնելու համար:

4. Պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել կառավարչին գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն՝ նշելով համասեփականատերերի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաեւ համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր:

5. Գույքագրման նպատակով կառավարիչն իրավունք ունի մուտք գործելու պարտապանին պատկանող բնակարան կամ այլ անշարժ գույք պարտապանի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի որոշմամբ: Այլ անձանց պատկանող բնակարան կամ այլ անշարժ գույք կառավարիչը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ այլ անշարժ գույքի սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի որոշմամբ:

6. Պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում կառավարիչը անհրաժեշտության դեպքում կարող է հարցումներ իրականացնել անշարժ գույքի պետական ռեգիստր, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային եւ մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն եւՍոցիալական ապահովության ծառայություն: Պետական մարմինները պարտավոր են կառավարչի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:

7. Գույքագրման արդյունքներն ամփոփվում են գույքագրման ակտում, որն ստորագրում են կառավարիչը եւ գույքագրմանը մասնակցած այլ անձինք: Պարտապանի (պարտապանի ներկայացուցչի) ստորագրությունը վկայում է, որ նա ներկա է եղել գույքագրմանը եւ երաշխավորում է, որ պարտապանին պատկանող ամբողջ գույքը գույքագրվել է: Գույքագրման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում պարտապանը (պարտապանի ներկայացուցիչը) ստորագրում է գույքագրման ակտը` կցելով դրան իր գրավոր առարկությունը: Գույքագրման ակտը ստորագրելուց խուսափելու դեպքում կառավարիչն այդ մասին նշում է կատարում գույքագրման ակտում:

8.Գույքագրման ակտի կազմումից հետո պարտապանին պատկանող գույք հայտնաբերվելու դեպքում կառավարիչը համապատասխան փոփոխություններ է կատարում գույքագրման ակտում:»:

Հոդված 59. Օրենքի 58-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 58. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը

1. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը: Պարտապանի գործունեությունը բազմաբնույթ լինելու եւ մեծ ծավալներ ունենալու կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական վիճակի վերլուծության ներկայացման ժամկետը ողջամիտ ժամկետով:

2. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը, ի թիվս այլնի, պետք է պարունակի`

1) տեղեկություններ`

ա. սնանկության պատճառների մասին,

բ. դատական ծախսերի փոխհատուցման եւ կառավարչի վարձատրության համար պարտապանի միջոցների բավարար լինելու մասին,

գ. պարտապանի վճարունակության վերականգնման հնարավորությունների մասին,

դ. պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքագրման հնարավորության մասին,

ե. սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի մասին,

զ. սույն օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված գործարքների մասին,

է. կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության, ինչպես նաեւ սնանկության վարույթը ֆինանսական առողջացմամբ ավարտելու հնարավորության մասին:

3. Կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կառավարիչը պարտավոր է անհապաղ հաղորդում ներկայացնել քրեական հետապնդման մարմիններին:

4. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

5. Յուրաքանչյուր պարտատեր իրավունք ունի սնանկության վարույթի ընթացքում ցանկացած պահի ծանոթանալու պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությանը:»:

Հոդված 60. Օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հաստատված պահանջներով պարտատերերը, բացառությամբ ապահովված պահանջներով պարտատերերի եւ սույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետով նախատեսված պահանջներով պարտատերերի: Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքային բյուջեների նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերը ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը կարող են մասնակցել եւ կողմ քվեարկել, եթե այդ մասին առկա է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքի ավագանու որոշումը:»:

Հոդված 61. Օրենքի 75-րդ հոդվածում՝

 1)1.1-ին մասում «անհնարինության» բառից հետո լրացնել «(չկայացման)» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Եթե սույն օրենքի 39.1-ին հոդվածով սահմանված կարգով ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու եւ պահանջի չափը հաստատելու մասին որոշման առկայության դեպքում ապահովված պարտատերը դեռեւս չի սկսել ապահովված իրավունքի առարկայի իրացման, այդ թվում` դատական բռնագանձման գործընթաց, իսկ պարտապանը չունի գույք եւ առկա են դեռեւս չբավարարված պահանջներ, ապա կառավարիչը վերջին գույքի իրացումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում դիմում է դատարան՝ ապահովված իրավունքի առարկան վաճառելու միջնորդությամբ:»:

Հոդված 62. Օրենքի 76-րդ հոդվածում՝

1)  8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացվում է հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մաս.

«9. Սնանկության գործով հրապարակային սակարկությունների համար նախատեսված կայքում հրապարակվում է հրապարակային սակարկություններով վաճառքի ենթակա ողջ գույքի ցանկը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մաս.

«10. Եթե աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացվել է գույք կամ գույքը օրենքով սահմանված կարգով հանձնվել է պարտատիրոջը, ապա գույքի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը եւ գույքի առուվաճառքի պայմանագիրը հիմք է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:»:

Հոդված 63. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 77.1-ին հոդվածով.

«Հոդված 77.1. Կառավարչի կողմից վտարման պահանջ ներկայացնելը

1. Պարտապանին պատկանող գույքը, ինչպես նաեւ երրորդ անձանց պատկանող՝ ապահովված իրավունքի առարկան վաճառելու թույլտվության միջնորդության մեջ կառավարիչը ներառում է պահանջ՝ վտարելու անշարժ գույքը զբաղեցնող սեփականատիրոջը, ինչպես նաեւ այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ միջնորդությանը կցելով վտարման պահանջը հիմնավորող, ինչպես նաեւ միջնորդության պատճենը այդ անձանց ուղարկելու մասին ապացույցներ: Միջնորդության պատճենը ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում այդ անձինք կարող են միջնորդության կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարանին:  Կառավարչի պահանջը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու՝ վաճառքի թույլտվության հարցի լուծման որոշմամբ: Միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման:

2. Կառավարիչը միջնորդությամբ կարող է դիմել դատարան նաեւ իրացված անշարժ գույքը առանց օրինական հիմքերի տիրապետող անձանց վտարելու պահանջով՝ միջնորդությանը կցելով վտարման պահանջը հիմնավորող, ինչպես նաեւ միջնորդության պատճենը այդ անձանց ուղարկելու մասին ապացույցներ: Միջնորդության պատճենը ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում այդ անձինք կարող են միջնորդության կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարանին: Կառավարչի պահանջը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու: Միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման:»:

Հոդված 64. Օրենքի 82-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետում «կառավարչի» բառից հետո լրացնել «(ժամանակավոր կառավարչի)» բառերը.

2) «ե» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1» կետ.

«ե.1) չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանի կողմից սույն օրենքի 40-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում ստանձնած պարտավորությունների նկատմամբ.»:

Հոդված 65. Օրենքի 87-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. Սնանկության վերաբերյալ գործը չի կարող ավարտվել, եթե առկա է դեռեւս չիրացված ապահովված իրավունքի առարկա:»:

Հոդված 66. Օրենքի 89-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 67. Օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել պարտատերերից անկախ պատճառներով՝ հարգելի ճանաչված դեպքերում:»:

Հոդված 68. Օրենքի 95-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածը չի տարածվում պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների նկատմամբ:»:

Հոդված 69. Օրենքի 96-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Եթե հարկադիր կատարման օրենսդրության իմաստով՝ պարտապանի միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին եւ ենթակա չէ բռնագանձման:»:

Հոդված 70. Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «գույք» բառից հետո լրացնել «կամ պարտապանի գույքի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել» բառերով:

Հոդված 71. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն հոդվածի 2-4-րդ մասերում նախատեսված դրույթների:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերը, 13-րդ, 14-րդ, 22-րդ հոդվածները, 19-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը,  25-րդ եւ 26-րդ հոդվածները, 36-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերը, 62-րդ հոդվածի  1-ին եւ 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

3. Սույն օրենքի 23-րդ, 28-րդ հոդվածները եւ 36-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի 57-րդ եւ 59-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից երեք ամիս հետո:

5.  Սույն օրենքի 7-րդ, 15-րդ, 18-րդ հոդվածներով, 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով, 45-րդ, 46-րդ հոդվածներով, 46-րդ հոդվածի 6-րդ կետով, 55-րդ, 57-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ եւ 63-րդ հոդվածներով սահմանված դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցվելիք սնանկության գործերի նկատմամբ:

6.  Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը տարածվում է այն սնանկության գործերի նկատմամբ, որոնցում դեռեւս չի տարածվել սնանկության մասին հայտարարություն:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում դատարանի որոշմամբ ընդհատվում է պարտապանի միակ բնակարանի իրացումը,  եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարից ցածր գնով:

8.  Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը երեք ամսվա ընթացքում սահմանված անդամավճարների եւ այլ վճարների չափերը համապատասխանեցնում է սույն օրենքի պահանջներին:

9. Մինչեւ 2020 թվականի մայիսի 1-ը կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում բոլոր կառավարիչների ցուցակը, իսկ կառավարիչները նույն ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ներկայացնում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պոլիսը:

10. Սույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կառավարիչների հաշվառումն իրականացնում է մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը:

11. Սույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ որպես կառավարիչ հաշվառվելու համար  պետական տուրքի վճարում չի կատարվում:

12. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում հարուցված՝ սույն օրենքի 3-րդ հոդվածին համապատասխանող գործերը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում փոխանցվում են սնանկության դատարանին:

13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության դատարանների գործավարության կանոնները  համապատասխանեցվում են սույն օրենքի 3-րդ հոդվածին:

14. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝

1) պարտատերերի պահանջների գրանցամատյանի վավերապայմանները եւ վարման կարգը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում.

2) կառավարչին հաշվառելու եւ հաշվառումից հանելու կարգը սահմանում է մինչեւ 2020 թվականի մայիսի 1-ը.

3) սույն հոդվածի 2-4-րդ մասերում նախատեսված նորմերից բխող մյուս ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունում է համապատասխանաբար մինչեւ այդ դրույթների ուժի մեջ մտնելը

4) մինչեւ համապատասխան կայքի միջոցով գույքի վաճառքի իրականացման կարգը սահմանելը սահմանում է պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

15. Միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

30 մայիսի 2019 թվականի  N  655 - Ա
 
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. հունիսի 5
         Երեւան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 655 - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը:
 

Հարգանքով`  ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ