Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-106-15.04.2019,14.06.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի`

1. 2-րդ մասը շարադրել նոր բովանդակությամբ.

2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում եւ (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի՝ հետեւյալ դրույքաչափերով՝

1) առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի եւ շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչեւ հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայաններ, օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի եւ շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ քսանից մինչեւ հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ.

3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաեւ առողջապահության համար նախատեսված շենքերի եւ շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ տասնհինգից մինչեւ քսան Հայաստանի Հանրապետության դրամ.

4) գիտական, կրթական եւ ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի եւ շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ երեքից մինչեւ տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ութ Հայաստանի Հանրապետության դրամ.

5) արտադրական՝ արդյունաբերական եւ գյուղատնտեսական նշանակության շենքերի եւ շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղ)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչեւ տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.

6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում՝ հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով.

7) շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որեւէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որեւէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից դրա մասին տեղեկացվում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացվելու դեպքում՝ հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով:

2. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

2.1. Շենքերից եւ շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչեւ հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ:

2.2. Շենքերից եւ շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որեւէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից եւ շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որեւէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից դրա մասին տեղեկացվում է համայնքի ղեկավարին:

3. 3-րդ մասի՝ «աղբի համար» բառերից հետո լրացնել՝ «,ինչպես նաեւ ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ից 5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում» բառերը:»:

4. 3-րդ մասը լրացնել նոր՝ 3-րդ կետով.

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի եւ (կամ) շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց՝ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:

5.Հոդվածը լրացնել նոր 3.1.-րդ մասով՝

«3.1.Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված շենքերի, շինությունների եւ տարածքների մասով աղբի հեռացման հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող եւ ստացող կողմերի միջեւ կնքված պայմանագրով»:

6. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում լրացումների եւ եւ փոփոխությունների կատարումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների համակարգված եւ արդյունավետ իրականացման եւ ոլորտի գործառույթների պետական կանոնակարգման անհրաժեշտությամբ:

2.Առաջարկվող կարգավորուման բնույթը.

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքով առաջարկվող փոփոխությունների պատճառներն են.

1. առկա չեն հստակ օրենսդրական կարգավորումներ, թե որքան աղբահանության վճարներ պետք է վճարվի մի շարք շենքերի եւ շինությունների համար, օրինակ՝ օդանավակայանների, երկաթուղային կայարանների, ավտոկայանների, ավտոկայանատեղիների, ինչպես նաեւ առողջապահության համար նախատեսված նշանակության շենքերի եւ շինությունների աղբահանության:

2. Գործող օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանվում է. «շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով»: Օրենքը այս տեսքով թողնելը ոչ մրցակցային եւ անարդար պայմաններ է ստեղծում այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք նույն տարածքում մի քանի տնտեսական գործունեություն են ծավալում, ինչի հետեւանքով տնտեսվարող սուբյեկտները ըստ ամենայնի ոչ թե կվճարեն սահմանված բարձր վարձավճարները, այլ պարզապես կտարանջատեն իրենց բիզնես միավորները՝ ըստ առանձին տնտեսական գործունեության, ինչը նույնպես խնդիր է բիզնեսի համար, քանի որ առաջացնում է լրացուցիչ ֆինանսական բեռ եւ վարչարարություն, այսինքն՝ գործող կարգավորմամբ համայքային բյուջեները չեն ունենա նոր մուտքեր:

3. Օրենքը չի կարգավորվում, թե որքան պետք է լինի աղբահանության վճարը այն շենքերի, շինությունների եւ տարածքների համար, որտեղ տնտեսական գործունեությունը մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, ինչպես նաեւ շենքերից եւ շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների, ավտոկայանատեղերի մասով, այս մասով առաջարվում է առհասարակ չսահմանել աղբահանության վճար, եթե տնտեսվարող սուբյեկը ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա օրենսդրական կարգավորմամբ համայքները չեն կարող որեւէ կերպ ներազդել տնտեսվարող սուբյեկտների վրա, որպեսզի նրանք կնքեն աղբահանության պայմանագրեր, սույն կարգավորմամբ այս խնդիրը ամբողջապես լուծվում է:

Առաջարկվող կարգավորումը

Առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել աղբահանության վճարի հաշվարկումն ըստ առանձին տնտեսական գործունեության տեսակի համար սահմանված դրույքաչափի, բացի այդ հստակեցվում եւ լրացվում են տնտեսական գործունեության տեսակները, ինչպես նաեւ դրվում են հստակ վարչական մեխանիզմներ, որոնք ապահովելու են աղբահանության պայմանագրերի կնքումը:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել փոքր եւ միջին բիզնեսի ընկած ֆինանսական բեռը, որը նրանք կարող են ուղղել տնտեսական նոր արդյունքի ստեղծմանը, կշարունակենք պահպանել արտադրական գործունեություն ծավալող ընկերություններին պետական աջակցության քաղաքականությունը, տնտեսական գործունեության տեսակների հստակեցումը թույլ կտա խուսափել օրենքի տարաբնույթ մեկնաբանման հնարավորությունից եւ կոռուպցիոն ռիսկերից, ինչպես նաեւ կլինեն հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները կարողանան լավագույն կերպով իրականացնել աղբահանության գործընթացը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ