Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-189-14.06.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասում «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեն» բառերով.

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասերով.

«7. Դիմողի ներկայացրած գրանցման վկայականում գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրվում է նոր գրանցման վկայական:»:

8. Մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը գրանցված իրավունքի սուբյեկտի կամ նրա կողմից լիազորված անձի, իսկ սուբյեկտի մահվան դեպքում՝ նոտարի պահանջով փոխարինվում է նոր գրանցման վկայականով` պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով, եթե նույնիսկ չի առաջանում սույն հոդվածի 7-րդ մասում նշված գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտության:»:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների արդյունքում կազմված ավարտական փաստաթղթերը կազմվում եւ հաստատվում են էլեկտրոնային համակարգի միջոցով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ եւ 1.3-րդ մասերով.

«1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթում զետեղվում է կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվող փաստաթղթի համարը եւ փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառը:

1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթերի իսկությունը, իսկ գրանցման վկայականների դեպքում՝ նաեւ դրանց վավերականությունը ստուգվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ սույն հոդվածի 1.2-րդ մասում ամրագրված՝ փաստաթղթի համարի եւ փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառի մուտքագրմամբ:»:

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման հիմքով տրամադրվում է նոր գրանցման վկայական` ուղղման վերաբերյալ նշումով:»:

Հոդված 5. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի կնիքով» բառերը փոխարինել «պայմանագրի կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչող անձի ստորագրությամբ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 73-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 8-րդ կետից հանել «եւ նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու» բառերը.

2) 1-ին մասի 14-րդ եւ 14.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 74-րդ հոդվածում՝

1) 4-րդ եւ 5-րդ մասերից հանել «, կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում» բառերը.

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:».

3) 7-րդ մասում «կատարվում է» բառերից հետո լրացնել «, եւ դրա հիմքով նոր գրանցման վկայականը կամ տեղեկատվությունը տրամադրվում է» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգում բարեփոխումները կրում են շարունակական բնույթ եւ կոմիտեն հանձն է առել իրականացնելու նոր համակարգային բարեփոխումներ, որի իրականացման միջոցառումները նախատեսվել են ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով, այն է ինտեգրված (միասնական) կադաստրի ստեղծում, առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ստեղծում եւ որպես դրա բաղադրիչ՝ կնիքի պահանջի վերացում:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ օրենսդրությամբ պետական կառավարման տարբեր մարմինների տրվել են իրենց գործունեության ոլորտներին վերաբերող կադաստրների վարման առանձին գործառույթներ՝ անշարժ գույքի կադաստրի վարման մասով՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին, հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը) վարելու մասով՝ ՀՀ մշակույթի նախարարությանը, ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման մասով՝ ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ այլն: Նշված մարմինները գործում են միմյանցից անկախ, տարբեր գործառույթներով, տեղեկատվության հավաքագրման եւ կառավարման տարբեր մեթոդներով եւ այլն ու երբեմն անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակելու համար առաջանում են որոշակի խնդիրներ՝ բարդացնելով կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությունն ապահովելու գործընթացը:

Բացի այդ, ներկայումս օրենսդրությամբ հնարավորություն է տրված, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրման դիմումներ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով, առանց սպասարկման գրասենյակ անձամբ այցելելու, որի դեպքում մինչեւ դիմում ներկայացնելը դիմողները պետք է գրանցվեն կոմիտեի պաշտոնական կայքէջում (www.e-cadastre.am): Պատասխանը դիմողը կարող է դիտել կոմիտեի պաշտոնական կայքէջում, ներբեռնել այն, իսկ որպես պաշտոնական փաստաթուղթ պատասխանը կոմիտեի համապատասխան կնիքով հաստատված ձեւով պետք է ստանա սպասարկման գրասենյակ այցելելու միջոցով:

Նշված քայլերը ոչ միայն բարդացնում, այլեւ երկարացնում են ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացը եւ՛ ժամանակի առումով, եւ՛ քայլերի առումով, իսկ նշված հանգամանքն էլ  իր հերթին բացասական է ազդում ?Գործարարությամբ զբաղվելը? զեկույցի շրջանակներում Հայաստանի դիրքի բարելավման վրա:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծման եւ ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաեւ առանձին ճյուղային կառավարման խնդիրների լուծման ընթացքում կառավարման մարմիններին տարաբնույթ, սակայն համակարգված տարածական տեղեկատվություն տրամադրելը, որը հնարավորություն կտա իրականացնել իրավիճակի համալիր եւ համաժամանակյա վերլուծություն: Ակնհայտ է, որ ոլորտային կադաստրների իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունումը առավել արդյունավետ կարող է լինել՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձեւերին տրամադրվող ժամանակը, ապահովելով ֆինանսական միջոցների եւ աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ տեխնիկական միջոցների ներդրման արագություն եւ արդյունավետություն:

Կնիքի պահանջի վերացման նպատակն է առանց կադաստր այցելելու առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր (վկայական, տեղեկանք եւ այլն), որի արդյունքում կկրճատվի եւ կդյուրացվի ավարտական փաստաթուղթ ստանալու քայլերը, ինչպես նաեւ կկրճատվի ժամանակը, էլ ավելի կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Ներկայացվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում ակնկալվում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անվան համապատասխանեցում ներդրվող համակարգի բովանդակությանը, ինչպես նաեւ կնիքի պահանջի վերացմամբ էականորեն կպարզեցվեն դիմողների համար տեղեկատվության ձեռքբերման ընթացակարգերը, հնարավորություն կտրվի առանց կադաստր վարող մարմին անձամբ այցելելու ներկայացնել իրավունքների պետական գրանցման, կամ տեղեկատվության ստացման դիմում եւ առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր, որոնք առանց կնիքի առկայության կունենան նույն իրավական ուժը: Կկրճատվեն տեղեկատվության տրամադրման ժամկետները, կավելանա տրամադրվող տեղեկատվության քանակը, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:

Նախագծում առաջարկվում է նաեւ հանել իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման համար սահմանված վճարը, ինչպես նաեւ տրվում են մի շարք տեխնիկական բնույթի խնդիրներ առաջացնող հարցերի լուծումներ:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ  ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽUԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կառավարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախuերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

30  մայիսի 2019 թվականի  N  693 - Ա

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ  ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ  «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳԻ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի  Հանրապետության  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հունիսի 6
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 693-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 693-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Հարգանքով`  ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ