Հոդված 1.
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Պետական կառավարման մարմնի ղեկավարը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈւՄ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ, «ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆՈւՄ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանմամբ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարին (ազգային անվտանգության ծառայության տնօրենին) պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոստիկանության պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Հանրապետության նախագահը:
Ընդ որում՝ վերոնշյալ երկու օրենքներով սահմանվում է, որ՝
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչեւ նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչեւ նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
Փաստորեն այս կարեւոր ուժային կառույցների ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է:
Մեր կողմից առաջարկվում է ոստիկանության պետի եւ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների եւ ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում: Եվ քանի որ այդ պաշտոններն իրենց փաստացի բնույթով համեմատական են նախարարի պաշտոնին, առաջարկվում է նրանց համար եւս կիրառել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի սահմանումը, որի համաձայն՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները1 :
Այսպիսով, առաջարկվում է՝
1. ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն եւ
2. այդ պաշտոններում նշանակվող անձանց համար եւս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
-------------------------------------------------------------------------------
1
Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՈՐՈՇՈւՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈւՄ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ, «ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆՈւՄ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի հունիսի 12-ի նիստում
Ո Ր Ո Շ Ե Ց
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
126 Է. Մարուքյան
122 Ս. Գրիգորյան
123 Ս. Ալեքսանյան
115 Ա. Բաբաջանյան
124 Գ. Բաղդասարյան
116 Ա. Խաչատրյան
127 Մ. Թանդիլյան
117 Ա. Սամսոնյան
128 Է. Անդրեասյան
118 Հ. Բաբայան
129 Ռ. Ստեփանյան
119 Ա. Եղիազարյան
130 Տ. Սիմոնյան
120 Ա. Կոստանյան
131 Հ. Այվազյան
121 Կ. Սիմոնյան
132 Ս. Մինասյան
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Փաթեթին կից ներկայացվում են՝
- խմբակցության որոշումն օրենքների նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու մասին,
- դրա ընդունման հիմնավորումը,
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքների համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները:
Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցողն է Էդմոն Մարուքյանը:
Խնդրում ենք նախագծերի ներկայացված փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ ___ թերթ:
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ